Գեղարքունիքի մարզի` հենց Սեւանա լճի ափին գտնվող Գոմաձոր գյուղի բնակիչ, օրինակ, Գեղամը, որը երեք երեխա ունի ու արդեն 20 տարի շարունակ ամեն առավոտ, դեռ լույսը չբացված գնում է ձկնորսության, ոչ պակաս քաղաքացի է, քան մայրաքաղաքի Արաբկիր համայնքի բնակիչ, 2 երեխաների հայր, օրինակ, Տիգրանը, որը գրասենյակ ունի Դավթաշեն համայնքում ու ամեն առավոտ գնում է աշխատանքի: Հետեւաբար քաղաքացին տեղանքի հարց չէ, դա հասցե չէ, այլ կարգավիճակ ու գիտակցում, բայց ավելի շուտ` գիտակցում, որովհետեւ քաղաքացու գիտակցումն է միայն, որ բերում է քաղաքացու կարգավիճակի:
Ի՞նչ քաղաքացիներ ենք մենք կամ արդյոք քաղաքացինե՞ր ենք: Բայց նախ` ո՞վ է քաղաքացին: Նա պետության այն բնակիչն է, որը պետականության ու հասարակական շահի կրողն է: Քաղաքացին կարող է լինել ե՛ւ ընդդիմադիր, ե՛ւ իշխանական, ու այս երկու պարագաներում էլ չի կարող երբեւէ նշանակել, որ նա «սխալ քաղաքացի» է: Քաղաքացին, լինելով պետականության կրողը, կարող է ամենեւին էլ համաձայն չլինել այդ նույն պետականության կառուցման սկզբունքներին, էությանը, կերպին, դրա կենսագործման տեսակին ու առանձնահատկություններին, բայց կարող է եւ համաձայն լինել ու ամբողջությամբ կամ մասամբ ընդունել: Սակայն ամեն պարագայում քաղաքացին պետք է ունենա սեփական կարծիքը ու դա արտահայտելու ե՛ւ հնարավորությունը, ե՛ւ համարձակությունը` անկախ այդ կարծիքի տեսակից: Քաղաքացին պետք է որոշի պետության ընթացքը վերջինիս վերահսկողության տակ գտնվող բոլոր ոլորտներում` արտաքին քաղաքական, ներքաղաքական, սոցիալ-տնտեսական, կրթամշակութային, իրավական եւ այլն: Արդեն միեւնույն կարծիքն ունեցող քաղաքացիների խումբը կարող է հընթացս փոփոխությունների ենթարկել այս եւ այլ ոլորտներում նկատած յուրաքանչյուր` իր կարծիքով սխալ ուղղություն:
Քաղաքացին պետության մտահոգ, նկատող, արձանագրող ու արտահայտվող բնակիչն է, ու քաղաքացին պետության գլխավոր որոշողն է` անկախ տվյալ հարցի կարեւորության մակարդակից: Քաղաքացին կարող է լինել «կանաչ», «կարմիր», աջակողմյան, ձախակողմյան, կուսակցական, անկուսակցական, բնապաշտպան, հանքարդյունաբերող, ծխող, դրա դեմ պայքարող, բայց մի բան միայն չի կարող լինել քաղաքացին` անտարբեր:
Հիմա եկեք շրջենք փողոցներով, բայց ոչ միայն ու ոչ այնքան Երեւանի, այլ մանավանդ հեռավոր գյուղերի: Ու տեսնենք, փորձենք գտնել քաղաքացիների, իսկ ավելի ճիշտ` քաղաքացու... Անշուշտ, մտահոգվածների, իրենց խնդիրներով հետաքրքրվողների կարոտ ունեցողների բազմիցս կգտնենք, սակայն քաղաքացին նաեւ նա է, որը գիտի իր իրավունքներն ու պարտականությունները, եւ որը կարողանում է ու ունի հնարավորություն իրականացնելու կամ փորձելու իրականացնել իր եւ ուրիշ համախոհ քաղաքացիների կամքը, ցանկությունը: Քաղաքացին պետության ուժեղ բնակիչն է, նրա ու հանուն նրա մարտչող բնակիչը` սկսած ռազմի դաշտից, վերջացրած պտղատու դաշտով:
Ունե՞նք մենք քաղաքացիներ, իհարկե ունենք, ունե՞նք մենք քաղաքացիներ, որոնք, անգամ դժգոհելուց ու անկարողությունից հոգնած, այլ պետության քաղաքացիներ են դարձել, անշուշտ ունենք, իսկ իրավունք ունի՞ քաղաքացին լքելու այն պետությունը, որի կրողն է, ունի, քանի որ դա էլ սեփական դիրքորոշման արտահայտում է, խոր մտահոգությունն արտահայտելու սեփական ձեւը:
Ուրեմն մենք քաղաքացի դաստիարակելու կամ «ստեղծելու» խնդիր չունենք, մենք խնդիր ունենք քաղաքացի պահելու եւ քաղաքացուն քաղաքացի պահելու... Բայց այս խնդիրը ոչ թե պետությունն ունի, այլ` մենք, քանի որ քաղաքացին է կառուցում պետությունը, այլ ոչ թե հակառակը:
Յուրաքանչյուր պետություն` լինի երկրագնդի հյուսիսում, հարավում, արեւելքում թե արեւմուտքում, իր քաղաքացիներով է ուժեղ, ոչ թե բնակիչներով:
Իսկ քաղաքացին այս առաջին հերթին գիտակցում է, ինքնագիտակցում, հետո նոր սրանից ածանցյալ` կարգավիճակ:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ