Փարիզի (Վերսալ) գրքի 32-րդ միջազգային տոնավաճառը տեղի ունեցավ մարտին. Հայաստանի մասնակցությունը 5-րդ անգամն էր եւ 3-րդ տարին, որ հայկական կողմը ֆրանսահայ հրատարակչությունների համագործակցությամբ էր ներկայանում: Մեր տաղավարը Հայ գրատպության 500-ամյակի եւ Երեւանը գրքի միջազգային մայրաքաղաք հռչակելուՙ 2 կարեւոր իրադարձություններ խորհրդանշող պաստառներով ավելի տպավորիչ է եղել, միաժամանակ պատասխանատվության ավելի բարձր զգացում պահանջել: «Նոր Յառաջ»-ը տեղեկացնում է, որ հայկական տաղավար է այցելել Արգենտինայի մշակույթի նախարարը: Ինչպես հայտնի է, գրքի համաշխարհային նախորդ մայրաքաղաքը (2011-ի) Բուենոս Այրեսն էր, ապրիլի 22-ին Արգենտինան այս տիտղոսը հանձնելու է Երեւանին, իր հերթին մեր մայրաքաղաքն էլՙ Բանկոկին: Հայկական գրքի տաղավարն այցելությամբ պատվել է Շառլ Ազնավուրը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիթեչյանի ուղեկցությամբ: Հայաստանի պատվիրակության պաշտոնական ներկայացուցիչ, մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը ծանոթացրել է պատվավոր հյուրերին ցուցադրված նմուշներին, գրքեր նվիրել նրանց:
Ֆրանսիա այցելության այս նույն օրերին, Փարիզում Հայաստանի եւ Ֆրանսիայի կինոյի ազգային կենտրոնների միջեւ համագործակցության համաձայնագիր է ստորագրվել:
Մ. Բ.