«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2012-03-28 | #56, 2012-03-29 | #57, 2012-03-30


«ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԹՈՒՐՔԻԱՆ ԿՐՃԱՏԻ ԻՐԱՆԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՆԱՎԹԻ ԾԱՎԱԼԸ»

Հայտարարել է ամերիկյան դեսպանը այն պահին, երբ Իրանի նախագահին էր հանդիպում վարչապետ Էրդողանը

Թուրքիայի վարչապետ Էրդողանը Սեուլից ուղեւորվել էր Թեհրան: Մինչ նա երեկ շարունակում էր բանակցությունները Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարների հետ, ահա նույն օրը Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ռիկարդոնեն հայտարարում է. «Որոշ երկրներ արդեն կրճատել են Իրանից ներմուծվող նավթի ծավալները: Ակնկալում ենք, որ Թուրքիան եւս համանման որոշում ընդունի»:

Երեկ անդրադառնալով դեսպանի հայտարարությանը, թուրքական «Դունիա բուլթենի» կայքը նշում է, որ Ռիկարդոնեի հայտարարությունը յուրատեսակ ուղերձ է Թուրքիային հասցեագրված, եւ դա արվել է այն պահին, երբ Թեհրանում վարչապետ Էրդողանը հանդիպում էր Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ:

Համենայն դեպս դեսպանն այս հայտարարությունը արել էր «Քոչ» համալսարանի կազմակերպած միջոցառմանը, ապա անդրադարձել Սիրիայի քաղաքական զարգացումներին, ընդգծելով, որ ԱՄՆ-ը ու Թուրքիան Սիրիայի հարցում սերտորեն համագործակցում են եւ համատեղ ջանքերով են փորձում հասնել հարցի կարգավորմանը: Նա անդրադարձել է նաեւ «Մավի Մարմարայի» միջադեպից հետո առաջացած, ապա սուր հակասության վերաճած Թուրքիա-Իսրայել տարաձայնություններին, որոնց առնչությամբ ասել է. «Թուրքիան եւ Իսրայելը պետք է բարեկամանան: Նրանց բարեկամության համար մենք կանենք այն, ինչ մեզնից է կախված, որովհետեւ երկու կողմերի հետ էլ ունենք սերտ կապեր»:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4