«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#44, 2012-03-13 | #45, 2012-03-14 | #46, 2012-03-15


«ՏԱՇԻՐԻ» ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՆԱԽԱՐԱՐԻ 3 ԽՆԴՐԱՆՔԸ

Նախընտրական շրջանում, երբ քննարկման թեմաներն ընտրացուցակներն ու թեկնածուներն են, երբեմն ուշադրության արժանանում են նաեւ բարեգործական միջոցառումներն ու ակցիաները:

Թե ի՞նչ ենթատեքստ ունեն բարեգործական ակցիաները, բարեգործությունը կամ նվիրատվությունը, ստացողի համար շատ կարեւոր չէ. ենթատեքստը դառնում է երկրորդական խնդիր: Կարեւորը` շատ ու շատ մարդիկ, որոնք իրապես ֆինանսական աջակցության կարիք ունեն, այս օրերին ստանում են դա:

Բարեգործական ակցիայի ականատես եղանք նաեւ երեկ: «Տաշիր» բարեգործական հիմնադրամը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում բարձր առաջադիմություն ունեցող 200-ից ավելի ուսանողների, որոնք Լեռնային Ղարաբաղից ու Վրաստանի Սամցխե Ջավախքի նահանգից են ու սովորում են Հայաստանի պետական բուհերում: Ուսանողներից յուրաքանչյուրը կստանա 200 հազար դրամ, որը հիմնադրամը նրանց տրամադրելու է առձեռն:

Արտակ Ճաղարյանը ` Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավարը, սակայն, ընդգծում է` Սամվել ու Կարեն Կարապետյանների բարեգործական նախաձեռնությունները քաղաքական ենթատեքստ երբեք չեն ունեցել. «Ցավոք, արված գործերը երբեմն շահարկումների տեղիք են տալիս»:

Կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը նույնպես ներկա էր միջոցառմանը, հիմնադրամի ակցիան, ըստ նախարարի, բացառիկ է, համենայն դեպս նրանով, որ համաձայնագիրը ստորագրելուց հետո 10 օր է անցել, իսկ մարտի 16-ից արդեն ուսանողները կարող են ստանալ իրենց գումարները:

Նախարարը դիմելով հավաքված ուսանողներին, նշեց, որ նրանց ուղղված 3 խնդրանք ունի: Առաջինն ինչ-որ առումով նաեւ պահանջ է: «Ավարտելուց հետո, հնարավորության սահմաններում, խնդրում եմ վերադառնալ Ջավախք եւ Արցախ, որտեղ ձեր արմատներն են: Պատմական հայրենիքի այս 2 հատվածներում մենք պարտավոր ենք ունենալ խելացի եւ ուշիմ երիտասարդներ», ասաց Արմեն Աշոտյանը:

Նախարարի` ուսանողներին ուղղված մյուս խնդրանքներն էին լավ սովորելը եւ ստացված գումարն իսկապես կրթական կարիքներին ուղղելը:

«Հուսով եմ` շատերիդ նորից կտեսնեմ, բայց ոչ այնքան Հայաստանում, որքան Լեռնային Ղարաբաղում ու Ջավախքում», հավելեց նախարարը:

Առաջիկայում «Տաշիր» հիմնադրամն աջակցություն կտրամադրի նաեւ Հայաստանի, Արցախի ու Ջավախքի 200-ից ավելի մանկավարժների:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4