«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#52, 2012-03-23 | #53, 2012-03-24 | #54, 2012-03-27


ԷՐԴՈՂԱՆԻ «ՃՆՇՄԱՆ» ԿՇԵՌՔԸ

Թուրքիայի վարչապետն առաջարկում է «ճնշել» Ադրբեջանին, եթե նույնը Հայաստանի հանդեպ անեն Ֆրանսիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ը

Թուրքիայի վաչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավասարակշռության, արտաքին քաղաքականության ու հակամարտությունների կարգավորման յուրօրինակ մոտեցում ունի, եթե չասենք` արտառոց: Թուրքիայի առաջին դեմքի ընկալմամբ, հավանական է, որ Թուրքիան փորձի ազդել Ադբեջանի վրա այն դեպքում, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրները միասին ազդեցություն բանեցնեն Հայաստանի վրա:

Հարավային Կորեայում մի քանի տասնյակ պետությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ Միջուկային անվտանգության հարցերով 2012թ. գագաթաժողովի առնչությամբ Սեուլ մեկնած Էրդողանը, ըստ թուրքական «Haber5» լրատվական կայքի, հանդիպել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Թուրքական կայքին հղում անելով` «Պանորամա.ամ»-ն տեղեկացնում է, որ ավելի քան 2 ժամ տեւած հանդիպմանը կողմերը քննարկել են Իրաքին, Իրանին, Սիրիային, Լիբիային, Կիպրոսին, թուրք-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր:

Սակայն արդեն հանդիպումից հետո Էրդողանը լրատվամիջոցներին հայտարարել է, թե Օբամայի հետ քննարկել են նաեւ ղարաբաղյան հակամարտությունը: Ու մինչ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն արտգործնախարարների մակարդակով հայտարարել են իրենց 20-ամյա գործունեության կարեւորության ու առաջընթացի մասին` Էրդողանը, հստակ չէՙ ում անունից, նշել է, թե Մինսկի խմբի 20 տարիների աշխատանքներն անարդյունավետ են եղել: Ըստ իր իսկ մեջբերման` Էրդողանը Օբամային ասել է. «Լուծման համար, եթե պետք լինի ներգործություն ունենալ Ադրբեջանի վրա, մենք կանենք այն, ինչ մեր ուսերին է, իսկ Ռուսաստանը, Ֆրանսիան եւ դուք էլ Հայաստանի վրա ջանք թափեք»:

Բնավ էլ հասկանալի չէ, թե ինչ սկզբունքից ելնելով է Էրդողանը Ադրբեջանի վրա իր ազդեցությունը հակակշռել միանգամից երեք գերտերությունների ազդեցությամբ, այն էլ Հայաստանի վրա, բայց ակնհայտ է, որ թուրք վարչապետը (գուցե Օբամայի ականջից հեռու - Ա.Հ.) շարունակում է թուրք-ադրբեջանական թեզը` Մինսկի խմբի գործունեությունը փնովելու ուղղությամբ, երբ հենց Ադրբեջանի նախագահը նման գնահատական հնչեցնելու ռիսկի անգամ չի գնում:

Ամեն դեպքում, ըստ Էրդողանի, նա եւ Օբաման, ինչը հաստատապես տեղի է ունեցել` նկատի առնելով ժամանակահատվածն ու թուրքական նկրտումները, անդրադարձել են նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրին ու ԱՄՆ նախագահի ապրիլքսանչորսյան ուղերձին: Էրդողանն իր պարտքն է կատարել` Օբամային դժգոհելով, թե անկախ իշխանության ղեկին դեմոկրատ թե հանրապետական լինելուց ապրիլի 24-ին ընդառաջ Հայոց ցեղասպանության հարցը հայտնվում է օրակարգում: «Ամեն ապրիլին չպետք է օրակարգ գա այս հարցը», իր փոխանցմամբ` Օբամային ասել է Էրդողանը:

Ի դեպ, «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, Օբաման, իր հերթին, Էրդողանի հետ հանդիպումից հետո անդրադարձել է իրանական թեմային, շեշտելով, թե դիվանագիտական մեթոդներով իրանական միջուկային խնդիրը լուծելու «ժամանակավոր պատուհան» թեեւ դեռ կա, սակայն «այդ պատուհանը արդեն փակվում է»: Օբամայի տեղեկացմամբ, Միացյալ Նահանգները նաեւ «տարհամոզել» են Իսրայելին` չհարվածել իրանական միջուկային օբյեկտներին, շեշտադրմամբ, որ եթե դիվանագիտական ու տնտեսական պատժամիջոցները չաշխատեն, «ռազմական հարվածի հնարավորությունը կպահպանվի»:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4