Փորձում է հայկական սփյուռքի ճնշումներից ազատել ԱՄՆ նախագահին
Հ. ՉԱՔՐՅԱՆ
Ամեն տարի ապրիլի 24-ի մոտեցմամբ Թուրքիան խուճապի էր մատնվում: Այս տարի, չհաշված մարտի 20-ին ԱՄՆ-ի Կոնգրես ներկայացված Հայոց ցեղասպանության ճանաչման նոր բանաձեւը, իրավիճակը Թուրքիայի համար, անհամեմատ նախընտրելի է: Մանավանդ որ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը մերժեց ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը:
Ընթացիկ տարում իրավիճակի համեմատաբար նախընտրելիության համար Թուրքիան ամենայն հավանականությամբ պարտական է Սիրիայի քաղաքական զարգացումներին, հատկապես նախագահ Բաշար Ասադի եւ Իրանի հարցերում Վաշինգտոնի առաջադրանքներից բխող հանձարարականներին, որոնց իրականացման առումով վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թագավորից ավելի թագավորական երեւալու ոչ մի ջանք չի խնայում: Թերեւս այդ զարգացումները պետք է պայմանավորած լինեն ժխտողականության քրեականացման օրինագիծը մերժելու Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշումը:
Սակայն ապրիլի 24-ը Թուրքիայում սոսկ պետական կառույցներին խուճապի չի մատնում: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ հետեւողականորեն պայքարում են քաղաքացիական հասարակության գրեթե բոլոր կազմակերպությունները, ներառյալՙ արհմիությունները, ռազմավարական կենտրոնները, գիտական եւ ուսումնական հաստատությունները: Դա էլ պայմանավորված է Հայոց ցեղասպանությունը ժխտելու հարցում Թուրքիայում առկա պետություն-հասարակություն համերաշխությամբ, որը հայատյացությամբ է վարակում թուրքական իրականությունը:
Գիտական եւ ուսումնական այս հաստատությունների մեջ ժխտողականությունը հիմնավորելու եւ հայատյացությունը երկրում տարածելու առումով առաջամարտիկի դեր է կատարում Էրզրումի «Աթաթուրք» համալսարանը: Ոչ միայն այն պատճառով, որ «Ցեղասպանության անհիմն պնդումների դեմ պայքարի» միության նախագահ, դոցենտ Սավաշ Էղիլմեզը այս համալսարանի բանասիրության ֆակուլտետի դասախոսներից է:
Պայքարի այս միությունը, ինչպես մարտի 28-ին տեղեկացրել է «Ջիհան» լրատվական գործակալությունը, պատրաստել է մի տեսահոլովակ այն երկրների անցյալի մասին, որոնք Թուրքիային պարտադրում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, պահանջելով առերեսվել պատմության հետ:
Տեսահոլովակի շնորհանդեսին, ըստ «Ջիհանի», ելույթ է ունեցել Էղիլմեզը: Նա դժգոհել է պատմության հետ առերեսվելու պահանջով Թուրքիային դիմող երկրներից, ասելով, որ վերջիններս չիրագործած մեղքի համար հանիրավի դատապարտում են թուրքական պետությանը: Ապա Էղիլմեզն ավելացրել է. «Թուրքիան իր պատմությանը վերաբերող բոլոր արխիվները բացել է թուրք եւ օտարերկրացի պատմաբանների առջեւ, եւ ուսումնասիրության համար նրանց տրամադրել է անհրաժեշտ փաստաթղթերը: Սակայն ուսումնասիրություններով հատկապես այսպես կոչված Հայոց ցեղասպանությունը հաստատող ոչ մի փաստաթուղթ չի հայտնաբերվել: Այլ կերպ թուրքերն արդեն առերեսվել են սեփական պատմության հետ, բայց վարկաբեկող որեւէ փաստ այնտեղ չի հայտնաբերվել»:
Էղիլմեզն այնուհետեւ անդրադարձել է Թուրքիային Հայոց ցեղասպանության ճանաչումը պարտադրող երկրների վերաբերյալ իրենց կատարած ուսումնասիրությանը ու շարունակել. «Մենք կանգնեցինք բազմաթիվ ցեղասպանությունների եւ կոտորածների փաստի առջեւ: Այս փաստերը համադրելով տեսագրությունների հետ 4 լեզվովՙ թուրքերեն, անգլերեն, գերմաներեն եւ ֆրանսերեն, պատրաստեցինք վավերագրական մի տեսահոլովակ: Այս տեսահոլովակում, ի տարբերություն 1915-ի իրադարձությունների շուրջը ծավալվող իրարամերժ բանավեճերի, անվիճելիորեն ապացուցվում են խնդրո առարկա երկրների իրագործած կոտորածները: Չգիտես ինչու դրանք վրիպում են միջազգային հասարակական կարծիքի ուշադրությունից»:
Էղիլմեզը շնորհանդեսի մասնակիցներին հիշեցրել է ապրիլի 24-ի նախօրեին ԱՄՆ Սենատում եւ Ներկայացուցիչների պալատում հայկական սփյուռքի այսպես կոչված հակաթուրքական գործունեության, ինչպես նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վրա գործադրած ճնշումների մասին, որ նա այդ օրը օգտագործի «ցեղասպանություն» բառը: Վերջում Էղիլմեզը եզրակացրել է. «Սփյուռքի ճնշումները գոնե մի քիչ թուլացնելու համար մենք մեր պատրաստած վավերագրական տեսահոլովակը ուղարկելու ենք նախ Բարաք Օբամային, ապա Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի բոլոր անդամներին: Միաժամանակ աշխատելու ենք, որ տեսահոլովակը «Ցեղասպանության անհիմն պնդումների դեմ պայքարի» միության կայքէջի therealhistory.org-ի միջոցով հասանելի լինի շատերին»: