Մեկ-երկու շաբաթ առաջ սողանքի պատճառով տարհանվել են Բաքվի մի շարք բազմաբնակարան շենքերի բնակիչներ: Սողանքային երեւույթներ են արձանագրվել նաեւ Ապշերոնյան թերակղզու գյուղական բնակավայրերում: Մասնագետները դժվարանում են տալ երեւույթի բացատրությունը: Դրանից, ինչ խոսք, ոչինչ չի փոխվում. հարկ է մարդկանց ապահովել նոր բնակարաններով եւ առանձնատներով, ինչպես նաեւ վերանայել քաղաքաշինական բազմաթիվ նախագծեր:
Բայց մինչ պատկան մարմինները կմտածեին Բաքվում եւ հարակից ավաններում ու գյուղերում իրավիճակը կանոնավորելու մասին, Ադրբեջանի այլ տարածաշրջաններում նույնպես սողանքային երեւույթներ են արձանագրվել: Դրանցից ամենավտանգավորը Բաքու-Շամախի-Աղսու-Եվլախ ավտոճանապարհի ու հարակից բնակավայրերի հատվածում է: Փլուզման վտանգի տակ է հայտնվել մայրուղու` Աղսուի լեռնանցքը: Եթե սողքը, որի աղեղը շուրջ 3-500 մետր է, շարունակվի, ապա բացառված չէ, որ կարեւոր նշանակության ավտոմայրուղին կփակվի` դրանից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ:
Ըստ տեղեկությունների, Շամախիի շրջանում մի քանի տասնյակ գյուղական առանձնատներ արդեն իսկ բնակության համար անպիտանի են, եւ մարդիկ դրանցից տարհանվում են անվտանգ վայրեր: Բնապահպաններն ահազանգ են հնչեցնում, որ «ժամ առ ժամ բարձրանում է Կուր գետի մակարդակը»: Նախանցյալ տարի հեղեղումների հետեւանքով հազարավոր հեկտար հողատարածքներ եւ հարյուրավոր առանձնատներ հայտնվել էին ջրի տակ: «Այսօր իրավիճակն ավելի սպառնալի է, քանի որ ձմռանը տեղումներն առատ էին»,- ասում են ադրբեջանական աղբյուրները եւ կանխատեսում, որ գարնանային ձնհալն անկասկած նոր հեղեղումների պատճառ է դառնալու այն շրջաններում, որտեղով անցնում է Կուր գետը:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ