Հայաստանում կառուցվելու է 70 նոր ջրամբար: Ներկայումս արդեն իսկ գործում է 70 ջրամբար, իսկ մյուս 70-ը կկառուցվի մինչեւ 2030 թվականը:
Լրագրողներին այս մասին երեկ տեղեկացրեց բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության փոխտնօրեն Վոլոդյա Նարիմանյանը: Այժմ գործող 70 ջրամբարներն ունեն 1-1.2 մլրդ խորանարդ մետր տարողություն, իսկ նոր ջրամբարների շնորհիվ ծավալները կկրկնապատկվեն:
Վոլոդյա Նարիմանյանի խոսքով` ջրամբարների կառուցման անհրաժեշտությունը նաեւ պայմանավորված է ջրային ռեսուրսների` ժամանակային ու տարածքային առումներով անհավասարաչափ բաշխմամբ: Ջրային հոսքերի 60 տոկոսը ձեւավորվում է գարնան ամիսներին, իսկ օգոստոս-սեպտեմբերին ոռոգման ցանցերում լինում է ջրի դեֆիցիտ:
Պարոն Նարիմանյանը, այնուամենայնիվ, հավաստիացնում է` Հայաստանում ջրի դեֆիցիտ չկա:
Ի. Պ.