Կյանքի 92-րդ տարում վախճանվեց հայ նշանավոր կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանըՙ ժամանակակից հայ դասական երաժշտության մեծերից մեկը: Ստեղծագործական կյանքի տեւական շրջանը բեղուն էր, բազմերանգ, որ կայացավ հայ եւ համաշխարհային երաժշտական մշակույթի հարուստ ժառանգության վրա: Իր գործերը նա հարստացրեց նաեւ հայ ժողովրդական եւ աշուղական երգերի ինքնատիպ մեղեդայնությամբ:
Ալ. Հարությունյանի վաստակը հայ երաժշտական արվեստի զարգացման գործում հիրավի անգնահատելի է. 1954-ից մինչեւ 1990 թվականը նա Հայֆիլհարմոնիայի անփոփոխ գեղարվեստական ղեկավարն էր, 1962-ից դասավանդել է Երեւանի պետական կոնսերվատորիայում: Երաժշտական հարուստ ժառանգություն թողեց կոմպոզիտորըՙ «Տոնական նախերգանք» կոնցերտը, «Սիմֆոնիա»-ն, «Հայկական ռապսոդիա» (համահեղինակՙ Ա. Բաբաջանյան) երկու դաշնամուրի համար, «Հայաստանի պարերը» սիմֆոնիկ սյուիտը, «Ասք հայ ժողովրդի մասին» վոկալ-սիմֆոնիկ պոեմը, Կոնցերտ-ֆանտազիա 5 փողային նվագարանների համար, «Սայաթ-Նովա» քնարական-դրամատիկական օպերան (վերջինիս նոր բեմականացումն իրականացվեց անցած տարի), Սպիտակի երկրաշարժին նվիրված «Հայաստան-88» ջութակի կոնցերտը, որոնք համարվում են նրա լավագույն գործերից:
Ալ. Հարությունյանի երաժշտությունը բնորոշվում է ընդգծված արտահայտչականությամբ, զգացմունքայնությամբ, մեղեդիական լայն շնչառությամբ, դրամատիզմի տարրերով, գունային եւ ռիթմային հագեցվածությամբ: Ոչ միայն Հայաստանում, նաեւ երկրի սահմաններից դուրս նա ճանաչված եւ սիրված կոմպոզիտոր էր, իր ստեղծագործությունները հնչել են միջազգային նշանավոր բեմերումՙ Գերմանիայում, Լեհաստանում, Իտալիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Անգլիայում (Թագավորական սիմֆոնիկ նվագախմբի կողմից նաեւ): Փողային գործիքների համար նրա գրած մի շարք ստեղծագործություններ մտել են համաշխարհային ճանաչում ունեցող կատարողների նվագացանկ:
Կոմպոզիտորի ստեղծագործական վաստակը բարձր է գնահատվել, նա արժանացել է ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ ժողովրդական ատիստի, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման, պետական մրցանակի: Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործությունը հայ երաժշտական մշակույթի պատմության անբաժանելի մասն է ու հարստությունը:
Մ. Բ.