«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2012-03-28 | #56, 2012-03-29 | #57, 2012-03-30


ՎԱԽԵՆԱՆՔ ՆԱԵՎ... ԱՆԶԳՈՒՅՇ ԽՈՍՔԻՑ

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Քսան տարվա անկախ մեր երկրում համապետական եւ տեղական ընտրությունները, դրանցով ձեւավորվող իշխանությունը պետք է միջոց, նախադրյալ լինեն, ծառայեն երկիր, պետություն կառուցելու ու զարգացնելու նպատակին: Ընդսմին ընտրությունների հիմնական պատասխանատուի` գործող իշխանության վերընտրվելու եւ ունեցած իշխանությունը պահպանելու ցանկությունն ու ձգտումը եւս բնական են ու հասկանալի: Բայց նախ, դատելով իրադարձությունների ընթացքից, մեր երկրում իշխող քաղաքական կոալիցիայի եւ հատկապես` նրա առաջատար հանրապետական վերնախավի համար առաջիկա ընտրությունների պարագայում էլ բուն նպատակը հենց իշխանության ամեն գնով պահպանումն է մնալու: Համենայն դեպս, այդպես մտածել էր տալիս դրա հետ կապված հարցերում այս անգամ վարչախմբի շատ վաղ ցուցաբերած անհամբերությունն ու ջանադրությունը:

Թվում է, դրա առաջին ցցուն արտահայտությունը դեռ անցյալ տարվա փետրվարին, այսինքն խորհրդարանական ընտրություններից ավելի քան մեկ, նախագահական ընտրություններից` ամբողջ երկու տարի առաջ ընդունված եւ դրանով առնվազն տարակուսանքի տեղիք տված կոալիցիոն հռչակագիրը կամ հուշագիրն էր:

Այդ քայլը դժվար էր այլ կերպ գնահատել, քան այնպես, թե կառավարող քաղաքական կառույցների ղեկավարները գիշերը չեն քնում` ապրելով ոչ թե երկրում առկա բազում ծանր հիմնախնդիրների ու առտնին հարցերի, սոցիալական լարվածության, արտագաղթի խնդիրների լուծման ուղիներ գտնելու, այլ առաջին հերթին` դեռ յոթը սարից այն կողմ գտնվող ընտրություններում իրենց խմբային գործերը կարգավորելու մտասեւեռումով:

Եվ վերջապես, կա երկրորդ մեծ խնդիրը, հետեւանքների առումով երեւի առավել մտահոգիչը: Նույնիսկ խորհրդային տարիների ընտրությունները, որոնք իհարկե, ձեւական էին ու ամեն ինչ կանխորոշված էր «վերեւներում» կազմված ցուցակներով, մեր այս տարիների ընտրություններից երկու կարեւոր առավելություն ունեին: Նախ` որ ստեղծվող պատգամավորական կորպուսն իր կազմով իրոք ներկայացուցչական էր լինում, այնտեղ որոշակի համամասնությամբ ներկայացված էին լինում հասարակության կարելի է ասել բոլոր խավերն ու շերտերը, եւ այն էլ, որպես կանոն, իսկապես վաստակ ու հեղինակություն ունեցող, մի շարք կրթական, բարոյական եւ այլ չափանիշների համապատասխանող մարդիկ: Եվ գլխավորը. եթե այն ժամանակ ընտրությունները, թեկուզ առարկայական պատճառներով (մրցակցության, հետեւաբար եւ շահերի բախման բացակայություն), ինչ-որ չափով տոն էին դառնում ու դրանով մարդկանց միավորում էին, ապա մեր օրերում դրանք դարձել են մեր ժողովրդին պառակտելու, տրոհելու, եղբորը եղբոր դեմ հանելու, հասարակության տարբեր հատվածների միջեւ կամա թե ակամա ատելություն ու թշնամանք հրահրելու առիթ... Այ, սրանից պետք է վախենանք, սրա դեմն առնենք բոլորով:

Փետրվարի 12-ին հանրապետության կարծեմ չորս տասնյակից ավելի, այդ թվում` Շիրակի մարզի 9 համայնքներում անցկացված ՏԻՄ ընտրությունները գոնե ինչ-որ չափով կարելի է համարել գալիք խորհրդարանական ընտրությունների մանրակերտը: Թե ինչպիսին էին դրանք` այդ հիմա մի կողմ: Պատահաբար թե ոչ պատահաբար` հաջորդ օրը հրապարակվեց տեղեկատվություն իշխող քաղաքական կոալիցիայի նիստի մասին, որտեղ առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ կապված` արձանագրվել ու հավաստվել է, ի թիվս այլ բաների, կողմերի «փոխադարձ հանդուրժողականության մթնոլորտում եւ քաղաքակիրթ մրցակցության կանոններով ընտրություններին մասնակցելու» պատրաստակամությունը, ընտրություններում «քաղաքական զսպվածության եւ կոռեկտության սկզբունքների ապահովման անհրաժեշտությունը»: Այս զմայլելի խոսքերի հետ հակառակի պես նույն օրը` նշված ՏԻՄ ընտրությունների հաջորդ առավոտյան, Շիրակի մարզպետարանի սովորաբար զուսպ եւ հավասարակշռված տեղեկատվությամբ կայքէջում տպագրվել էր մի անսովոր, ըստ ամենայնի` այս անգամ երեւի կուսակցական աղբյուրից «իջեցված» ճռճռան, նաեւ 37 թվի եզրաբանությամբ վախեցնող հաղորդագրություն` «Թափանցիկ եւ արդար ընտրություններ Շիրակի մարզում» վերնագրով: Դրա նաեւ լեզվական անկապությունները չկրկնելու համար ասենք միայն մոտավոր բովանդակության մի մասը: Ըստ այդմ, ուրեմն, կայացել են ամենաբարձր մակարդակով, ազատ ու «անկախ» ընտրություններ, որոնք Հայաստանի հանրապետական կուսակցության որդեգրած քաղաքականության եւ կամքի արտահայտություն են, եւ ոչ թե երկիրը քանդող սադրիչների ու ազգի թշնամիների անարդյունք ու չհիմնավորված... (կներեք) վայրահաչության»: Դե, երեւի նկատի ունենալով մայիսի խորհրդարանական ընտրությունները, տեղեկատվության հեղինակը խրոխտաբար նաեւ մարգարեանում էր, թե «բնակչությունն» էլ ինչպես եղել է, այնպես էլ «կմնա խելոք» եւ չի տրվի ոչ մի սադրանքի, «մի քանի չկայացած ու ժողովրդի թշնամի համարվող ուժերին»...

Կրկնում ենք, սա հատուկ չէ Շիրակի մարզպետարանի կայքէջի ոճին եւ երեւի ինչ-որ թյուրիմացության, մեկի պարզ մարդկային մոլորության ու պահի սխալ մտածողության արդյունք է: Այսպես ասած` մասնավոր դեպք, որի մասին ուրիշ անգամ գուցե չարժեր էլ գրել: Բայց գրեցինք` ցանկանալով, որ նման սադրիչ ու վտանգավոր տրամադրությունները ում կողմից որ հարկն է` ժամանակին զսպվեն եւ ոչ մի կերպ տեղ չգտնեն ոչ ընտրական քարոզարշավում, ոչ այլ տիպի հրապարակային բանավոր կամ գրավոր խոսքում:

Այս կապակցությամբ մեջբերենք ժողովրդական իմաստուն մի զրույց, որ քաղել ենք «Գրական թերթի» մարտի 16-ի համարից: Ծեր հնդիկը պատմում է թոռանը. «Ամեն մարդու մեջ կռիվ է ընթանում, որը նման է երկու գայլերի կռվի: Գայլերից մեկը նախանձն է, եսասիրությունը, չարությունը, մեծամտությունը... Մյուս գայլը խաղաղությունն է, սերը, ճշմարտությունը, հավատարմությունը...»: Կարճ մտորումից հետո թոռը հարցրեց. «Իսկ ո՞ր գայլն է հաղթում»: Ծեր հնդիկը ժպտաց. «Միշտ հաղթում է այն գայլը, որին կերակրում ես»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4