Փարիզի Միսաք Մանուշյանի անունը կրող փողոցից ոչ հեռու, քաղաքի 20-րդ թաղամասում 8-հարկանի շենքի պատի 200 քմ մակերեսին վերջերս ստեղծված որմնանկարը նվիրված է Երկրորդ աշխարհամարտի տարիներին ֆրանսիական դիմադրության շարժման ակտիվ մասնակից Միսաք Մանուշյանի եւ նրա համախոհների հիշատակին:
Շենքի սեփականատերերի խորհրդի այս հղացումը հաստատվել է թաղապետարանի, թաղային եւ գեղարվեստական խորհուրդների նյութական եւ բարոյական աջակցությամբ: Որմնանկարի բացումը կատարվել է օրեր առաջ. այս մասին տեղեկացնում է Փարիզի «Նոր Յառաջը»: Արարողությանը ներկա են եղել պատգամավորներ, քաղաքապետարանից եւ տարբեր միություններից ներկայացուցիչներ, որմնանկարի հեղինակըՙ ծագումով ռուս արվեստագետ Ա. Պոպովը: Բացման խոսքով հանդես է եկել թաղապետուհին:
Մեծ եղեռնի նահատակ ծնողների զավակ Մ. Մանուշյանը Ֆրանսիա տեղափոխվել է 1925 թ.: Եղել է Ֆրանսիայի Կոմկուսի անդամ, հասարակական-մշակութային լայն գործունեություն է ծավալել, լույս է ընծայել «Ջանք» գրական-գեղարվեստական հանդեսը, խմբագրել «Զանգու» շաբաթաթերթը, գրել է նաեւ բանաստեղծություններ: Երկրորդ աշխարհամարտի տարիներին մասնակցել է դիմադրության շարժման պայքարին, դրա ղեկավարներից է եղել, 1943-ին նշանակվել է «Ստալինգրադ» ջոկատի հրամանատար, ապաՙ Փարիզի շրջանում գործող պարտիզանական, ինտերնացիոնալ ջոկատների հրամանատար: Ձերբակալվել, 1944-ին մարտական 22 ընկերների հետ գնդակահարվել է: Նրա ծառայությունները բարձր է գնահատել ֆրանսիական կառավարությունըՙ հետմահու պարգեւատրելով «Պատվո լեգեոն» շքանշանով, իր պատվին փողոցներ են անվանակոչվել Փարիզում, Մարսելում, Առնուվիլ լե Գոնեսում, Գարդանում: Փարիզում տեղադրվել է հուշարձան, Մարսելում եւ Երեւանում նույնպես: Մահից 3 տարի անց Փարիզում լույս է տեսել նրա բանաստեղծությունների ժողովածուն, վերահրատարակվել է Երեւանում:
Մ. Բ.