«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#51, 2012-03-22 | #52, 2012-03-23 | #53, 2012-03-24


ՎԱՐՉԱՊԵՏ. ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎՃՌԱԿԱՆ ԵՆ ԹԱՓԱՆՑԻԿ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կարգադրությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ` մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում տեղ գտած խախտումներն ուսումնասիրելու նպատակով: Աշխատանքային խումբը ոչ միայն հսկողություն է իրականացնելու գրավոր ստացված հաղորդումների պատշաճ գրանցման եւ քննարկման նկատմամբ, այլ նաեւ իրականացնելու է լրատվամիջոցների մշտադիտարկում` քննարկման առարկա դարձնելով ընտրախախտումների վերաբերյալ կոնկրետ տեղեկություններ պարունակող մամուլի հրապարակումները:

«Ընտրությունների օրինականության ապահովման գործում իր առանցքային դերն ունի իրավապահ համակարգը», երեկ «Դեպի ազատ եւ թափանցիկ ընտրություններ» խորագրով քննարկմանն ասաց գլխավոր դատախազը` հավելելով, որ իրավապահ մարմինների խնդիրն է նախ կանխարգելել ընտրական իրավունքի դեմ ոտնձգությունները, խախտումներ արձանագրելու դեպքում հետեւողական լինել համարժեք քրեաիրավական գնահատական տալու հարցում: «Քաղաքացին պետք է վստահ լինի, որ հանցագործության մասին իր ահազանգը պետք է պատշաճ քննության առարկա դառնա», շեշտեց գլխավոր դատախազը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանի մեկնաբանությամբ` ազատ եւ թափանցիկ ընտրությունների անցկացումը շատ կարեւոր առաջադրանք է Հայաստանի համար:

«Այսօր, առավել քան երբեւէ, հասարակությունը կարեւորում է ընտրությունների որակը», շեշտեց վարչապետը` հավելելով, որ իշխանությունները եւս վճռական են առավել թափանցիկ ընտրություններ անցկացնելու հարցում: «Իշխանությունները դա իրագործելու քաղաքական կամք ունեն»:

Նրա գնահատմամբ` այսօրվա օրենսդրությունը նպաստում է արդար եւ թափանցիկ ընտրությունների անցկացմանը, իրավապահ մարմինները ձեռք են բերել գիտելիքներ: «Ոչ մի խախտում անպատիժ չի մնալու», հավաստիացրեց Սարգսյանը` ընդգծելով, որ ժամանակակից տեխնոլոգիաներն ու սոցցանցերն էլ կնպաստեն արդար ընտրությունների անցկացմանը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Տիգրան Մուկուչյանը հավելում է, որ ընտրական իրավունքներին իրազեկված լինելը կարող է նպաստել այդ իրավունքների լիարժեք պաշտպանությանը: Մուկուչյանը հավաստիացնում է, որ այս տարվա խորհրդարանական ընտրություններից առաջ իրազեկման տեղեկատվական բազան շատ ավելի մեծ կլինի: ԿԸՀ նախագահի մեկնաբանությամբ` Ընտրական օրենսգիրքն ավելի է հստակեցնում տարբեր գերատեսչությունների աշխատանքը` միտված ազատ եւ թափանցիկ ընտրությունների անցկացմանը: «Ըստ էության` առաջին անգամ վարչական վարույթի եւ վարչարարության հիմնական սկզբունքն իր արտացոլումը ստացավ նաեւ ընտրական օրենսդրության մեջ, ինչը էական երաշխիք է դիմումի լուծումը հրապարակային, թափանցիկ եւ լիարժեք կազմակերպելու, պատճառաբանված եւ հիմնավորված որոշումներ կայացնելու համար»:

ԿԸՀ նախագահն ընդգծեց, որ բարեփոխումներ են իրականացվել նաեւ վարչական իրավախախտումների վերաբերյալ:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը վստահ է, որ նախընտրական գործընթացները Հայաստանում ընթանում են նորմալ հունով: Այս հարցում կարեւոր դերակատարություն ունեն իշխանությունն ու ընդդիմությունը:

«Այդ տեսակետից կարեւորում ենք հավասար պայմանների եւ հնարավորությունների ստեղծումը»: Դիվանագետը, զուգահեռներ անցկացնելով նախորդ ընտրությունների հետ, ընդգծում է, որ այս անգամ նախընտրական շրջանում առաջընթացն ակնհայտ է, իսկ ազատ եւ արժանահավատ ընտրություններ անցկացնելու պատրաստակամության մասին իշխանությունների հայտարարությունը ողջունելի են:

Դեսպանի մեկնաբանությամբՙ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելը կբարձրացնի երկրի հեղինակությունն ու կամրապնդի համագործակցությունը ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4