Ադրբեջանական քարոզչության հիմնական «ուղեղները» կացնային մեթոդներով առաջնորդվողներին բնորոշ մոտեցմամբ այդպես էլ չեն փորձում յուրացնել, առավել եւս հասկանալ, որ ստի ու կեղծիքի վրա հիմնվելու դեպքում արդյունքը անվերջ ձգտելու է զրոյի: Ավելին, երբ նույն մեթոդը կամ տեխնոլոգիան քանիցս կիրառվում է, զավեշտալի է դառնում անգամ շրջանառության մեջ դնելու մոտեցումը:
Թե «Եվրոտեսիլի» մրցույթին մասնակցելուց հրաժարվելը որքանով է հարմար կամ անհարմար Հայաստանին, շատ է խոսվել, մինչդեռ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, կիսագրագետ ուսանողներին հատուկ «ուսուցանողի» կեցվածքից ելնելով, իր պարտքն է համարել հայերին ու Հայաստանին «դաս» տալու, թե «Եվրոտեսիլը» չպետք է օգտագործվի քաղաքական նպատակներով, «առավել եւս ղարաբաղյան հակամարտության համատեքստում»:
Ռուսական ասացվածքը շատ հարմար ձեւով Մամեդյարովին կհիշեցներ սեփական կովի բառաչը զսպելու անհրաժեշտության մասին, սակայն քաղաքականության մեջ, այն էլ քարոզչությամբ անարդարը նորմալի տեղ մատուցելու խնդիր լուծելիս, ինչպես ասում են, փրփուրներից էլ կկառչեն: Եվ այսպիսի հայտարարություն, այն էլ գերմանական «Welt Kompakt» պարբերականին, մատուցում է այն երկրի արտաքին քաղաքականությունը ներկայացնող նախարարը, որը ղարաբաղյան խնդրի համատեքստում քաղաքականացնում, կարելի է ասել` նավթայնացնում է ամեն ինչ, անգամ նույն այդ «Եվրոտեսիլի» մրցույթը:
Մյուս կողմից էլ, շարունակելով ադրբեջանցի մեծ ու փոքրի` Հայաստանի նախագահին կամ այլոց ուղղված նամակների, ըստ ադրբեջանցիների, հաջողված մարտավարությունը, երեկ «1news.az»-ը մեջտեղ էր բերել մի նամակ եւս, այս անգամ ոմն Քնարիկ Բաղդասարյանի անունից, որ իբր ապրում է Ուկրաինայում ու երազում այցելել իր բնակության նախկին վայրը` Բաքու: «Ընթերցողի նամակ» վերտառությամբ ադրբեջանական կայքէջը մատուցում է, թե «Բաքվից հեռանալու պահից չի եղել մի ակնթարթ», որ աշխարհին անհայտ Քնարիկ Բաղդասարյանն իր աչքերի առաջ չպատկերացներ «հարազատ Բաքվի պատկերը»:
Տարօրինակորեն լռելով կամ «մոռանալով» Բաքվից հեռանալու պատճառներիՙ Բաքվի ջարդերի ու հայերի գլխին կախված սպառնալիքի մասին` ուկրաինահպատակ Քնարիկը իբր ներկայացրել է իր երազանքը, թե որպես «Եվրոտեսիլի» հյուր կցանկանար հայտնվել Բաքվում: Բայց Քնարիկը խոստովանել է, որ մուրազը փորում մնաց. «Ինձ անհասկանալի պատճառով Հայաստանը հրաժարվեց մասնակցությունից»:
Այդուհետեւ գալիս է ակնհայտըՙ ապացուցելու, որ Ուկրաինայում բնակվող ինչ-որ Քնարիկ Բաղդասարյանի նամակում «արտացոլվում» է ադրբեջանական հայտնի թեզը «համայնքների» մասին. «Ինձ համար ցավալի է, որ մենք զրկվեցինք մեր հարազատ քաղաքը այցելելու հնարավորությունից, քանի որ Հայաստանի քաղաքական գործիչները շահագրգիռ չեն, որ ուղղակի շփումներ լինեն մեր համայնքների ներկայացուցիչների միջեւ»:
«Ես երազում եմ, թե երբ կկարողանամ վերադառնալ իմ հարազատ Բաքու, որտեղ մենք այնքան լավ ու բարեկամաբար ապրում էինք, որտեղ երբեք կարիքի մեջ չենք եղել` զբաղվելով մեր սիրելի աշխատանքով ու բավարար վաստակելով», հակահայկական քարոզչության հիմնական կրողներից մեկը հանդիսացող ադրբեջանական կայքէջին ուղղված գովեստներով շաղախն իր էլեկտրոնային նամակում այսպես է իբր ավարտել Քնարիկ Բաղդասարյանը:
Զավեշտն ու կեղծիքն ակնհայտ են, սակայն եթե, մարդ ես էլի, իսկապես ինչ-որ Քնարիկ Բաղդասարյան Ուկրաինայից կարոտախտի ճիրաններում իսկապես չի դիմացել ու հարազատ Բաքու այցելելու մուրազը փորում այսպիսի նամակ է հեղինակել, մնում է տիկնոջը հիշեցնել, որ հայերի, հայության, անգամ հայկական ազգանվան վերջավորությանը նմանվող ամեն մի հիշատակում Ադրբեջանի սահմաններում հանդիպում է կտրուկ արգելքի:
Այնպես որ տիկին Քնարիկի երազանքն, անկախ ամեն ինչից, դժվար թե իրականություն դառնար, հատկապես որ Ադրբեջանում դեռ շարունակում են հայերի դեմ ուղղված ատելության ու այլատյացության արշավները, իսկ այդպիսի պայմաններում որեւէ հայի անվտանգությունը երաշխավորելը բավականին բարդ ու պատասխանատու գործ է:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ