«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#52, 2012-03-23 | #53, 2012-03-24 | #54, 2012-03-27


ԶԱՐԱՔՈԼՈՒ-«ԶՈՐՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Տորոնտոյից «Զորյան ինստիտուտի» մամլո հաղորդագրությունը տեղեկացնում է, որ մարդու իրավունքների անխոջ պաշտպան Ռագըփ Զարաքոլուն, 2011 թվի հոկտեմբերից թուրքական բանտում գտնվելով հանդերձ, շարունակում է բացահայտել պատմական ճշմարտությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Համագործակցելով Կանադայում գործող «Զորյան ինստիտուտի» հետ, Զարաքոլուի «Բելգե Յայընլարը» հրատարակչատունը վերջերս թուրքերենով լույս է ընծայել Գերմանիայում նախապես հրատարակված Վուլֆգանգ Գուստի «1915-16 թթ. Հայոց ցեղասպանությունը: Փաստաթղթեր գերմանական արտգործնախարարության քաղաքական արխիվներից» եզակի արժեք ներկայացնող հատորըՙ Ալման Բելգելերի Սոքըրըմը 1915-16: Ալման Դըշիշլերի Բաքանլըղը Սիասի արշիվ Բելգելերի խորագրով:

Մոտ տասը տարվա աշխատանքի արդյունք գերմաներեն հատորը պարունակում է 218 հեռագրեր, նամակներ եւ հաշվետվություններ, որոնք Օսմանյան կայսրությունում տեղակայված գերմանական հյուպատոսարանի աշխատակիցները ուղարկել են Բեռլինի արտգործնախարարության գրասենյակ: Դրանք անկեղծ խոստովանություններ են, որովհետեւ «գաղտնի», «խիստ գաղտնի» դրոշմներով են ուղարկել եւ «ներքին օգտագործման» համար են նախատեսվել: Առաջին համաշխարհայինի օրերին գերմանացի դիվանագետները անարգել կարող էին մտնել ցեղասպանություն իրականացվող վայրեր եւ այնտեղից հաշվետվություններ ուղարկել առանց գրաքննության ենթարկվելու: 1915-ի դեկտեմբերին` ի պատասխան տեղի գերմանացիների վրդովմունքի, թե ինչպիսի անմարդկային վերաբերմունքի են արժանանում հայերը, Գերմանիայի այդ ժամանակվա կանցլեր եւ արտգործնախարար Թեոբալդ ֆոն Բեթման Հոլվեգը գրել է. «Մեր նպատակն է Թուրքիային մեր կողքին պահել մինչեւ պատերազմի ավարտը, անկախ այն բանից` հայերը դրանից կտուժեն, թե ոչ»: Հայերին այդ օրերին կոչել են «Արեւելքի հրեաները»:

Վերոնշյալ հատորի թուրքերեն թարգմանությունը մոտ յոթ տարի է տեւել գերմաներեն դիվանագիտական լեզվի հարուցած դժվարությունների պատճառով:

Փաստաթղթերի ժողովածուն հրատարակվել է «Զորյան ինստիտուտի» մշակած «Գիտելիքի ընդհանուր շտեմարան» ծրագրի շրջանակներում, որը նպատակ ունի իրազեկել թուրք հասարակությանը եւ նպաստել լարվածության թուլացմանը թուրքերի եւ հայերի միջեւ:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4