«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#54, 2012-03-27 | #55, 2012-03-28 | #56, 2012-03-29


«ԵՍ ԾԱԳՈՒՄՈՎ ԻՆՁ ՀԱՅ ԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ ՈՒ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՀԱՅԵՐԻՆ»

Սասունցի Սերոբը թեեւ 3-րդ անգամ է Հայաստանում, բայց այստեղ արդեն շատ ծանոթներ ու ընկերներ ունի: Նրանց մեծ մասի հետ ծանոթացել է ոչ թե այստեղ, այլ Մուշում:

Սերոբի տունն ու ընտանիքը Մուշում են, հայրը համշենահայ է, մայրը` քուրդ:

Չնայած Սերոբը հայերեն չգիտի, բայց հայ ընկերների հետ լավ էլ կարողանում է շփվել, ինքը քրդերեն է խոսում, ընկերները` հայերեն, բայց զարմանալիորեն իրար հասկանում են (այնուամենայնիվ, մեր հարցազրույցը թարգմանվում էր) :

Անկախ այս ամենից` Սերոբն իրեն ծագումով հայ է համարում ու սիրում է հայերին: Ու երբ Սերոբին տեսնեք Երեւանի փողոցներով քայլելիս, չեք տարակուսի` նա իրեն զգում է ինչպես իր տանը:

Հայաստան վերջին անգամ եկել էր 8 տարի առաջ, ուրախությամբ ասում է` այստեղ շատ բան է փոխվել, բայց ինքն ավելի շատ ու կոնկրետ փոփոխություններ կուզենա տեսնել, երբ հաջորդ անգամ գա Հայաստան: Իսկ առայժմ սպասում է Արեւմտյան Հայաստանից եկող հայերին, որոնց հետ ապրիլի 24-ին բարձրանալու է Ծիծեռնակաբերդ, հետո նրանց հետ կվերադառնա Մուշ:

Սերոբի տվյալներով` Մուշում ներկայումս 20 հազար համշենահայեր են ապրում, սակայն չկա որեւէ կազմակերպություն, որը կմիավորի իրենց, ուստի համշենահայերն առիթից առիթ են հավաքվում:

Թե ի՞նչ գործով է նա զբաղվում Մուշում, պատասխանում է, որ աշխատանքը շաքարի ֆաբրիկայում է, զբաղվում է նաեւ այգեգործությամբ, շինարարությամբ, եւ որ իր համար առանձնակի կարեւոր է` հանդիպում է Մուշ գնացող հայերին, հյուրընկալում իր տանն ու քաղաքում ուղեկցում դեպի հայկական մշակույթի պահպանված վայրերը:

Սերոբը հայերին հյուրընկալում է սիրով ու անշահախնդրորեն, ասում էՙ կվիրավորվի, եթե դրա դիմաց իրեն փող առաջարկեն: Նրա հյուրընկալ վերաբերմունքը փաստում են եւ ընկերները, իսկ Մուշ ժամանող զբոսաշրջիկները Սերոբի մասին իմանում են մեկը մյուսից:

Հայաստանում Սերոբը դեռ շատ տեղեր գնալ չի հասցրել: «Չնայած շատ հրավերներ ունեմ», նշում է զրուցակիցս, որն, այնուամենայնիվ, հասցրել է տեսնել ամենամոտ ընկերներին եւ սփյուռքի նախարարությունում հայտնել իր պատրաստակամությունն իրազեկելու Մուշի հայ պատանիներին ու երիտասարդներին «Արի տուն» ծրագրի մասին եւ օգնելու, որպեսզի նրանք էլ գան Հայաստան:

Խոսելով Հայաստանից այս անգամ ստացած տպավորություններից, Սերոբը մի տեսակ խուսափում է բացասական կողմերը նշելուց. «Եթե վատն էլ տեսնեմ, չեմ նկատի, որովհետեւ իմ ծագումն էլ հայի է»: Բայց համեստորեն մի քանի ցանկություններ նշում է, օրինակ` կուզենար Հայաստանում տեղական արտադրանքն ավելի շատ լիներ, հատկապես սննդամթերքը, մարդիկ ավելի շատ զբաղվեին անասնապահությամբ, ավելի շատ լինեին առողջարանները, եւ թված կոնկրետ փոփոխությունների մեջ նաեւ ընդգրկում է` կուզենար, որ տուրիստական վայրերն ավելի հարմարվետ ու գրավիչ դառնային:

Սերոբի հետ զրույցը շարունակեցինք դեպի կանգառ քայլելով, որտեղից գնալու էր Հոկտեմբերյան, Մուշից ժամանած 2 քուրդ ընկերների հետ մինչ մեկնելն այնտեղ է ապրում: Ու երբ ճանապարհին մի երեխայի տեսանք հոր ձեռքը բռնած գնալիս, Սերոբը մի քիչ անհանգստացած ասաց. «Այստեղ երեխաները կարծես քիչ են»:

Արդեն կանգառում Սերոբը փոքր-ինչ պատմեց եւ իր ընտանիքից. 5 երեխա ունի, եւ կինը ծագումով քուրդ է: Իսկ ընտանիքում հավատարմությունը Սերոբի համար ամենակարեւորն է. «Չնայած գեղեցիկ կանայք ամեն տեղ կան, բայց ես իմ խանումին երբեք չեմ դավաճանի»:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4