Սպիտակ տանը տեղի ունեցած Օբամա-Նաթանյահու հանդիպումը ժամանակի առումով համընկավ Նախիջեւանում մարտի 7-ին երկար ձգձգված ու վերջապես տեղի ունեցած Թուրքիայի, Իրանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման եւ համատեղ հռչակագրի ստորագրման հետ:
Նախքան նախիջեւանյան հռչակագրին անդրադառնալը նկատենք, որ Օբամա-Նաթանյահու հանդիպումը ամենեւին էլ «շարքայիններից» չէր, ու հստակ ու հատկանշական տարրերով առնչություն ուներ մեր տարածաշրջանին: Այսպես, հանդիպումից առաջ, փետրվարի վերջին ԱՄՆ նախագահը հարցազրույց տվեց «Անալիտիկ» ամսագրին, որտեղ մասնավորապես ընդգծեց. «ԱՄՆ-ը թույլ չի տա նեղացնել Իսրայելին»: Արդեն Նաթանյահուին Սպիտակ տանը ընդունելուց առաջ Օբաման ելույթ ունեցավ Ամերիկայի հրեական լոբբի - գլխավոր կազմակերպության` AIPAC-ի ամենամյա համագումարում, որտեղ հասկացրեց, թե ինքը «հրեական պետության բարեկամն է»: ԱՄՆ նախագահը հրեական լոբբիստական կազմակերպությունում հատկապես շեշտեց, որ իր նախագահության օրոք` «Իսրայելին ուղղված ԱՄՆ-ի ռազմական օգնությունը ավելացել է տարեցտարի», ըստ ամերիկյան ու հրեական պարբերականների, Օբաման այս խոսքերից հետո «վաստակել է դահլիճի ծափահարությունները»: Հավանաբար դրանք ավելի են սաստկացել, երբ ԱՄՆ նախագահը հրեա լոբբիի առջեւ վստահեցրել է, որ ինքը չի համակերպվել ու չի համակերպվելու Իրանի «ատոմային ծրագրի» հետ: Ընդ որում, Օբաման ընդգծել է. «Առայժմ հարկավոր է բավարարվել տնտեսական պատժամիջոցներով, բայց ծայրահեղ անհրաժեշտության պարագայում մենք չենք խուսափի ռազմական ուժի կիրառումից»:
Հենց Իրանի թեման եղել է Օբամա-Նաթանյահու հանդիպման առանցքը, քանի որ գաղտնիք չէ, որ Իրանի հատկապես «ատոմային ակտիվությունը» տարածաշրջանում առաջին հերթին մտահոգում է Իսրայելին, իսկ վերջինս էլ կգերադասեր, որ Իրանի վրա հավանական հարվածը հասցներ ԱՄՆ-ը, քանի որ, ինչպես նկատում է իսրայելական zman.com կայքը` «դրա համար ամերիկացիների հնարավորություններն ավելի շատ են»: Միեւնույն ժամանակ Իսրայելում հասկանում են, որ Իրանին ամերիկյան հարվածը զգալի վնաս կհասցնի հենց ԱՄՆ-ին: Հետեւաբար Օբամա-Նաթանյահու հանդիպումը հատկանշական էր այն առումով հատկապես, որ ԱՄՆ նախագահը խնդիր ուներ «համոզել» Նաթանյահուին առաջինն ու մենակ հարված չհասցնել Իրանին, իսկ Նաթանյահուն Վաշինգտոն էր եկել «հասկացնելու» Օբամային, որ եթե Վաշինգտոնը շարունակի հապաղել, ապա Իսրայելը հարվածը չի ուշացնի: Ամենեւին պատահական չէ, որ հանդիպումից առաջ Իսրայելի վարչապետը հայտարարել էր. «Իսրայելի ժողովուրդը չի կարող ապրել հարատեւ վտանգի մեջ»: Ավելինՙ անձամբ նախագահ Օբամային, Նաթանյահուն ասել է. «Երբ խոսքը Իսրայելի անվտանգության մասին է, Իսրայելն ունի սուվերեն իրավունք` ընդունել սեփական որոշումները»: Հանդիպումից հետո Washington Post-ը գրեց, թե «հայտնի չէՙ ԱՄՆ-ը կարողացե՞լ է «համոզել» Նաթանյահուին, թե՞ ոչ»: Ընդ որում սա այն դեպքում, երբ Թեհրանին Իսրայելի հավանական հարվածը զգալիորեն կթանկացնի նավթամթերքը, ինչի թանկացումը Օբամային անձամբ նախընտրական ԱՄՆ-ում ամենեւին էլ ցանկալի չէ: Սակայն ավելի ուշ Սպիտակ տան մի «անանուն ներկայացուցիչ», տեղեկացրել էՙ «Մենք եզրակացրինք, որ Իսրայելը դեռ վերջնական որոշում չունի այս հարցում (Իրանին հարվածելու - Հ.Ա.)»:
Ուրեմն հենց այս` «Իրանի հարվածելու» ու դրանով իսկ ողջ տարածաշրջանը բռնկելու հավանական սցենարի բարձրաստիճան քննարկման համապատկերում Նախիջեւանում հանդիպում են Իրանի, Թուրքիայի (ԱՄՆ-ի դաշնակից) եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները:
Հանդիպումից հետո հնչել է հետեւյալ հայտարարությունը. «Մենք մի հոգի ենք` երեք մարմիններում», ընդ որում այս հայտարարությունը հնչեցրել է Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբեր Սալեհին:
Նախիջեւանյան հռչակագիր
Նախարարներ Սալեհիին, Դավութօղլուն եւ Մամեդյարովը Նախիջեւանում ստորագրեցին համատեղ հռչակագիր, որտեղ կան մի շարք ուշագրավ կետեր, այդ թվում` մեզ համար: Հռչակագրով ՆԱՏՕ-ի հակահրթիռային կայաններ իր տարածքում ունեցող Թուրքիան եւ իսրայելական հետախուզական խմբերի նկատմամբ «մեծ ընդունելություն» կազմակերպող Ադրբեջանը, ինչպես նաեւ Իրանը պարտավորվում են` «չտրամադրել իրենց տարածքները երեք պետություններից որեւէ մեկի դեմ ռազմական գործողություններ կատարելու համար»: Այս կետը նախ եւ առաջ Թեհրանի ցանկությունն է, բացի սրանից, Օբամա-Նաթանյահու հանդիպման խիստ հավանական «շարունակություն», քանի որ Վաշինգտոնը իր ռազմավարական դաշնակից Թուրքիայի ձեռամբ եւս կարող է հասկացնել Թել Ավիվին, որ Իրանին հիմա հարվածելու պարագայում, ոչ միայն ԱՄՆ-ի ընդգծված աջակցությունը, այլ նաեւ թուրքական տարածքը չի ստանա: Նախիջեւանյան հռչակագրի հաջորդ ու հատկապես մեզ համար ուշագրավ կետը հետեւյալն է. «Կողմերը ընդգծեցին, որ ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ միջազգային նորմերի հիման վրա»: Այս ձեւակերպման մեջ «ազգերի ինքնորոշման իրավունքի» հստակ բացակայությունը ակնհայտորեն Բաքու-Անկարա երկակի ցանկությունն է, միեւնույն ժամանակ նկատենք, որ նախիջեւանյան հռչակագիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստաթուղթ չէ, իսկ ով մոռացել է, հիշեցնենք, որ ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվում է հենց Մինսկի խումբը` բառացապես, այս վերջինին գրավոր համաձայն է նախագահ Իլհամ Ալիեւը նաեւ: Բացի սրանից` անգամ նախիջեւանյան հռչակագրում ամրագրված է «միջազգային իրավունք» նորմը, ըստ որի, ինչպես բազմիցս ենք նկատել, ԼՂ հակամարտությունը վաղուց արդեն լուծված է:
Հաջորդ ուշագրավ կետը, որը կցանկանայինք առանձնացնել կողմերի պատրաստակամությունն է. «Բաքու-Թբիլիսի-Կարս եւ Նախիջեւան-Ջուլֆա-Թավրիզ երկաթգծերի միավորման հնարավորության մասին»: Ինչո՞ւ է սա ուշագրավ, քանի որ Իրանը կարող է եւ այլեւս անհրաժեշտություն չզգալ Հայաստանի հետ ու Հայաստանի տարածքով «Հյուսիս-հարավ» երկաթգծի կառուցման համար: Սպասենք իրադարձությունների հետագա զարգացմանը:
Ինչեւէ, կողմերը պայմանավորվել են նաեւ, որ շարունակելու են «համատեղ քննարկել միջազգային ու տարածաշրջանային կարեւորագույն հարցերը», եւ հաջորդ անգամ կհանդիպեն Վանում 2012-ի սեպտեմբերին:
Կասպից ծովը
Նախիջեւանյան հանդիպումը ու հատկապես համատեղ հռչակագիրը խիստ կարեւոր էին ոչ միայն աշխարհաքաղաքական իրադրության ներկա փուլում, մասնավորապես` ԱՄՆ-Իրան-Իսրայել տիրույթում: Այս հանդիպումը անհրաժեշտ էր նաեւ Բաքու-Թեհրան հարաբերություններում նկատվող ու օրեցոր ավելի աճող սրությունը հնարավորինս մեղմելու համար: Այդուհանդերձ, սակայն, առնվազն Կասպից ծովի իրավական կարգավիճակի հարցը որոշելիս այդ տարաձայնությունները դեռ պահպանվում են: Հիշեցնենք, որ Իրանն առաջարկում է ծովը բաժանել 4 հավասար մասերի, ըստ որի ամեն երկրի բաժին կհասնի 20 տոկոս «Կասպից ծով»: Բաքուն, ինչպես նաեւ Մոսկվան ու Ղազախստանը դեմ են այս սկզբունքին, քանի որ կոնկրետ Բաքվի պարագայում սա կնշանակի, որ Իրանին կանցնի Ադրբեջանի ափամերձ «տարածքի» 1/3 մասը: Այս համատեսքստում ծովային իրավունքի մասնագետ, իրավաբանական գիտությունների դոկտոր ադրբեջանցի Ռուստամ Մամեդովը Salamnews կայքին ասել է. «Իրանն այժմ ավելի շատ խառնված է Մերձավոր Արեւելքի իրադարձություններով: Կարծում եմ, որ երբ Արեւմուտքը դադարեցնի իր պատժամիջոցները Թեհրանի հանդեպ, հնարավոր կլինի ակնկալել որոշ տեղաշարժեր Կասպից ծովի հարցում Իրանի դիրքորոշման հետ կապված: Իրերի առկա դրության պայմաններում նման ակնկալիքներ ունենալն իրատեսական չէ»: Ուրեմն Արեւմուտքը` իր դաշնակիցներով, Թեհրանին համոզելու կամ ստիպելու, պարտադրելու խնդիր ունի: Այս առումով ուշագրավ է, որ Կասպից ծովի իրավական կարգավիճակի վերաբերյալ որոշում արդեն իսկ կա, մասնավորապես դա ստորագրել են Ադրբեջանը, Ռուսաստանը եւ Ղազախստանը, համաձայն չէ Թեհրանը, իսկ Թուրքմենստանը դեռեւս «տատանվում է»: Նշանակալից է, որ, եթե Աշխաբադը եւս տա իր համաձայնությունն այս տարբերակին, ապա Թեհրանը ստիպված կլինի համաձայնել«բոլորի հետ», հակառակ պարագայում իրադրությանը կմիջամտեն «ոչ տարածաշրջանային ուժեր», ինչից Թեհրանն ամենից շատ է խուսափում:
Այնպես որ, որքան էլ Ալի Աքբեր Սալեհիին հայտարարի, թե «Թուրքիան, Ադրբեջանն ու Իրանը մեկ հոգի են երեք մարմնում», մի բան ակնհայտ է, տնտեսական շահի տեսանկյունից, Թուրքիան, Ադրբեջանն ու Իրանը ավելի շատ տարաձայնություններ ունեն, քան համընկնող շահեր, էլ չենք խոսում` Թեհրանի ու Անկարայի աշխարհաքաղաքական պայքարի մասին` «տիրելու մահմեդական արեւելքին»:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ