Երեկվա համարում «Ազգը» անդրադարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրներից մեկի` ԱՄՆ-ի պետքարտուղարությունում տեղի ունեցած ճեպազրույցներից մեկին, որտեղ մասնավորապես ընդգծվել է. «ԼՂ համակարտությունը ռազմական լուծում չունի»: Եթե ուշադրություն ենք դարձնում, որ պետքարտուղարության ներկայացուցիչը` Վիկտորիա Նյուլանդը, սա հայտարարել է` պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ադրբեջանցի որոշ բարձրաստիճան գործիչների հայտարարությունները, թե խնդիրը հնարավոր է կարգավորել ռազմական ճանապարհով, ապա ակնհայտ է դառնում, որ սա ԱՄՆ կառավարության հստակ ազդակն է Ադրբեջանին, որ «խնդրի ռազմական ճանապարհով կարգավորում» չի կարող լինել:
Հարեւան երկրում այս ազդակն ընդունել են, ճիշտ էՙ ոչ պաշտոնապես, փորձագիտական, վերլուծական մակարդակով, ինչը Ադրբեջանում պաշտոնականի արժեք ունի` մեծ հաշվով: Այսպեսՙ vesti.az կայքի վերլուծաբանը այս առնչությամբ վերլուծական է գրել` «ԱՄՆ-ը թքած ունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության վրա» խորագրով: Հոդվածագիրն ընդգծում է. «Որ սա այսպես է, մենք վաղուց գիտեինք», ասել է թե ԱՄՆ-ից կամ միջազգային հանրության նմանատիպ այլ ազդակներ Բաքվում եւս ընդունել են ու հասկացել: Բայց պակաս ուշագրավ չէ «պաշտոնական Բաքվի» պատասխանը: Նախ նշենք, թե ինչու ենք «անկախ վերլուծաբանին» անվանում «պաշտոնական Բաքու», որովհետեւ նույն հոդվածում կարդում ենք` «Ադրբեջանը երբեք չի հաշտվի իր հողերի կորստի հետ եւ այն պահին, երբ հարմար կգտնի, ինչպես բազմիցս նշել է նախագահ Ալիեւը, մենք կազատագրենք դրանք»: «Վերլուծաբանը» բառացիորեն կրկնում է պաշտոնական Բաքվի դիրքորոշումը, ինչի համար էլ որեւէ հիմք չունենք նրան զանազանելու պաշտոնական Բաքվից: Սակայն նշանակալից է այս մեջբերման հաջորդ միտքը. «Այն, ինչ մեզ առաջարկում է ԱՄՆ պետքարտուղարությունը, փաստացի նշանակում է Ղարաբաղի հանձնում...»: Ադրբեջանում փաստորեն գիտակցում են, որ խաղաղ բանակցային ճանապարհով Ղարաբաղը երբեք չի տրվելու իրենց, հետեւաբար ռազմական ճանապարհը դիտարկում են որպես հարցի «միակ արդարացի» լուծում: Մինչդեռ նույն Իլհամ Ալիեւը, որը «հարմար պահի ռազմական լուծում է խոստանում», ստորագրել է մի շարք հայտարարություններ, ընդ որում` ՌԴ գործող նախագահ Մեդվեդեւի միջնորդությամբ, որ «կողմերը իրենց ժողովուրդներին պետք է պատրաստեն խաղաղության, այլ ոչ` պատերազմի»: Այս միտքը տիկին Նյուլանդը բարձրաձայնել է նաեւ պետքարտուղարությունում ունեցած ճեպազրույցի ժամանակ, ու նույն այս միտքը «հեգնում Է» ադրբեջանցի «վերլուծաբանը», մասնավորապես ասելով. «Իսկ թե ինչպե՞ս է պատկերացնում ԱՄՆ-ը հարցի լուծումը, մնում է կռահել: ԱՄՆ-ը մոռանում է իր ունեցած տնտեսական շահը մեր տարածաշրջանում...»: Այս կապակցությամբ ավելացնենք միայն, որ եթե պաշտոնական Բաքվի կարծիքով ռազմական ճանապարհով հարցը պետք է լուծվի, ապա հարցն այդ վաղուց լուծված է: Եթե, իհարկե, Բաքուն չի ուզում թողնել «փոքրիկ տղայի տպավորություն», որը բակում ծեծ ուտելուց հետո գնում է «կարատեի», ուժեղանում ու գալիս ասում` «դե հիմա եկեք, է...»:
Եւս մեկ անգամ ընդգծելով, որ այս հայտարարությամբ «ԱՄՆ կառավարությունը ցույց է տալիս, որ թքած ունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության վրա», «վերլուծաբանը», մեջբերում է տարբեր ռազմական շքերթների ու հանդիպումների ժամանակ Ալիեւի արտաբերած ճառերը «Ադրբեջանի առասպելական, լեգենդար, հզորագույն բանակի մասին, ու թե ինչպես այդ բանակը հարկ եղած պարագայում պետք է ազատագրի ադրբեջանական հողերը»: Այսքանից հետո «վերլուծաբանը» սրտնեղում է, թե ինչպե՞ս է «ԱՄՆ-ը թելադրում Ադրբեջանին, բայց չի ստիպում ագրեսոր Հայաստանին դադարեցնել օկուպացիան»: Միգուցե այն պատճառով, որ Ադրբեջանում «ագրեսոր» տերմինը խառնում են այնպես, ինչպես իրենց նախագահն է խառնում պաշտոնական ստորագրությունները` ոչ պաշտոնական ելույթներից:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ