Արմեն Միկոյանը շուրջ 25 մասնակիցներից մեկն է, որի աշխատանքները մինչեւ մարտի 19 ցուցադրվելու են Թեքեյան կենտրոնում: Նրա 2 նկարն էլ մարդկային հոգեվիճակի պատկերում են գույնի ու գծի միջոցով:
Արմենը Վանաձորից է, սովորում է Գեղարվեստի ակադեմիայում, իր ծրագրերից ու նկարներից շատ խոսել չի սիրում, իսկ նկարները գնահատում է հետեւյալ կերպ. «Եթե նայողը նկարը չի զգում, ուրեմն նկարը չի ստացվել»:
Արմենի նկարների կողքին ցուցադրվում են նաեւ արդեն պրոֆեսիոնալ նկարիչների գործերը` ի դեմս Ղարիբյան Սամվելի, որը Նկարիչների միության անդամ է, եւ նրա գործերը ցուցադրվել են տարբեր երկրներում:
Ցուցահանդեսի մասնակիցներն ընտրվել են անկախ տարիքից, սեռից ու ներկայացրած աշխատանքների թեմատիկայից: Նախաձեռնությունն Արմենական-Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) «Զապել Եսայան» կանանց ակումբինն է, իսկ մասնակցում են ինչպես կուսակցական, այնպես էլ համակիր ստեղծագործողները:
«Զապել Եսայան» ակումբի ատենապետ եւ Արմենական-ՌԱԿ վարչության անդամ Գայանե Մուրադյանը նշում է` ցուցահանդեսի համար ի սկզբանե ընտրվեց այնպիսի խորագիր` «Կուսակցական ստեղծագործողներին ասպարեզ», որպեսզի կաղապարներ չստեղծեինք ստեղծագործողների համար: Խորագրի ներքո հավաքվել են մասնակիցներ Երեւանից ու Հայաստանի տարբեր մարզերից, իսկ ցուցահանդես-վաճառքը, որը բացվեց մարտի 9-ին, նվիրված էր կանանց միջազգային օրվան:
«Այս միջոցառումով փորձել ենք փոքր-ինչ լիցքաթափել քաղաքական շիկացած մթնոլորտը, եւ նախընտրական շրջանում հասարակությանը քաղաքական մթնոլորտից տանել դեպի հոգեւորը, որից մեր հասարակությունն իսկապես հեռացել է», ավելացրեց Գայանե Մուրադյանը :
Եվ ինչպես նշեց Արմենական-ՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանը . «Թվում է` կուսակցականները պետք է զբաղվեն միայն քաղաքական ու գաղափարախոսական հարցերով, սակայն մեր կուսակցությունը նաեւ ունի պարտականություն քաջալերելու արվեստի գործիչներին ու ստեղծագործողներին»:
Երիտասարդ ստեղծագործող Նազելի Սարգսյանն էլ ներկայացրել էր գոբելեններ, նրա ընտրած թեմատիկան տարվա եղանակներն են: Թեեւ նրա գոբելեններն առաջին անգամ չեն ցուցադրվում, սակայն Նազելին կարեւորում է եւս մեկ անգամ ցուցադրվելու հնարավորությունը:
Ներկայացված աշխատանքները 40-ն են: Իսկ դրանց արժեվորումը կտա նաեւ գնորդը: Եթե նկարը գնվում է, անկախ իր գնից, դա արդեն հաջողություն է:
Ընդհանրապես, կուսակցության անդամ ու համակիր ստեղծագործողները մարզերում բավականին ակտիվ են, հատկապես Գյումրի ու Վանաձոր քաղաքներում, մարզերում ցուցահանդեսներ եւս կազմակերպվում են:
«Բայց կուզենայինք նրանց գործերը ներկայացնել նաեւ Երեւանի հանրությանը, եւ ինչու ոչ` նաեւ ասպարեզ բացել նրանց համար», հավելում է Հակոբ Ավետիքյանը:
Ցուցահանդեսի բոլոր մասնակիցները կուսակցությունից ստացան շնորհակալագրեր:
Կուսակցության հետ ակտիվ համագործակցելու համար շնորհակալագիր ստացավ եւ Վանաձորի Հայորդյաց տան տնօրեն Թամարա Հարությունյանը, որի սաները իրենց հիանալի ելույթներով ճոխացնում են Լոռու մարզում իրականացվող հրապարակային միջոցառումները:
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ