«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#52, 2012-03-23 | #53, 2012-03-24 | #54, 2012-03-27


ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ «ԴԱՐԴ ՉՈՒՆԻ»

Երբ խորհրդարանական նախորդ ընտրություններից առաջ ՀՅԴ-ն դարձավ իշխանական կոալիցիայի մաս, որի հիմնական կարգախոսն էր (ի դեմս` ՀՀԿ-ի)`«Առաջ, Հայաստան»-ը, ապա անգամ այդ ժամանակ, ԱԺ-ում ՀՅԴ խմբակցության անփոփոխ ղեկավար Վահան Հովհանիսյանը , իր իսկ խոսքերով, «Ո՛չ, չէր հավատում այդ կարգախոսին»: Այժմ, երբ նոր խորհրդարան ենք ընտրում, իսկ հնի` գործողի ընթացքում ՀՅԴ-ն իշխանական կոալիցիայի մաս կազմողից վերածվել է խորհրդարանական ընդդիմության, բնական է, որ նույն Վահան Հովհաննիսյանը չի հավատալու` ՀՀԿ-ի նոր կարգախոսին` «Հավատանք, որ փոխենք»:

Ու, առհասարակ, Վահան Հովհաննիսյանը երեկ լրագրողների հետ հանդիպմանը, ընդգծեց, որ «հավատը քաղաքական կատեգորիա չէ». «Ես հավատում եմ Աստծուն, այլ ոչ թե քաղաքական գործիչներին: Եթե քաղաքական մեծամասնությունը նույնպես հավատում է Աստծուն, ապա հնարավորություն կա, որ մենք միմյանց կհավատանք: Բայց ես հիմա դրա հիմքերը չունեմ», ասաց Հովհաննիսյանը: ՀՅԴ ներկայացուցիչը հիշեց դրվագ Նոր կտակարանից: Մասնավորապես այն պահը, երբ հարություն առած Քրիստոսին առաքյալներից մեկը «չի հավատում» եւ հավատում է միայն, երբ շոշափում է...:

«ՀՀԿ-ի համամասնական ցուցակը զննելով` փոփոխությունների հոտ չի գալիս, այդ ցուցակը ցույց է տալիս նաեւ նրանց կադրային բանկի սակավությունը, չինովնիկը մնում է չինովնիկ...»: Հիշեցնենք, որ խորհրդարանական վերջին ճեպազրույցների ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը իրենց համամասնական ցուցակին ուղղված քննադատություններին ի պատասխան ասել էր. «Թող իրենց ցուցակների դարդը լացեն: Էնպես չէ, որ իրենց ցուցակներում սրբեր են նստած»: Այս առումով էլ Վահան Հովհաննիսյանը երեկ արձագանքեց. «Ախր մենք դարդ չունենք, որ լացենք...»:

Ինչեւէ, «անդարդ» ՀՅԴ-ի ցուցակում ընդգրկված առաջին 20-ին, Վահան Հովհաննիսյանը հատկապես ընդգծեց, որ ուշադրություն դարձնենք. հավանաբար ՀՅԴ-ն կանխատեսում է հենց մոտ 20-տոկոսանոց արդյունք` գալիք խորհրդարանում: Ի դեպՙ ՀՅԴ ցուցակի քսաներորդ համարի մասին: Ինչպես գիտենք, այդ հորիզոնականը զբաղեցնում է պատգամավոր Լիլիթ Գալստյանը, ու այս հանգամանքը, որոշ աղբյուրների պնդմամբ, առաջացրել է Գալստյանի դժգոհությունը: Սակայն նախ ինքը` Լիլիթ Գալստյանն ավելի վաղ հայտարարեց, որ «բազմաթիվ այլ շրջանակներ կան իր համար` գործունեություն ծավալելու», այնուհետեւ, երեկ Վահան Հովհաննիսյանը հիշեցրեց, որ անցած ընտրություններում ՀՅԴ ցուցակում Գալստյանը զբաղեցնում էր քսանմեկերորդ տեղը, բայց անցավ խորհրդարան. «Այսօր Լիլիթը քսաներորդն է», ասաց Հովհաննիսյանը: Ինչ վերաբերում է պատգամավորներ Հրայր Կարապետյանի, որը նաեւ ԱԺ-ի պաշտպանության, ներքին գործերի ու ազգային անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահն է, եւ Արթուր Աղաբեկյանի` ՀՅԴ ցուցակում չհայտնվելու փաստին, ապա այս առումով Հովհաննիսյանը պարզաբանեց. «Նրանց կուսակցությունը այլ հանձնարարություններ է տվել: Ու առհասարակ, բյուրոյից միայն ես կամ ցուցակում, քանի որ, ի տարբերություն այլ կուսակցությունների, ՀՅԴ-ն բազմաթիվ այլ ոլորտներ եւս ունի` գործունեություն ծավալելու եւ պատասխանատվություն կրելու»:

Իսկ ՀՅԴ-ին, ինչպես բանախոսը նկատեց, «կարելի է սիրել, կամ չսիրել, բայց չիմանալ Դաշնակցության մասինՙ անհնար է»: Հենց այս պատճառով էլ Հովհաննիսյանը կասկածանքով է վերաբերվում «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» խմբի անցկացրած նախընտրական սոցհարցմանը, ըստ որի մեր հասարակության միայն 34 տոկոսն է «իրազեկված ՀՅԴ-ի մասին». «Ամեն հայ` մանուկ թե ծեր, թեկուզ բացասականորեն, բայց հաստատապես իրազեկված է Դաշնակցության մասին», ընդգծեց ՀՅԴ ներկայացուցիչը:

Հ. ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4