«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2012-03-28 | #56, 2012-03-29 | #57, 2012-03-30


ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԺԱՄԱՆԱԿ ԿԳՐԱՆՑՎԵՆ 80% ՇԵՆՔԵՐԻ ՓԼՈՒԶՈՒՄ ԵՎ 300.000 ԶՈՀ

Ցանկության դեպքում շենքերի փլուզումը կարելի է կանխել

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Խորհրդային ժամանակահատվածում հանրապետությունում կառուցված բազմահազար շենքերը սեյսմիկ պահանջներին ոչ միայն այսօր, այլեւ 60-70-ականներին չէին բավարարում: Պատճառն այն է, որ չափանիշների ներդրման ժամանակ իրական սեյսմիկ վտանգը թերագնահատվեց: «Առավել բարձր սեյսմակայունություն ունեցող շենքերի կառուցման համար ավելի շատ գումար էր հարկավոր, եւ կոմունիստական կառավարությանը չէր հետաքրքրում Հայաստանի պարագան, նրա համար միեւնույն էր` շենքերը կփլվե՞ին, մի քանի հարյուր հազար մարդ կմահանա՞ր, թե ոչ, եւ սեյսմակայուն շինություններ կառուցելու համար շատ փող չծախսելու համար Հայաստանի սեյսմիկ վտանգը գնահատվեց յոթ բալ: Եվ ունեցանք Սպիտակի աղետը: Շինարարության ամենամեծ թերությունը իրական սեյսմիկ վտանգի թերագնահատումն էր: Երեկվա 7 բալն այսօրվա գործող նորմերով 9 բալն է: Սպասվող երկրաշարժի ազդեցությունն անհամեմատ ավելի մեծ կլինի, քանի որ յոթբալանոց երկրաշարժի համար կառուցված շենքը ինը բալանոց երկրաշարժին չի դիմանա», ասում է Սեսյմակայուն շինարարության հայկական ասոցիացիայի նախագահ Միքայել Մելքումյանը, որը Սպիտակի աղետից հետո գիտական կյանքը նվիրեց գոյություն ունեցող շենքերի սեյսմակայունության հարցին:

Օպերայից մինչեւ Սարյանի թանգարան, Ազգային պատկերասրահ, կառավարության շենք ու «Մարիոթ» հյուրանոց, եկեղեցիներ, հուշարձաններ: Դրանք սեյսմավտանգ ենՙ երկրաշարժի դեպքում նրանց գոյությունը վտանգված է: Մելքումյանի գնահատմամբ` ամենասեյսմավտանգ քաղաքը Երեւանն է: Այստեղ կուտակված է ազգաբնակչության քառասուն տոկոսը: Հաջորդականությամբ սեյսմավտանգ քաղաքներ են համարվում Գյումրին եւ Վանաձորը: «Երկրաշարժի դեմ պայքարելու միակ ձեւը սեյսմակայուն շինություն ունենալն է», ասում է Մելքումյանը:

1997-99թթ. Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունում Մելքումյանի կատարած գիտական աշխատանքը փաստել է, որ նույն ուժգնությամբ երկրաշարժի կրկնվելու ժամանակ կունենանք 80% շենքերի փլուզում եւ 300.000 զոհ: «Վերլուծությունը ներկայացվել է համապատասխան գերատեսչություններին: Գրվեց Երեւանի տարածքի եւ ՀՀ սեյսմիկ ռիսկի նվազեցման ծրագիր, որը կառավարությունն ընդունեց, բայց չիրագործեց ֆինանսների բացակայության պատճառով:

Ծրագիրը ներառում էր միջոցառումներ, որտեղ առաջնային խնդիր էին գոյություն ունեցող շենքերի սեյսմապաշտպանությունը, սեյսմազինվածության բարձրացումը», ասում է Մելքումյանը` հավելելով, որ ավելի ուշ ծրագիրը կրկին վերանայվեց, վերահաստատվեց, սակայն ապարդյուն. կապիտալ շենքերի ամրացման համար անհրաժեշտ ֆինանսները բացակայում էին: Ավելի ուշ Մելքումյանն առաջարկեց, օգտագործելով Երեւանի սեյսմիկ ռիսկի շենքերի փլուզման քարտեզները, ամենախոցելի շենքերից սկսած ամրացնել կառույցները: Մելքումյանը հավելում է, որ այդ պարագայում անհաժեշտ էր օգտագործել միջազգային փորձն ու հատկապես լուրջ ուշադրություն դարձնել կրթական օջախներին, առողջապահական կառույցներին եւ կառավարական շենքերին: Գիտնականը պատմում է, որ գոյություն ունի շենքերի ամրացման ավանդական մեթոդ, որը կիրառելիս շենքը պետք է դատարկվի, շահագործումը դադարեցվի: Այս մեթոդը չափազանց թանկ, ժամանակատար եւ Հայաստանի նման նվազ բյուջե ունեցող պետության համար շռայլություն:

Շերտավոր ռետինե մետաղական հենարանին, որը մասնագետներն անվանում են սեյսմամեկուսիչներ, Մելքումյանը ծանոթացավ 90-ականների սկզբներին` Տոկիոյի համալսարանի արդյունաբերական գիտության ինստիտուտում աշխատելու տարիներին: Շենքերի սեյսմակայունության պաշտպանման համար Մելքումյանը ստեղծել է երկու եղանակ: «Առաջին եղանակը, որը ճանաչվեց գյուտ, ներառում է շենքի առանց շահագործման դադարեցման կտրում հիմքից եւ հիմքի ու շենքի արանքում սեյսմամեկուսիչների տեղադրում: Այդ տեխնոլոգիան հնարավորություն է տալիս աշխատանքը կատարել առանց ավելորդ ծախսերի, ինչպիսիք են մարդկանց ժամանակավոր կացարանով ապահովելը: Աեյսմամեկուսացման համակարգը մասամբ կլանում է էներգիան, եւ այն նորից վերադառնում է երկրակեղեւ, առանց վնասելու շենքը: Սեյսմամեկուսիչ շենքերը երկրաշարժի ժամանակ մնում են չդեֆորմացված: Դրանք շատ ճկուն են եւ գոյություն ունեցող շենքի ամրացման վերաբերյալ ավանդական մեթոդների համեմատությամբ երկուսից երեք անգամ էժան են», ասում է Մելքումյանը: Երկրորդ մեթոդը սեյսմոլոգներն անվանում են տատանումների մարիչի մեթոդ: «Շենքերի վրա լրացուցիչ հարկ է կառուցվում եւ ստեղծում տատանումների մարիչ, որը միանում է շենքին եւ սեյսմամեկուսիչների միջոցով 2 անգամ նվազեցնում է շենքի վրա ազդող սեյսմիկ ուժերը», ասում է Մելքումյանը: Նա փաստում է, որ սեյսմամեկուսիչների փոխարինման անհրաժեշտություն չկա, որովհետեւ ռետինի տեխնոլոգիան այնքան է զարգացել, որ դրանց փոխարինման կարիք չի զգացվում: Մելքումյանի խոսքերով, ժամանակի ընթացքում փոխվեց հատկապես շինարարական ընկերությունների վերաբերմունքը սեյսմակայուն շենքի կառուցման հանդեպ: Այս ժամանակահատվածում Մելքումյանն ավելի քան 30 շենք է ամրացրել: «Սակայն վերաբերմունքը պետք է փոխվի, շենքերի սեյսմակայունությունը պետք է դառնա ոչ միայն մասնավոր ընկերությունների, այլեւ պետության հոգածության կենտրոնում, եւ պետք է քայլ առ քայլ արդեն կառուցված շենքերն ամրացվեն», ասում է նա: Կառավարությունում շուտով կընթանա օրենքի նախագծի քննարկում, համաձայն որիՙ նոր կառուցվող շինություններում պետք է գործեն սեյսմակայունության տեխնոլոգիաները: Նախաձեռնությունը գովելի է, սակայն ոչ բավարար: Պետք է նաեւ ուղիներ փնտրել, արդեն կառուցված շենքերի սեյսմակայունությունը բարձրացնելու ուղղությամբ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4