«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#52, 2012-03-23 | #53, 2012-03-24 | #54, 2012-03-27


7-ՐԴՈՒՄ ԱՍՊԱՐԵԶԸ ՄՆԱՑ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ, ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ ԵՎ ...

«Ես որոշել եմ իմ թեկնածությունը հանել 7-րդ ընտրատարածքից եւ մաղթում եմ ամենայն բարիք եւ հաջողություններ իշխանական եւ ընդդիմադիր բոլոր թեկնածուներին», այսպես սկսեց իր ասուլիսը «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը : Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ թիվ 7 ընտրատարածքում մեծամասնականով իր թեկնածությունն էր առաջադրել նաեւ Հովհաննիսյանըՙ ընդդեմ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի եւ Հանրապետական կուսակցության թեկնածու Սամվել Ալեքսանյանի: Հովհաննիսյանը շաբաթավերջում հայտարարեց, որ եթե Նիկոլ Փաշինյանը համաձայնի, ապա ինքը պատրաստ է հրաժարավել մեծամասնական ձեւաչափով ընտրապայքարից: Երեկ Հովհաննիսյանը հայտարարեց, որ ինքնաբացարկ է հայտնում: Հովհաննիսյանը հայտարարեց, որ «Ժառանգության» ներկայացուցիչը հանդիպել է ՀԱԿ ներկայացուցչին` միասնական ճակատով պայքարելու առաջարկությամբ: «Ժառանգության» ներկայացուցիչն առաջարկել է, որ 21-րդ ընտրատարածքում բոլորը միասին պայքարեն ՀԱԿ-ի համար, իսկ 7-րդ ընտրատարածքում «Ժառանգության» համար: Մնացյալ ընտրատարածքներում` կամ «Դաշնակցության», կամ հասարակական սեկտորի ներկայացուցիչների համար: «Պետք է նշեմ, որ ՀԱԿ-ը մերժեց մեր այդ համագործակցության առաջարկը, սակայն ես հեռանում եմ մեծամասնական ճակատով պայքարից», ընդգծեց Րաֆֆի Հովհաննիսյանը` մաղթելով, որ խորհրդարանական գալիք ընտրությունները համապատասխանեն ազգային չափանիշներին:

«Որ Րաֆֆի Հովհաննիսյանն ինքնաբացարկ է հայտնել, Նիկոլ Փաշինյանն իմացել է առավոտյան, սակայն նրա լիազոր ներկայացուցիչը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից տեղեկացել է, որ «Ժառանգության» առաջնորդը ինքնաբացարկի դիմում չի գրել: ՀԱԿ ներկայացուցիչն առաջարկեց սպասել մինչեւ փաստի կայացումը: Փաշինյանն ասաց, որ անձամբ իր հետ «Ժառանգության» ներկայացուցիչները որեւէ հանդիպում, շփում չեն ունեցել: Նրա ներկայացմամբՙ երկու ուժերի ներկայացուցիչները հանդիպել են ընտրություններում առաջադրումներից առաջ, եւ Հայ ազգային կոնգրեսն առաջարկել է ներկայացնել «Ժառանգություն» կուսակցության մեծամասնական ընտրակարգով ընտրատարածքների քարտեզը, սակայն «Ժառանգության» ներկայացուցիչը երկար ժամանակ այդ քարտեզը չի ներկայացրել: «ՀԱԿ-ի ներկայացուցիչը նորից է կապվել «Ժառանգության» ներկայացուցչի հետ եւ առաջարկել քննարկել մեծամասմական ընտրակարգի հարց, սակայն պատասխանել են, որ հարցը կքննարկեն միայն առաջադրումներից հետո: Առաջադրումներից հետո «Ժառանգությունը» ՀԱԿ-ի առջեւ պայման է դրել. Րաֆֆի Հովհաննիսյանը կհանի իր թեկնածությունը թիվ 7 ընտրատարածքից եւ չի պայքարի Փաշինյանի դեմ, եթե ՀԱԿ-ը հրաժարվի 1, 4, 6, 9, 12 ընտրատարածքներում թեկնածուներից, որտեղ առաջադրվել են «ժառանգության» պատգամավորները: Փաշինյանի խոսքերով, «Ժառանգության» առաջարկը ՀԱԿ-ում գնահատել են անտրամաբանական եւ անհիմն: «Ինձ ուղղակի հետաքրքրական կլինի` ինչպիսի՞ն կլիներ «Ժառանգության» պատասխանը, եթե ՀԱԿ-ը նույն առաջարկը ներկայացներ, ուրեմն «Ժառանգությունը» մեծամասնականով թեկնածու չէր ունենա», ասաց Փաշինյանը` հավելելով, որ իրենք 38 ընտրատարածքում ունեն իրենց թեկնածուն («Ժառանգությունից» 10 անգամ ավել), եւ իշխանափոխություն իրականացնող ուժը չպետք է գնա զիջումների, իսկ եթե որեւէ ընդդիմադիր ուժից տրամաբանությանը մոտ առաջարկություն ստանան, ապա կքննարկեն:

Փաստորեն Հովհաննիսյանի ինքնաբացարկից հետո թիվ 7 ընտրատարածքում կպայքարեն գործարար Սամվել Ալեքսանյանն ու Նիկոլ Փաշինյանը: Վերջինս Ալեքսանյանին հրավիրեց հեռուստաբանավեճի` պարզելու, թե Ալեքսանյանն ինչպիսի քաղաքական գործիչ է: Սամվել Ալեքսանյանի հարցով նա նամակ է ուղարկել ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին:

«Երեւանի թիվ 7 ընտրատարածքի մանդատով Հայաստանի ԱԺ պատգամավոր համարվող Սամվել Ալեքսանյանը 4-րդ գումարման ԱԺ-ի գոյության ընթացքում գումարված բոլոր 10 հերթական նստաշրջանների քվեարկությունների կեսից ավելիին բացակայել է: ԱԺ կանոնակարգ օրենքի տրամաբանությամբՙ 4-րդ գումարման ԱԺ գործունեության ընթացքում Ալեքսանյանն առնվազն 10 անգամ պետք է զրկվեր պատգամավորական մանդատից, մինչդեռ մինչ օրս Ալեքսանյանը պահպանում է այն: ԱԺ կանոնակարգ օրենքի տրամաբանությամբ, եթե նա չի զրկվել մանդատից, նշանակում էՙ վերջին 5 տարվա մեծ մասը անաշխատունակ է եղել եւ անաշխատունակության թերթիկ է ներկայացրել: Հաշվի առնելով հարցի բացառիկ կարեւորությունը, պահանջում եմ, ներկայացնել այն հիմքերը, որոնց ուժով Ալեքսանյանի բացակայությունները անհարգելի չեն համարվում: Համոզված եմ, որ տվյալ խնդրի ուսումնասիրության համատեքստում կարող են ի հայտ գալ կոռուպցիոն երեւույթներ, որոնց մտադիր եմ իմ իրավասությունների շրջանակներում օրենքով նախատեսված ընթացք տալ», ասաց Փաշինյանը:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ. Գ. - Երեկ երեկոյան Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն պաշտոնապես դիմեց թիվ 7 ընտրատարածքային հանձաժողովին իր փաստաթղթերը չքննարկելու պահանջով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4