ՀԱԿ-ի համամասնական ցուցակն էլ վերջնական տեսքի կբերի Լեւոն Տեր-Պետրոսյանը
Հ. ԱՖՅԱՆ
ՀԱԿ-ի մաս կազմող ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանի եւ առհասարակՙ ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանի խոսքերովՙ հենց այսպես է. խորհրդարանական առաջիկա ընտրությունների օրը` մայիսի 6-ը, ՀԱԿ-ի համար նախագահական ընտրությունների օրն է: «Մեզ մանդատ պետք չէ, մեզ նախագահի մանդատն է պետք», հստակեցրեց Արամ Մանուկյանը:
Ընդհանուր առմամբ մարտիմեկյան հանրահավաքի թեման հենց սա էր, օրինակՙ Ստեփան Դեմիրճյանը նշեց. «Մենք չենք հավատում վարչախմբի հավաստիացումներին, որ այս ընտրությունները արդար են լինելու, բայց մենք գտնում ենք, որ պետք է մասնակցենք այդ ընտրություններին` մեր բոլորիս ուժերը համախմբելով:
Մենք հաղթելու ենք, ու այս երկրում վերականգնվելու է արդարությունը»: Արամ Զավենի Սարգսյանն, իր հերթին, դեմ ելնելով բոլոր տեսակի մենաշնորհներին, բացի «ժողովրդի մենաշնորհից», հորդորեց ժողովրդին կազմակերպել այնպիսի հանրահավաք ու ընտրությունների ժամանակ գալ իրենց հետեւից այնպես, ինչպես 2008-ի փետրվարի 26-ին:
Մնացՙ ժողովուրդն ինքը որոշի` ում հետից է գնում, ինչու է գնում կամ դեռ որքան պետք է գնա...
Տեր-Պետրոսյանը խոսեց «ամեն ինչից»` մարտի մեկից, ֆրանսիական Սենատի որոշման հետագա զարգացումներից, Օսկանյանի` ԲՀԿ-ին անդամակցելուց, այս առումով հատկապես շեշտելով, որ «կան կոնկրետ հաշվարկների վրա կառուցված երկուստեք շահեր: Մասնավորապես Օսկանյանին պետք էր աջակից հենարան, իսկ սոլիդ կուսակցության իմիջ ձեռք բերող «Բարգավաճին» միջազգային դիվանագիտական շրջանակներում պետք էր Օսկանյանի հեղինակությունը», ասաց Տեր-Պետրոսյանը: Ի վերջո, առաջին նախագահը «եկավ-հասավ» կետին, որ «Ռոբերտ Քոչարյանը խորտակված նավ է, իսկ Սերժ Սարգսյանը` խորտակվող նավ, եւ այն ուժը, որ իր ճակատագիրը կկապի նրանց հետ, քաղաքական մահկանացուն կնքելու ավելի կարճ ճանապարհ չի կարող ընտրել»: Այնուհետեւ առաջին նախագահն անդրադարձավ իր մասին շրջանառվող, իր խոսքերով, «հերյուրանքներին», խոսեց ձմռան ամիսներին արձանագրած «դրական երեւույթների մասին»: Այս առումով առաջին հերթին Տեր-Պետրոսյանն առանձնացրեց ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի,ՀԱԿ-ի եւ «այլ քաղաքական ուժերի «արդար ընտրությունների անցկացման շուրջը սկսված կառուցողական երկխոսությունը, ինչպես նաեւ ԱԺ-ի ընդդիմադիր խմբակցությունների կողմից ամբողջովին համամասնական ընտրակարգի անցնելու օրենսդրական նախաձեռնությունը»:
Եվ վերջապեսՙ ՀԱԿ-ի համամասնական ցուցակի մասին. առաջին նախագահը տեղեկացրեց, որ ՀԱԿ-ի ուժերը որոշել են իրենց համամասնական ցուցակը վերջնական տեսքի բերելու պարտականությունը դնել իր վրա. «Ես էլ, հլու-հնազանդ, ստանձնել եմ այդ ծանր պարտավորությունը...», ասաց Տեր-Պետրոսյանը: