Մարտի 16-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կայցելի Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳ նախարար Գվիդո Վեսթերվելլեն: Ըստ ԱԳՆ հաղորդագրության, այցի ընթացքում նախատեսված են Գվիդո Վեսթերվելլեի հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Գվիդո Վեսթերվելլեն կայցելի նաեւ Ծիծեռնակաբերդ եւ ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Մինչ Երեւան այցելությունը, մարտի 14-15-ին Գերմանիայի արտաքին գերատեսչության ղեկավարը, ըստ ադրբեջանական էլեկտրոնային լրատվամիջոցների, պաշտոնական այցով կլինի Բաքվում, կհանդիպի Ադրբեջանի նախագահի եւ ԱԳ նախարարի, ինչպես նաեւ Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) ղեկավարի հետ:
Գերմանացի դիվանագետը այսօրՙ մարտի 15-ին հանդիպումներ կունենա նաեւ Թբիլիսիում, որից հետո միայն իր տարածաշրջանային այցելությունը կավարտի Երեւանում:
Ա. Հ.