Բելգիայի Թագավորությունում Հայաստանից գաղթած հայերն այդ երկրում ունեն մոտ քսան տարվա պատմություն: Սակայն վերջին երկու տարում այստեղից հայերի արտաքսումն այնքան բարձր չափերի է հասել, որ շատերի հավաստմամբ կատարվում է «հայաորսություն», որում մեղադրում են Հայաստանի իշխանություններին:
Պաշտոնական ցուցանիշներով, 2011թ.-ին Հայաստանից 691 hայեր են գաղթել Բելգիա, որից միայն մեկն է Բելգիայում ապրելու իրավունք ստացել: Նույն տարվա տվյալներով, այստեղից բռնի ուժով արտաքսվել են 203 հայեր: Ներկայումս շատերն ընտանիքներով գտնվում են «դեպորտ» բանտերում: Իսկ մեծամասնությունը անօրինական կարգավիճակում Է, եւ եթե կամավոր երկիրը չլքեն, ապա ամեն վայրկյան ենթակա են հայտնվելու համապատասխան բանտերում:
Շատ լավ գիտակցելով հանդերձ, թե անօրինական կարգավիճակում մնալու վտանգը ինչերի կարող է հանգեցնել, միեւնույնն է, նրանցին ոչ ոք Հայաստան վերադառնալու ցանկություն չունի: Շատերը գերադասում են փողոցից հաց հավաքել, բայց Հայաստան չվերադառնալ:
Սահակյանների ընտանիքն արդեն հինգ տարի ապրում է Բելգիայում: Բելգիական կառավարությունից ստացել էր ժամանակավոր կացության թույլտվություն: Երեխաները հաճախում են դպրոց: Ծնողներն ունեն առողջական խնդիրներ եւ պարբերաբար գտնվում են բժշկական հսկողության տակ: Սահակյանների խոսքերով, Հայաստանում վաճառել են երեքսենյականոց բնակարան, քանի որ չունեին աշխատանք, եթե անգամ որեւէ ժամանակավոր աշխատանք էր հաջողվում գտնելՙ ապա ամիսներով աշխատացնում եւ աշխատավարձ չէին վճարում, իսկ ամեն անգամ բժշկի գնալը մեծ գումարների հետ էր կապված: Մինչդեռ այստեղ, Բելգիայում, պետության աջակցությամբ անվճար բժշկական ծառայության իրավունք ունեն, պետությունը հոգում է նաեւ կրթական եւ աշխատանքի տեղավորման խնդիրները: Այսօր այս ընտանիքը գտնվում է անելանելի վիճակում, քանի որ երկիրը լքելու հրաման են ստացել: Սահակյանների համոզմամբ, այս ամենի մեղավորը Հայաստանի կառավարությունն է, քանի որ «Երկիրը լքելու» հրամանի մեջ գրված է, թե «Ձեր երկրում ոչ մի խնդիր չկա, բժշկական ծառայություններն անվճար են, նշված է անգամ, թե ո՞ր հիվանդանոց կարող են գնալ, ո՞ր հարկ, ո՞ր բժիշկի մոտ, հստակ մատնանշվում է նաեւ բժիշկի ազգանունը»:
Թեպետ Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպանի խոսքերով «Հայաստանի կառավարությունը բելգիական միգրացիոն ռեժիմի խստացման հետ որեւէ առնչություն չունի», («ԱԶԳ» 07.02.2011), բայց եւ այնպես գործողությունները փաստում են, որ առանց երկկողմ համագործակցության բելգիական կառավարությունը չէր կարող յուրաքանչյուրի մասին այդչափ մանրամասն տեղեկատվություն ապահովել:
Փաստենք, որ այս ընտանիքի պատմությունը եզակի չէ: Ներկայումս Բելգիայում տասնյակ ընտանիքներ գտնվում են նույն իրավիճակում եւ արտաքսման վտանգից խուսափելու համար, ստիպված են ծվարած ապրել բարեկամների կամ ծանոթների տանը, որով վտանգի են ենթարկում նաեւ այդ մարդկանց, քանի որ բելգիական օրենքներով, անօրինական կարգավիճակով մարդկանց ապաստան տալը համարվում է օրենքի խախտում եւ ենթադրում է համապատասխան պատժամիջոցներ:
Բայց, ինչպես ասում են, հայկական խիղճը թույլ չէ տալիս այդ մարդկանց փողոցում թողնել: Շատերի համոզմամբ. «Հայաստանն ապրելու տեղ չէ: Տուն-տեղ վաճառել ենք, ոչինչ չունենք: Ո՞ւր վերադառնանք: Այստեղ, անգամ չնչին աշխատանքով ավելի լավ ենք ապրում, քան Հայաստանում: Գիտեմ որ երեխաս սոված չի լուսացնում: Հայաստանում ո՞վ էր մեր մասին մտածում, ո՞ւմ պետքն ա սոված ես, թե՞ կուշտ: Եթե երեխադ հիվանդ է եւ փող չունես դեղ առնելու, ի՞նչ անես, ամեն վայրկյան քեզ ոտնահարված ես զգում: Իսկ մեր իշխանությունները գալիս են Բելգիա եւ հայտարարում, թե մեր երկրում ամեն ինչ նորմալ է ու մեզ այսպես վատ վիճակի առաջ են կանգնեցնում: Ամեն անգամ իրենց այցից հետո հայերին սկսում են դեպորտ անել: Հերիք էղավ` էլի, մեղք ենք, ինչքա՞ն տանջվենք, հոգնել ենք էս քաշքշուկներից: Փողոցից հաց կհավաքեմ, բայց երբեք Հայաստան չեմ վերադառնա»:
Այս խնդիրները պարզաբանելու եւ առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար Բրյուսելում դիմեցինք հայ փաստաբանի, որը հաճույքով պատասխանեց մեր հարցերին, սակայն հասկանալի պատճառներով խնդրեց անունը չտպագրել: Նրա հավաստմամբ, «դավադրաբար արտաքսումը շատ բարձր չափերի է հասնում: Հայերը նախ ստանում են ծանուցագիր, որով պահանջվում է լուսանկարով, հայկական անձնագրով եւ բելգիական ժամանակավոր կացության թղթով ներկայանալ կոմյուն: Մարդիկ կարծելով, թե դրական պատասխան են ստացել, այսինքնՙ եթե նախկիններում հիմնական կացության թույլտվություն էին ստանում, ապա հիշյալ փաստաթղթերով էին պահանջում ներկայանալ: Հիմա, անմիջապես բոլոր թղթերը ձեռքներից վերցնում են, անձնագիրը պաճենահանում, որպեսզի արտաքսման գործընթացն արագացվի: Այսպես մարդիկ հայտնվում են անօրինական կարգավիճակում: Եթե քաղաքացին հայկական անձնագիրը ցույց չի տալիս, ապա չեն կարող արտաքսել, բայց տվյալ դեպքում, ՀՀ դեսպանությունը պարտավորվում է hամապատասխան «անցման» թույլտվություն տալ: Այնուհետեւ ոստիկանությանը տեղյակ է պահվում, թե տվյալ հասցեում անօրինական մարդիկ են ապրում: Առավոտ կանուխ, բռնի ուժով, չթողնելով նույնիսկ առաջին անհրաժեշտության իրեր վերցնել, ոստիկանների ուղեկցությամբ ընտանիքին տանում եմ արտաքսման բանտեր: Այստեղ, եթե կամավոր չեն համաձայնում երկիրը լքել, առաջին անգամ իրավունք ունեն չստորագրել համապատասխան որոշման տակ, բայց երկրորդ անգամ չի բացառվում ուժային մեթոդների կիրառումը, իսկ երրորդ եւ չորրորդ անգամները միանշանակ խիստ բռնությունների են ենթարկվում:
Մեր հարցին, թե Հայաստանի կառավարությունը որքանով մասնակցություն ունի այս գործընթացում, մեր զրուցակիցը նախընտրեց զերծ մնալ պատասխանից, ասելով միայն, թե Բելգիան որոշ երկրների, այդ թվում` օրինակ, Կոսովոյի հետ ունի համաձայնություն, ըստ որիՙ Բելգիան Կոսովոյի կառավարությանը յուրաքանչյուր մարդու համար, որը լքում է Բելգիան, որոշակի գումարներ է փոխանցում: Այսինքն, եթե մի երկրի հետ նման փորձ կիրառվում է, տրամաբանական է, որ մյուս երկրները եւս բացառություն չկազմեն:
Փաստաբանի խոսքերով, Հայաստանի իրավիճակը ճիշտ չի ներկայացվում: «Օրեր առաջ, մի ծեր, հիվանդ կնոջ արտաքսել էին, ասելով, թե Հայաստանում անվճար բժշկվելու բոլոր անհրաժեշտ միջոցները կան: Մինչդեռ, ըստ մեր փաստարկների, Հայաստանում բժշկական ապահովագրական մեխանիզմը միայն թղթի վրա է գործում: Հայ բժիշկները, դիմել էին բելգիական բժիշկների միջամտությանըՙ այդ կնոջը բուժելու համար»:
Ի դեպ, 80-ականներին Բելգիայում նույն նախադեպը կիրառվել է Թուրքիայից գաղթած հայերի նկատմամբ, բայց հայ փաստաբանների ակտիվ միջամտոււթյամբՙ գործընթացը կանխվել է:
Այսօր մեր հայրենակիցները հայտնվել են անելանելի վիճակում, բայց Հայաստանի անունն անգամ չեն ուզում լսել: Այնտեղ վաճառել են ողջ ունեցվածքը եւ հետ դարձի ճանապարհ չունեն, իսկ այստեղ, բելգիական կառավարությունը բոլորին անխտիր արտաքսում է. «Կան ընտանիքներ, որ ուղղակի բաղնիքի մեջ են ապրում, ահավոր դժվարին պայմաններում են», հավաստեց հայ փաստաբանը, նշելով, որ իր ընտանիքը եւս 10 տարի ապրել է անօրինական կարգավիճակում. «Հոգեբանորեն բնաջնջվում ես: Շատ երեխաներ թուղթ չունենալու պատճառով չկարողացան ուսումը համալսարանում կամ բարձրագույն մյուս հաստատություններում շարունակել»:
Ոչ միայն չքավոր, այլ նաեւ ունեւոր խավն է այսօր լքում Հայաստանը: Եթե նախապես տեղյակ լինեն, թե ո՞ւր են գալիս եւ ի՞նչ դժվարությունների առաջ են կանգնելու այստեղ, գուցե քայլ անելուց առաջ առավել սթափ եւ իրատես վարվեն:
ԱՐԱՔՍ ՍԱՖԱՐՅԱՆ, Բրյուսել