«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#53, 2012-03-24 | #54, 2012-03-27 | #55, 2012-03-28


ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՄՇԱԿՈՒՅԹ ՀՈՐԻՆԵԼՈՒ ԽԱԽՈՒՏ ՃԱՆԱՊԱՐՀ

Մասսայական մշակույթը մարդկանց մեծամասնության ճաշակի եւ գիտակցության վրա ներգործուն ազդեցությամբ գերազանցեց իր ստեղծողների սպասելիքները. այն էՙ ձեւավորել գազոնային, համասեռ մտածողություն: Նպատակըՙ մասսաներին ավելի հեշտ մանիպուլացնել: Այսօր դրա զոհը հարյուրհազարներն են: Այդպիսի մշակույթին անմասնակից լինել չի կարող այսօր եւ ոչ մի ժողովուրդ: Ամենուրեք այն ստեղծվում ու տարածվում է զարմանալի արագությամբՙ երգ-երաժշտության, կինեմատոգրաֆի մեջ, գրականության թե կերպարվեստի: Այս ասպարեզներում միջազգային մրցույթների մասնակցությունը որեւէ երկրի մշակույթին ոչինչ իհարկե լրջորեն չի կարող տալ. սա ընդամենը ներկայության հարց էՙ հաճախ քաղաքականացված:

«Եվրոտեսիլի» այս տարվա մրցույթին Հայաստանի բացակայության օբյեկտիվ պատճառները հիմնավորվեցին: Նման միջազգային մրցույթների մասնակցությունը նոր զարգացող երկրների համարՙ ինքնաներկայացման եւս մեկ հնարավորություն է, ինչպես օրինակՙ Ադրբեջանի, որի մայրաքաղաքում է տեղի ունենալու «Եվրոտեսիլ-2012»-ը: Նրանց մասնակցության երգը ներկայացնող հաղորդագրության մեջ (Eurovision.az) գրված է, որ այն համադրություն է եվրոպական երաժշտական արժեքների եւ ադրբեջանական մշակութային ժառանգության: Արտառոց ոչինչ թվում է չկա, սակայն վերջին արտահայտության տակՙ (որպես մշակութային ժառանգություն) ակնարկվել է հայկական դուդուկը:

Հին քաղաքակրթություն, հարուստ պատմություն ու մշակույթ ունեցող երկրները կամ ժողովուրդները, որոնք այդ ամենի կրողն են, ինքնին կարիք չունեն պարապ ինքնագովազդի: Նման երեւույթը հատուկ է սեփական պատմության ու մշակույթի աղքատության բարդույթով տառապող ժողովուրդներին, որոնք «ստիպված են» այն լրացնելՙ յուրացնելով ու սեփականացնելով այլոց մշակույթները:

Քարոզչական այսպիսի գործելակերպը անհեթեթություն եւ պարզունակություն համարողները դրանք հերքելու անհրաժեշտություն հաճախ չեն տեսնում: Մեր օրերում, սակայն, տեղեկություններ ստանալու ամենահասանելի միջոցըՙ ինտերնետը հնարավորություն է տալիս շատ արագ տարածելու որեւէ նորություն, եւ որից օգտվող հատկապես երիտասարդ մարդիկ շատ հարցերի պատասխաններ փնտրում են այստեղ, եւ շատ պատկերացումներ, երբեմն անգամ գիտելիքներ են փորձում ձեւավորել այս հենքով: Սրանով էլ վտանգավոր են այս կեղծ կամ մակերեսային տեղեկությունները: Այսպիսի ճանապարհով ստեղծված պատմությունն ու մշակույթը, որ մատուցվում է ճշմարտության տեղ, ի վերջո մի օր, ցավոք, ընկալվում է որպես այդպիսին: Պատմությունն ունի բազմաթիվ նման վկայություններ:

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4