ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
30-էջանոց մեղադրական ճառ, որը մեղադրող Հարություն Հարությունյանը կարդաց մոտավորապես մեկուկես ժամում: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Մխիթար Պապոյանի, Հարությունյանը միջնորդեց ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանին դատապարտել 8 տարվա ազատազրկման` գույքի կեսի բռնագրավմամբ:
«Ազգը» նախորդ հրապարակումներում արդեն տեղեկացրել է, որ Մարգար Օհանյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու, պետական գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեջ: Մարգար Օհանյանը մեղադրվում է ճանապարհային ոստիկանությանը հատկացված բենզինը յուրացնելու գործում: Համաձայն մեղադրական եզրակացությանՙ նա պետությանը պատճառել է 197 միլիոն դրամի վնաս, որից փոխհատուցել է 177 միլիոնը: Օհանյանը դատական նիստերի ընթացքում բազմիցս կրկնել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում, իսկ վնասը փոխհատուցում է, որովհետեւ 31 տարի աշխատել է ոստիկանությունում: ՃՈ նախկին պետը բազմիցս կրկնել է, որ պատրաստ է վճարել է նաեւ 17 միլիոն դրամը:
Վերոնշյալ գործով, բացի Օհանյանից, մեղադրանք է առաջադրվել նաեւ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի նախկին հրամանատար Ստեփան Կարախանյանին, ՃՈ տնտեսական բաժնի աշխատակիցներ Սամվել Մախմուրյանին ու Արա Լեւոնյանին: Մեղադրական ճառում դատախազը միջնորդեց Կարախանյանի, Մախմուրյանի եւ Լեւոնյանի հանդեպ պայմանական ազատազրկում չկիրառել:
«Օհանյանը, հանդիսանալով ճանապարհային ոստիկանության պետ, կատարել է յուրացումներ, առանաձապես խոշոր չափերի: Այդ հարցում նրան օգնել են Սամվել Մախմուրյանն ու Արա Լեւոնյանը: Պաշտոնեական դիրքը չարաշահել ու առանձնապես խոշոր չափերի յուրացում է կատարել նաեւ Ստեփան Կարախանյանը»: Բացառությամբ Օհանյանի, մնացյալ ամբաստանյալները վերոնշյալ գործում իրենց մեղավոր են ճանաչել: Օհանյանը հենց սկզբից հայտարարել էր, որ անմեղ է եւ դատական նիստերից մեկի ժամանակ ասել, որ կատարվածը հաշվեհարդար է եւ այս կերպ իրենից վրեժ է լուծում ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:
«Սակայն այս հարցում որեւէ ապացույց չկա, Օհանյանի գործը քննում է ոչ թե ոստիկանությունը, այլ հատուկ քննչական ծառայությունը: Ապացույցներ չկան նաեւ Օհանյանի այն հայտարարություններում, որ հիվանդանոցում Կարախանյանի դեմ ճնշումներ են կիրառել, իսկ Մախմուրյանին եւ Լեւոնյանին մի քանի օր շարունակ պահել ոստիկանության նկուղում: Ինչ վերաբերում է Մարգար Օհանյանի այն հայտարարությանը, որ չկան իրեղեն ապացույցներ, այսինքնՙ իր անունով բենզինի կտրոն չի հայտնաբերվել, ապա հարկ է նշել, որ 2009թ. հունվարից մինչեւ 2011թ. հուլիսը Ճանապարհային ոստիկանությանը տրամադրվել է 3 միլիոն 360.000 լիտր բենզին, կտրոնների տեսքով: 2011թ. օգոստոսի 1-ի դրությամբ բենզինի կտրոնների մնացորդը կազմել է 51.600 լիտր: Մնացյալ բենզինն օգտագործվել է Մարգար Օհանյանի գիտությամբ եւ հովանավորությամբ», ասաց դատախազը:
Մեղադրական ճառը հրապարակելիս դատախազը կարդաց գործով անցնող 20 վկաների ցուցմունքները, առերեսումները: Գործով անցնող 4 ամբաստանյալներին Հարությունյանը բնութագրեց դրական անձնավորություններ` շեշտելով, որ Օհանյանն ու Կարախանյանը վատառողջ են: Դատախազը 4 ամբաստանյալներին պատիժ սահմանեց ազատազրկումը: «Միջնորդում եմ դատարանինՙ Մարգար Օհանյանին որպես պատիժ սահմանել 8 տարվա ազատազրկում եւ 2 տարի պետական պատասխանատու պաշտոններ չզբաղեցնելու արգելք: Սամվել Կարախանյանին, որը պետությանը փոխհատուցել է 20 միլիոն դրամի հասնող նյութական վնասը, 6 տարի ժամկետով ազատազարկում, սակայն պայմանականորեն չկիրառել` սահմանելով 4 տարի փորձաշրջան, Արա Լեւոնյանին եւ Սամվել Մախմուրյանին ազատազրկել համապատասխանաբար 5 տարի 6 ամիս եւ 5 տարի ժամկետներով, սակայն պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 3 տարի եւ 2 տարի ժամկետներով», ասաց դատախազը:
Պաշտպանական ճառն ու ամբաստանյալների ելույթը դատարանը կլսի ապրիլի 17-ին: Նույնն օր էլ կհրապարակվի բենզինի յուրացման գործով դատավճիռը: