Փետրվարի 2-29-ը Բեյրութի «Շահին» պատկերասրահում (Galerie Shahine) ի հարգանս լիբանանահայ նկարիչ Հարություն Թորոսյանի, կազմակերպվել է նրա աշխատանքների ցուցահանդես: Այն ունեցել է մասնակիցների հետաքրքրական կազմ, բացի Հ. Թորոսյանից ցուցահանդեսում ընդգրկված են եղել նկարչի ընտանիքի անդամներիՙ կնոջ եւ որդու, ինչպես նաեւ ազգությամբ հայ եւ արաբ իր աշակերտների գեղանկարչական աշխատանքներից:
Լիբանանահայ կերպարվեստի միջավայրում Հ. Թորոսյանը նշանակալի դերակատարում ունի ոչ միայն որպես նկարիչ, նաեւ արվեստի տեսաբան եւ հատկապես մանկավարժ:
Մասնագիտական կրթությունը ստացել է Բեյրութում, ապա սովորել Փարիզի վարպետների սալոններում: Տասնամյակներ նա դասավանդում է Բեյրութի Գեղարվեստի բարձրագույն դպրոցում: Իր ընտանիքն էլ ստեղծագործական նույն մթնոլորտում է: Նկարիչներ են կինըՙ Կիման եւ որդինՙ Ստեփանը: էությամբ ու նկարագրով արվեստի, մշակույթի մարդ է Հարություն Թորոսյանը, կյանքը արտիստիկ ներշնչանքով ու հեւքով ապրող: Ինչպես հրավիրատոմս-բուկլետում է ներկայացված, նա արեւելքը եւ արեւմուտքը միացնող արվեստագետ է, Լիբանանի սիրահար, որ այդ երկրին հաղորդել է նաեւ Հայաստանի բույրը եւ գույնը: Ֆրանսահայ հայտնի նկարիչ, ծնունդով նույնպես Բեյրութից Ասատուրը (Պզտիկյան) Հարություն Թորոսյանին կոչել է նկարչության Վիվալդի: Իսկ լիբանանցի արվեստաբանը գրում է, որ նա անկասկած իրենց երկրի մեծ նկարիչներից է:
Հարություն Թորոսյանը անհատական եւ խմբակային բազմաթիվ ցուցահանդեսներ է ունեցել Լիբանանում, Ֆրանսիայում, Միացյալ Նահանգներում եւ Հայաստանում: Շուրջ 50 միջազգային ցուցահանդեսներում Լիբանանի գեղանկարչությունը ներկայացվել է ի դեմս Հ. Թորոսյանի: Նրա աշխատանքները գտնվում են տարբեր թանգարաններում եւ անձնական հավաքածուներում, անդամ է Լիբանանի նկարիչների ասոցիացիայի, Ֆրանսիայի արվեստագետների տան:
Բեյրութի այս վերջին ցուցահանդեսում նկարների մի զգալի մաս Գեղարվեստի դպրոցի իր սաների աշխատանքներն են, որոնցից շատերը այժմ ստեղծագործում են օտար երկրներում:
Մ. Բ.
Նկար 1. Հարություն Թորոսյան