Դաղստանի հանրապետությունում Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության վարչությունը 52 օպերատիվ-պրոֆիլակտիկ միջոցառում է անցկացրել: Կազմվել է 329 վարչական արձանագրություն, 658 հազար ռուբլու տուգանք է սահմանվել: «ՌԻԱ-Դաղստան»-ի հաղորդմամբ, Ռուսաստանի Դաշնության միգրացիոն օրենսդրության խախտման դեպքեր արձանագրվել են հատկապես Ադրբեջանի քաղաքացիների կողմից: Մախաչկալայի Լենինյան շրջանի դատարանի որոշմամբ Ադրբեջանի 8 քաղաքացու նկատմամբ կայացվել է արտաքսման վճիռ:
Տեղեկատվությունը կարծես շարքային է. ոչ մի երկրի քաղաքացի օտարության մեջ, մանավանդ եթե բնակվում է օրենքի խախտմամբ, նման տհաճություններից ապահովագրված չէ: Խնդիրն այն է, որ Բաքվի իշխող վարչախումբը երկրի իրավիճակը ներկայացնում է այնպես, կարծես Ադրբեջանը «տասնյակհազարավոր օտարերկրացիների համար Ավետյաց երկիր է»:
Նույն օրը, երբ ռուսաստանյան լրատվամիջոցները տարածել են Դաղստանից Ադրբեջանի քաղաքացիների արտաքսման մասին լուրը, Բաքվում հրապարակվել է Իլհամ Ալիեւի աշխատակազմի բաժնի վարիչ Ալի Հասանովի հոդվածը: Այն ոչ ավել, ոչ պակաս քարոզում է, որ «Ադրբեջանը նոր աշխարհաքաղաքական իրողություններում ունի վճռական դերակատարություն»: Իսկ տնտեսական զարգացման նախարար Շահին Մուստաֆաեւը, որ, ի դեպ, տնտեսագետի որակավորում ստացել է Երեւանում, խոսում է «Հարավային Կովկասի տնտեսության մեջ Ադրբեջանի 70 տոկոս մասնաբաժնի» մասին:
Ո՞րն է իրականությունը, «տնտեսական հրաշքների երկիր» Ադրբեջա՞նը, թե՞ այդ երկրի միլիոնավոր քաղաքացիները, որ մի կտոր հաց են վաստակում Ռուսաստանում, Թուրքիայում, այլ երկրներում եւ երբեմն էլ ենթարկվում արտաքսման: Ճշմարտությունն, անշուշտ, երկրորդն է: Եվ թերեւս այդ պատճառով է, որ, չնայած Թուրքիայի եւ Իրանի միակողմանի ջանքերին, Իլհամ Ալիեւն այդպես էլ այդ երկրների հետ անցագրային ռեժիմը վերացնելու որոշում չի ընդունում:
Չէ՞ որ այդ դեպքում «ծաղկուն» Ադրբեջանից արտագաղթողների թիվն անհամեմատ կմեծանա, եւ «նորին բռնապետական մեծությունը» մի օր իր նստավայրում կմնա մենակ:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ