«Ադրբեջանը կտրականապես մերժում է վստահության կառուցման յուրաքանչյուր առաջարկՙ ուղղված թե՛ տարածաշրջանային համագործակցության խթանմանը, թե՛ շփման գծում լարվածության թուլացմանը», Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ հանդիպման ավարտին հայտարարել է աշխատանքային այցով Բելգիայում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը :
Ռասմուսենի հետ Սարգսյանը, ըստ պաշտոնական հաղորդագրության, ի թիվս այլ հարցերի, քննարկել է նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները: «Ադրբեջանը, ցավոք, դեմ է դիպուկահարների հետքաշմանը առաջին գծից, դեմ է միջադեպերի հետաքննությանը», ասել է Սարգսյանը, նշելով, որ ոչ մի րոպե չեն դադարել Ադրբեջանի կողմից պատերազմի կոչերը: Հայաստանի նախագահի խոսքերովՙ «Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է հայերի նկատմամբ ատելության սերմանումը»:
Սարգսյանը հիշեցրել է, որ Ադրբեջանի նախագահը ընդամենը մի քանի օր առաջ հայտարարեց, որ ադրբեջանցիների թիվ մեկ թշնամին աշխարհասփյուռ հայությունն է: «Այս հանգամանքը պետք է արժանանա միջազգային հանրության գնահատականին»:
«Գլխավոր քարտուղարի հետ համամիտ էինք, որ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ միջոցներով եւ բանակցությունների ճանապարհովՙ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Համոզված ենք, որ ԼՂ հակամարտության վերջնական կարգավորումը հնարավոր է միայն ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարգման եւ անվտանգության համակողմանի երաշխիքների ապահովման միջոցով», եզրափակել է Հայաստանի նախագահը:
Ա. Հ.