«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#52, 2012-03-23 | #53, 2012-03-24 | #54, 2012-03-27


ՉԿՈՂՄՆՈՐՈՇՎԱԾՆԵՐԸ ԿՎՃՌԵՆ ԱՄԵՆ ԻՆՉ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Սոցհարցումներով միմյանց դեմ պայքարելու սեզոնն սկսվեց` կուսակցությունները սկսեցին միմյանց դեմ թվեր պատվիրել ու շխկացնել: Սոցհարցումների մի խմբում ԲՀԿ-ն է մի քիչ ավելի ձայներ ստանալու ՀՀԿ-ից, մյուսում` ՀՀԿ-ն` ԲՀԿ-ից, եւ այդպես շարունակ` նայած ո՞վ է սոցհարցման դրդիչը: Բայց մի բանում համաձայն ենք սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի հետ, այս անգամ չկողմնորոշվածները շատ են, եւ նրանք են վճռելու. մի պարզ պատճառով` հիմնական ֆավորիտներն արդեն իշխանություն են եղել, այն էլ բավական տեւական ժամանակ, ու նա, ով դժգոհ է իր ապրելակերպից, բայց ավանդաբար ընդդիմությանը չի ընտրում, հիմա շփոթված է, թե ո՞ւմ է ձայն տալու: Շատերն են այդ հարցը լսում ամեն օր` փողոցում, տրանսպորտում, աշխատավայրում, հարեւան-բարեկամներից. «Ո՞ւմ ընտրենք, որ մեր կյանքը փոխվի», տարակուսում են մարդիկ, ու այստեղ ոչինչ չեն կարող անել երեք կոալիցիոն ուժերի կարգախոսները, որոնցում տարբեր ձեւերով «հավատալ» բառն օգտագործված է, հավատը աննյութական բան է, ընդամեն բառ է, իսկ բոլորիս կյանքն աչքն ի տես է:

Ահա այդ չկողմնորոշվածները, որ սոցիոլոգիական տվյալներով ընտրությանը հնարավոր մասնակից ընտրողի 60 տոկոսի բավական զգալի` մեկ երրորդ հատվածն են կազմում, վճռելու են մեր ապագա խորհրդարանի, այդ թվում նաեւ երկրի ճակատագիրը: Ու ամեն ինչ կախված կլինի նրանից, թե այդ չկողնորոշվածներին ո՞վ ավելի լավ կխաբի. չկողմնորոշվածներին գրավելու համար կոալիցիոն կուսակցությունները պայքարելու են իրար դեմ` իրարից ընտրող փախցնելով, բայց նույնն են անելու նաեւ ընդդիմադիր կուսակցությունները, քանի որ ընդդիմադիր հատվածի ձայները միայնակ տիրապետելու հավակնություններ ունեցող ՀԱԿ-ը այդ հնարավորությունը վաղուց է կորցրել: «Ժառանգությունն» ու Դաշնակցությունը, իրենց սովորական ընտրազանգվածին խառնել-կիսելու են նաեւ ՀԱԿ-ի նախկին ընտրազանգվածի որոշակի ձայները:

Ընդ որում` եթե ԲՀԿ-ն շարունակի ընդդիմադիր խաղեր տալ, մի առյուծի բաժին այդ ձայներից հենց նա կտանի: Ահա եւ չկողմնորոշվածները որոշելու են բոլորիս ճակատագիրը, ինչու չէ` նաեւ մեկ տարի անց նախագահական ընտրությունների ճակատագիրը: Եվ նայած ով ինչպես կօգտագործի քարոզարաշավի մեկ ամիսը` այդ մեկ երրորդին ով ինչով կգայթակղի, դրանից կախված է լինելու, թե ծանրաչափի սլաքն ում կողմը կթեքվի: Հիմա անգամ եւ արդեն տնետուն գնացողները փորձում են իմանալ ընտրողի բերանի գոլը` ում ինչո՞վ են գրավելու, սակայն ամեն դեպքում գրագետ քարոզարշավի ազդեցությունը անտեսողները խորապես սխալվում են: Առաջին ազդեցությունն ընտրողի վրա արդեն ընտրացուցակներով է տեղի ունեցել (առաջիկա օրերին «Ազգ»-ը կփորձի առավել խոր ուսումնասիրել), եւ, կարելի է ասել, որ հիմնական ֆավորիտ ուժերի ցուցակները հիասթափությունների պատճառ էին ե՛ւ համակիր, ե՛ւ հակառակորդ ուժերի շրջանակում: Ասենք, որ առաջին բանը, որ չի բավարարում լայն շրջանակներին` ՀՀԿ, ԲՀԿ եւ ՀԱԿ (քանի որ սոցիոլոգները հենց նրանց են անառարկելի կերպով մեծ տոկոս տալիս ապագա խորհրդարանում) ցուցակներում` ներկա եւ նախկին պաշտոնյաների ու նոմենկլատուրային դարձած քաղաքական գործիչների ընդգրկումն է` մի տեսակ կարծես սովորական մարդու համար այս ցուցակներում բոլորովին տեղ չի եղել. ԲՀԿ-ում ԲՀԿ-ական նախարարներ ու պաշտոնյաներ կան շատ, ՀՀԿ-ն լցված է ողջ կառավարությամբ եւ մարզային իշխանության ներկայացուցիչներով, ՀԱԿ-ը` նախկին իշխանության ներկայացուցիչներով: Այսինքն` անկախ իշխանամետ եւ ընդդիմադիր լինելուց, հոգեբանությունը նույնն է` ոչինչ չզիջել մյուսներին, ովքեր իշխանության մեջ չեն, ու ապահովել ժառանգական իշխանությունը: Է, ի՞նչ սերնդափոխությունից են խոսում բոլորը: Ընդ որում` սերնդափոխությունը մեզ մոտ հասկացվում է բառացի` ավագներին երիտասարդներով փոխարինելը: Մինչդեռ` ավելի քաղաքակիրթը կառավարողների շրջաբակն անընդհատ ընդլայնելն է, եւ անկախ տարիքից իրական ինտելեկտուալների եւ մտավորական մարդկանց ներառելը: Ի դեպ, ՀՀԿ-ի դեպքում երեւում են նաեւ թեւեր` ասենք, ազդեցիկ թեւերը առաջ են խցկել իրենց մարդկանց, իսկ այն մարդիկ (եւ այժմվա պատգամավորներից շատերը), որոնք այդ թեւերին ժամանակին շատ մեծ հավատարմություն չեն ցույց տվել, հայտնվել են անանցողիկ տեղերում: Անգամ աչքի է զարնում այն վարկածի ստվերը (եթե իրականանա շրջանառվող վարկածը), որ եթե Հովիկ Աբրահամյանը մինչեւ նախագահական ընտրությունները վարչապետ նշանակվի, խոսքը անցումային վարչապետի մասին է, ապա ներկա վարչապետի թիմը, բավական առաջ լինելով ՀՀԿ ցուցակում, կանցնի խորհրդարան, վարչապետն ԱԺ նախագահ կլինի (առայժմ` մինչեւ նախագահական ընտրություններ):

Իհարկե, դեռ շատ ժամանակ կա` մարսելու ընտրողի դատին ներկայացված համամասնականի ողջ արիալը, եւ դա մենք կանենք, սակայն մեծամասնականի մասով ուզում ենք մի քանի նկատառում հայտնել: Հիշեցնելով, որ հենց տողերիս հեղինակն էր դեմ 100 տոկոս մեծամասնականին` կուսակցական նախընտրություններ չունեցող Հայաստանի քաղաքացուն իսպառ չզրկելու համար առաջադրվելու հնարավորությունից, արձանագրում ենք, որ ներկա դեպքում, չնչին բացառություններով, մեծամասնականով առաջադրումները ավելի քան կուսակցական են եւ կրկնում են համամասնական կարգի կուսակցական հարաբերակցությունները: Առյուծի բաժին առաջադրվածներին պաշտպանում է ՀՀԿ-ն, նրանցից երեք եւ ավելի անգամ պակաս թեկնածուների պաշտպանում է ԲՀԿ-ն, մյուս կուսակցություններից եւս աջակցվողներ եւ առաջադրվածներ կան, ընդ որում` առավելաբար ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի պաշտպանածները կամ գործարարներ եւ փողատերեր են, կամ տեղական վարչարարներ, որոնք, միեւնույն է, փողային լծակների են տիրապետում: Ու ոչ մի սովորական մարդ: Անգամ այն թեկնածուների առումով, որոնց դիմաց գրված է անկուսակցական, եթե լավ քչփորում ենք, տեսնում ենք, որ հիմնական ֆավորիտների պաշտպանյալն են կամ պարզապես գործարարի ձեռնարկության աշխատակիցը, ու նախօրոք մտածվել է, որ թեկնածություն դնի-«շեֆի դեմ ու վախտին հանի», քանի որ օրենքի պահանջ է` այս անգամ որեւէ մեկը չի կարող մեկ թեկնածու լինել, այլընտրանք պետք է լինի: Կամ էլ «այլընտրանքային» թեկնածուն օլիգարխից փող պոկելու ակնկալիքներ ունի` պետք եկավ, անունները կտանք: Որոշ մեծամասնական տարածքներում իսկապես մրցակցությունը իրական է, օրինակՙ օլիգարխ Սամվել Ալեքսանյանի համար Նիկոլ Փաշինյանը կարգին գլխացավանք է լինելու, սակայն մեզ համար այդպես էլ անհասկանալի մնաց Րաֆֆի Հովհաննիսյանի` այդ (թիվ 7) ընտրատարածքում առաջադրումը եւ ինքնաբացարկը: Հատկապես վերջինը, քանի որ եթե մյուս ընդդիմադիրները չեն ընդունում բոլոր ընդդիմադիրներով միասին քննարկելու եւ ընտրատարածքներում մեկ թեկնածու թողնելու հարցը, ուրեմն ի՞նչ իմաստ ուներ Հովհաննիսյանի ինքնաբացարկը, կիմանայինք` ընտրողը նրա՞ն է նախընտրում, թե՞ Փաշինյանին: Բայց իրական մրցակցություն մեծամասնականի շատ ընտրատարածքներում չկա, եթե ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն պայմանավորվել են այս կամ այն թվով թեկնածուներ ունենալու առումով, եւ գիտեն էլ նախապես, որ (մի քանի անակնկալի բացվածքը ոչինչ չի որոշում) իրենք են անցնելու, էլ ի՞նչ մրցակցության մասին է խոսքը, մնացյալը տեխնիկայի հարց է: Իսկ դրա մեջ մտնում են ընտրակաշառքը, վարչական ռեսուրսը, քաղցր խոստումները եւ երբեմն միայն ճիշտ քարոզարշավը: Է, ուրեմն, իսկապես ճիշտ էին ընդդիմադիրները, որոնք դեմ էին մեծամասնականին, բայց նրանք ասում էին` դա իշխանության վերարտադրության երաշխիք է, իսկ մենք ասում ենք. ո՞ւմ է պետք այս կարգի մեծամասնականը, որը համամասնականի միկրոքարտեզն է, ու միայն մի բան է ապահովում` մանդատներ իշխանական ռեսուրս եւ փող ունեցողների համար: Ընդունեցի սխալս այսպիսով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4