«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2012-03-28 | #56, 2012-03-29 | #57, 2012-03-30


ԱԼԵՐԳԻԱՆԵՐԸ ՍՐՎՈՒՄ ԵՆ ԱՊՐԻԼԻՑ

Գարնանը սրացումների շրջան է նաեւ ալերգիա ունեցողների համար: Ալերգոլոգ Աստղիկ Բաղդասարյանը նշում է, որ ալերգիաները սրվում են հատկապես ապրիլից, ու շրջանը կարող է հասնել մինչեւ հոկտեմբեր: Ըստ նրա` ալերգեն հիմնական ազդակները խոտերից արտազատված փոշիներն են, ալերգիայի տարածված տեսակներն առաջանում են նաեւ շներին ձեռք տալուց, այս դեպքում սա համարվում է շան ալերգիա, 3-րդ եւ ամենատարածված ազդակը փոշու տզերն են:

Իսկ բազմիցս ալերգիկ ռեակցիաների պատճառ դարձած լվացքի փոշիները, որոնք ներկրվում են Հայաստան, արդյոք հետազոտվո՞ւմ են, եւ ի՞նչ տվյալներ ունեն ալերգոլոգները դրանց ալերգեն ազդակների մասին: Երեկ «Արմատ» ակումբում անդրադառնալով «Ազգի» հարցին` Աստղիկ Բաղդասարյանը պատասխանեց. «Որքանով ես տեղեկացված եմՙ Հայաստանում նման հետազոտություն չի կատարվել»:

Ալերգոլոգն ընդգծում է, որ համաշխարհային պրակտիկայում կան դեպքեր, երբ ալերգիայի սրացումը հանգեցրել է մահվան: Հիմնականում նման սրացումներ լինում են միջատների խայթոցից ու որոշակի դեղորայքի օգտագործումից:

Թե Հայաստանում ալերգիկ հիվանդների թիվը որքա՞ն է եւ սեզոնային ու տարիքային ի՞նչ վիճակագրություն կա, ալերգոլոգը հստակ չի նշում, քանի որ ոչ բոլորն են ալերգիայի դեպքում դիմում բժշկի:

Ընդհանուր առմամբ` մասնագետները խորհուրդ են տալիս ժամանակին դիմել բժշկի եւ օգտագործել մասնագետի նշանակած դեղորայքը:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4