«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#50, 2012-03-21 | #51, 2012-03-22 | #52, 2012-03-23


ԹԵ ԻՆՉՊԵՍ ԳՈՒԼԻԵՎԸ ԶՐԿՎԵՑ 101 ՄԻԼԻՈՆ ՖՈՒՆՏ ՍՏԵՌԼԻՆԳԻՑ

Ադրբեջանի խորհրդարանի նախկին խոսնակ Ռասուլ Գուլիեւը, որ բնակվում է Միացյալ Նահանգներում, «Ենի Մուսավաթ»-ին տված հարցազրույցում Հեյդար Ալիեւի կառավարման տարիներից շատ հետաքրքրական մանրամասնություններ է պատմել: Ամենաբնորոշը թերեւս արժե վերաշարադրել: Գուլիեւը հիշում է, որ «1993 թ. վերջերին կամ 94-ի սկզբներին» Հեյդար Ալիեւն իրեն ցույց է տվել մի «բանկային հաշիվ» եւ ասել, որ ըստ այդմ Գուլիեւը բրիտանական բանկերից մեկում «100 միլիոն դոլար ունի»:

Երբ Գուլիեւը «մեծ դժվարությամբ, քանի որ տեքստն անգլերեն էր», կարդացել է, պարզվել է, որ խոսքը «101 միլիոն ֆունտ ստեռլինիգի մասին է»: Խորհրդարանի նախկին խոսնակը պատմում է, որ ինքը ծիծաղել եւ ասել է, թե «այդ թուղթը բերողը չգիտի, որ ֆունտ ստեռլինգը 1,6 անգամ դոլարից թանկ է, հետեւաբար խոսքը 160 միլիոն դոլարի մասին է», ինչից Ալիեւը խիստ վիրավորվել է եւ բանկային հաշիվը կրկին պահել է իր մոտ` ասելով` «ես սա հենց այնպես ցույց տվեցի»:

Այդուհանդերձ, Գուլիեւը նամակով դիմել է «Լլոյդ բանկ»-ին եւ բացատրություն խնդրել, թե ինչպե՞ս է նման փաստաթուղթ հայտնվել Ադրբեջանում, երբ ինքը երբեւէ Մեծ Բրիտանիայում գումար չի ունեցել: «Մեկ ամիս անց «Լլոյդ բանկ»-ից ստացվեց պատասխան, որ իրենք նման բանկային հաշիվ չունեն»,- հիշում է Ռասուլ Գուլիեւը: Նա այդ մասին պատմում է` հերքելով ներքին գործերի նախկին նախարար Վագիֆ Նովրուզովի կեղմից իրեն վերագրված մեղադրանքները:

Իմաստ չունի «դատապաշտպանի» դեր ստանձնել: Ով է արդարացի, ով` ոչ, թող ադրբեջանական հասարակությունը պարզի: Մանավանդ որ Գուլիեւը խոստանում է ապրիլին սկսվելիք «հանրային շարժումներին գործուն մասնակցություն բերել»: Էքս-խոսնակի հուշը մեզ համար նրանով է ուշագրավ, որ բնութագրում է Հեյդար Ալիեւի կառավարության կոռումպացվածությունը եւ մատնանշում, թե ինչ բարքեր են իշխում Ադրբեջանում առհասարակ: Հարկ է ավելացնել, որ 1993 թ. Ռասուլ Գուլիեւն զբաղեցրել է փոխվարչապետի պաշտոն, իսկ հետագայում` ընտրվել խորհրդարանի խոսնակ: Նրա ստորագրությամբ է Ադրբեջանը վավերացրել զինադադարի մասին Բիշքեկի համաձայնությունը:

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4