«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#43, 2012-03-08 | #44, 2012-03-13 | #45, 2012-03-14


ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՃՊԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ

Քաղաքական ուժերի գլխավոր հոգսն այժմ ընտրացուցակները «ով ավելի խայտաբղետ եւ էքսցենտրիկ» սկզբունքով կազմելու վարպետություն ցուցաբերելն է: Այս իմաստով բոլորից հետամնացն էլի ՀԱԿ-ն է լինելու կարծես, որտեղ ամենից «խուրդվող» կերպարները Լյուդմիլան ու Նիկոլն են, անգամ Ջհանգիրյանն այլեւս չի կարող հավակնել ամենից բարձր գոռացողի տիտղոսին, քանի որ իշխանական ցուցակներից ամեն մեկում Տորք Անգեղի բամբ ձայնով մեկական թեկնածու առնվազն ընդգրկվելու է: Իսկ հատուկ խորհրդարանական աշխատանքի համար տարիներ բեմերում մշակված ձայներով պատգամավորացուներ, ցավոք, ՀԱԿ-ի ցուցակում չեն լինի, նույնիսկ հայտնի բռնցքամարտիկ Հակոբկոխյանը չի լինի, քանի որ մեր աստղ-մաստղերը հո չե՞ն գժվել, որ անհեռանկար ընդդիմության ցուցակ գնան` չոր, առանց քյար, առանց «Լեքսուսի» ու Հյուսիսային պողոտայի բնակարանի: Իշխանական ուժերի ցուցակնե՛րն են յուղոտ ու մեղրոտ:

Ասում են` մեր բոլոր երգիչ-երգչուհիները, աստղ-աստղիկները դառնալու են իշխանական համամասնական ցուցակների զարդուզարդարանքը` նայողի արմանք-զարմանքն առաջացնելով քարոզարշավին, քանի որ տարիներով մեր էկրաններին այս կերպարները որպես հասարակության սերուցք ներկայացնելիս (եւ իսկական սերուցքին դուրս մղելիս) մեր «տելեշնիկները» կարգին քրտնել են ապագա որակյալ խորհրդարանի հերթափոխ պատրաստելու համար, հո նրանց ջանքերն ի դերեւ չե՞ն ելնելու: Շուշանն, օրինակ, ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ կլինի` ո՞ւմ վերջը, որ մի հատ երգի «Ես մի զարկն եմ քո բազկի», պատգամավորները մշակութային նոկաուտ կստանան ու կքվեարկեն անգամ սեփական մոր դեմ ուղղված նախագծին կողմ. դե ՀՀԿ մտնելն էր պակասում, էն էլ մտավ:

Բայց էդ դեպքում պետք է Սոս Պետրոսյան-կրտսերին (Սոս Պետրոսյանը, կարծում ենք, չի նեղանա) նույնպես ՀՀԿ կամ ԲՀԿ ցուցակ մտցնել, քանի որ ընտրողներին հիպնոսելու հարկ եւս կլինի ե՛ւ քարոզարշավի ընթացքում, ու հատկապես` ապագա խորհրդարանի քվեարկության կոճակները սեղմելու պահով: Ասում են` նաեւ ԱԺ դահլիճն այս ընթացքում մի լավ վերակառուցվելու է` այստեղ պոդիում եւ փոքրիկ բեմ են տեղադրելու նախագահության հետեւի ազատ տարածքն օգտագործելով, քանի որ քվեարկությունների ժամանակ ԱԺ դահլիճ կանչվող պատգամավորներին` երգիչ-մոդել-հաղորդավար պատգամավորների փոքրիկ շոուներ են խոստացվում, քվեարկության դիմաց որպես բարտեր:

Դե, իսկ քանի որ բռնցքամարտի, ծանրամարտի ու նույնիսկ շախմատի աշխարհի չեմպիոններն են լինելու իշխանական ցուցակներում, ԱԺ-ում լրջորեն մտմտում են` պոդիումի ու բեմի հետ մի-մի սենյակ էլ սարքավորել ծանրամարտի, բռնցքամարտի ու շախմատի մարզաձեւերին անհրաժեշտ պարագաներով` պետք կգա, բոլորովին անպետք, լրիվ քյաշ փողով անցած պատգամավորներին գոնե այս մարզաձեւերի հիմնական սկզբունքներին կծանոթացնեն. դե հո օրենք չե՞ն գրելու էդ խեղճերը` բոլոր օրենքները գրված են, ու հայտնի չէ, թե ապագա խորհրդարանում 131 մարդ ինչո՞վ է զբաղվելու, բացի երգել-պարելուց, գոնե խորհրդարանի բուֆետում մի երկու «պրյոմ» ցույց կտան իրար-կզբաղվեն:

Առաջադրումների ու ցուցակների ինտրիգներն այդքանով կարող են չավարտվել: Այս անգամ հատկապես տարբեր տրամաչափի «աս» լրագրողներն ու «ախպոր տղա» կուսակցականները լայնորեն օգտվելու են «առաջադրում եւ ինքնաբացարկ` փողի դիմաց» հնարքից: Այն է` օլիգարխի դիմաց մեծամասնականով առաջադրվում ես, հետո վերջին պահին, նրան բավական «քցելով» (գները տատանվում են 25-ից 100 հազար դոլարի սահմաններում, տե՛ղն է նրանց, չեն աղքատանա)` համ օլիգարխին ես օժտում լուսապսակով` իբր այլընտրանք ունեցող թեկնածու է, համ էլ սուս-փուս օգտվում ես Օստապ Իբրահիմովիչի ասած փող աշխատելու 500 «ազնիվ» եղանակներից մեկից:

Ուշ երեկոյան էլ հայտնի դարձավ, որ 2-րդ ընտրատարածքում առաջադրվել է գործարար Ալբերտ Սարգսյանը, իսկ 19-րդումՙ գեներալ Սեյրան Սարոյանը: Հապա՞՛:

Էսօր-վաղը հայտնի կլինի ընտրացուցակային կլոունադայի ողջ համալիրը` կխոսենք:

«Ազգի» թեթեւ հումորի բաժին


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4