Արա Սարաֆյանի կազմած «Թալեաթ փաշայի թղթապանակը» աշխատությունը մարտի 17-ին կներկայացվի Տորոնտոյում` Հայկական երիտասարդական կենտրոնի Համազգային թատրոնում: «Ազգն» արդեն տեղեկացրել է ինչպես աշխատության, այնպես էլ տարբեր լեզուներով Թալեաթի մասնավոր, անձնական թղթերի բովանդակությանը ծանոթանալու այս հնարավորության մասին:
Հիշեցնենք, որ թուրքական արխիվների վերջերս գաղտնազերծված փաստաթղթերը ու Թալեաթ փաշայի անձնական թղթերից մնացած նյութերը, աշխատության ապացուցմամբ, վկայում են, որ Թալեաթը «Հայոց ցեղասպանության ճարտարապետն էր»: Կան հստակ արձանագրություններ, որոնց համաձայն հենց Թալեաթն է հրահանգել, ապա նաեւ վերահսկել Օսմանյան կայսրությունում հայերի տեղահանումը 1915-16-ին:
Թալեաթ փաշայի թղթապանակը օսմանյան պաշտոնական ամենահարազատ տեսակետն է, որ կա Հայոց ցեղասպանության մասին: Թղթապանակը հաստատապես իր ժամանակին պատրաստվել է ներքին գործերի նախարարի համար` մասնավոր օգտագործման նպատակով: Եվ այդ թղթապանակը թերեւս հասել է մեր օրեր, քանի որ 1921-ին սպանվեց Թալեաթը, եւ նրա այրին թղթապանակը հանձնել է մի թուրք պատմաբանի, վերջինս էլ հրապարակել է:
Ա. Հ.