«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#54, 2012-03-27 | #55, 2012-03-28 | #56, 2012-03-29


ՄԱՐՏԻ 31-ԻՆ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԸ ԿԱՊԱՄՈՆՏԱԺԵՆ ՄԱՇՏՈՑԻ ՊՈՒՐԱԿԻ ՏԱՂԱՎԱՐՆԵՐԸ

Մաշտոցի պուրակում տաղավարների տեղադրման դեմ բողոքող բնապահպան ակտիվիստները նամակ են հղել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին` տեղեկացնելով, որ 40-օրյա պայքարից հետո իրենք որոշել են մարտի 31-ին ժամը 1-ին ապամոնտաժել պուրակում կառուցված անօրինական տաղավարները:

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը երեկ հանդես է եկել հայտարարությամբ` ակտիվիստներին կոչ անելով զերծ մնալ տաղավարների ապամոնտաժման գործողություններց, որը օրենսդրության պահանջներին ուղղակիորեն հակասող գործողություն է:

Պաշտպանը հավելել է, որ որ պուրակում տաղավարների տեղադրման իրավաչափության հարցը գտնվում է ՄԻՊ գրասենյակի ուսումնասիրման եւ քննարկման փուլում: Անդրեասյանը պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը քաղաքացիական նախաձեռնության կազմակերպությունների հետ` խնդրի կարգավորման համար իրավական լուծումներ գտնելու նպատակով:

Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ Աբովյան փողոցից ապամոնտաժված կրպակները մի քանի օր անց տեղադրվեցին Մաշտոցի պուրակում: Խնդրի առնչությամբ քաղաքապետարանը տարաբնույթ մեկնաբանություններ ու պատճառներ է ներկայացրել` հաճախ անհամոզիչ: Ընդդեմ այգու բետոնացման պայքարում են ոչ միայն քաղաքացիները, բնապահպան-ակտիվիստները, այլեւ բազմաթիվ մտավորականներ, արվեստագետներ, ովքեր կոչ են արել քաղաքապետարանինՙ ապամոնտաժել կրպակներն ու այգին բարեկարգել:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4