Սակայն Արեւմուտքի պարագայում ձախողումը հաճախ վերածվում է առավելության
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
Սիրիայի բարեկամների խմբի հանդիպումը, ինչպես տեղեկացրել էր «Ազգը», տեղի ունեցավ ապրիլի 1-ին Ստամբուլում: Հանդիպմանը ներկա էին 82 երկրներ, ՄԱԿ-ը, Արաբական լիգան, Եվրոմիությունը, «Իսլամական համագործակցություն» կազմակերպությունը, Աֆրիկյան միությունը, սակայն Ռուսաստանը, Չինաստանն ու Իրանըՙ ոչ:
Իրանի բացակայությունը թերեւս կարելի էր հասկանալ, որովհետեւ հանդիպման նախօրյակին Թեհրան այցելած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը մեկ օր սպասեցնելուց հետո էր ընդունելՙ պատճառաբանելով, թե վատառողջ է: Մինչդեռ Իրանի նախագահը հենց նույն օրը երկու պատվիրակություններին էր հանդիպել:
Հաշվի առնելով Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի առանցքային դերը Սիրիայի հարցում, դժվար չէր կռահել, որ այս երկրների բացակայությունը ձախողման է դատապարտելու հանդիպումը: Ինչպես երեւում է, «Սիրիայի բարեկամների» ստամբուլյան հանդիպումն առանց դրա էլ ձախողված պետք է համարվի:
Ձախողմումը միջազգային շրջանակներում բացատրվում է սիրիական ընդդիմության մասնատվածությամբ, քրդերի առարկությամբ, Ռուսաստանի եւ Չինաստանի հակազդեցության պատճառով քաղաքական զարգացումներին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ներգրավման անհնարինությամբ, այդ թվումՙ տնտեսական ճգնաժամի հետեւանքով ԵՄ-ի, իսկ նախագահական ընտրություններիՙ ԱՄՆ-ի կաշկանդվածությամբ:
Այդ կաշկանդվածությունը նպաստում է Սիրիայի հարցում Թուրքիայի աննախադեպ ակտիվությանը, որին էլՙ օտարերկրյա միջամտության համար հող նախապատրաստելու Վաշինգտոնի հանձնարարականը:
Թերեւս հանձնարարականի առումով պատահական չէր վարչապետ Էրդողանի ելույթը հանդիպմանը. «Ես այսօր մեկ անգամ եւս հիշեցնում եմ իմ սիրիացի եղբայրներին, որ նրանք միայնակ չեն: Թուրքիան շարունակելու է եղբայրական Սիրիայի ժողովրդի կողքին լինել: Թող ոչ ոք չկասկածի: Ովքեր անմեղ մարդկանց արյունն են թափում վաղ թե ուշ պատժվելու են»:
Խոսքը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի եւ նրա վարչակարգի մասին է: Հատկանշական է, որ նախքան «Արաբական գարնան» սցենարի բեմադրությունը, նախագահ Ասադին Էրդողանը ոչ միայն չէր մեղադրում անմեղ մարդկանց արյունը հեղելու մեջ, այլ իր հարազատ եղբայրն էր համարում: Մինչդեռ Ասադը Սիրիայի նույն նախագահն է, նրա վարչակարգըՙ նմանապես: Ինչո՞վ է բացատրվում նախագահ Ասադի վարչակարգի նկատմամբ վարչապետ Էրդողանի դիրքորոշման կտրուկ փոփոխությունը: Այդ հարցին, գնահատելով «Սիրիայի բարեկամների» ստամբուլյան հանդիպումը, պատասխանել է Իրանի Իսլամական Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին: CNN-Turk-ը վկայությամբ, նա ասել է. «Եթե ձեզ տարածաշրջանում հուզում են ժողովրդավարության սկզբունքները, ապա ինչպե՞ս եք հանդուրժում Բահրեյնում եւ այլ երկրներում դրսեւորվող վայրագությունները: Ուրեմն Սիրիայում ձեր խնդիրը բարեփոխումները չեն: Թուրքիան դարձել է իմպերիալիզմի խամաճիկը տարածաշրջանում»:
Նրան հավելել է Իսլամական Մեջլիսի Ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահ Մոհամմադ Քեւսարին: Նա ստամբուլյան հանդիպումը վերանվանել է «Սիրիայի թշնամիների» հանդիպում, իսկ Թուրքիայի վարչապետի առնչությամբ ասել է հետեւյալը. «Վաչապետ Էրդողանը Իրան էր այցելել Սիրիայի հարցում Թեհրանին համոզելու նկատառումով, սակայն «հստակ» պատասխան ստացավ»:
Համենայն դեպս, «Սիրիայի բարեկամների» ստամբուլյան հանդիպումը հռչակագրով Սիրիայի ազգային խորհուրդին ճանաչել է որպես սիրիացիների միակ օրինավոր ներկայացուցիչը, կազմավորել է «Պատժամիջոցների աշխատանքային խումբ» եւ 12 մլն դոլար ամերիկյան օգնություն, հաղորդակցության արբանյակային կապ է խոստացել Սիրիայի ընդդիմությանը:
Խոստումն անձամբ տվել էր ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ընդ որումՙ պահանջելով սիրիական ընդդիմությունից միավորվել: Ինչ խոսք, միավորվելը ենթադրում է միանալ սիրիացիների միակ օրինավոր ներկայացուցիչ Սիրիայի ազգային խորհրդին: Քլինթոնի պահանջին ինչպե՞ս կարձագանքեն ընդդիմության մյուս խմբերը, մասնավորպես Ազատ Սիրիայի բանակը, դժվար է կռահել: Սակայն ընդդիմության մասնատվածությունը ստամբուլյան հանդիպումից հետո ձախողման կմատնի նաեւ Արեւմուտքիՙ Սիրիային առնչվող բոլոր ծրագրերը, ակնհայտ է:
Սակայն երբ խոսքը վերաբերում է ԱՄՆ-ին եւ ԵՄ-ին, ապա նրանք հաճախ ձախողումը վերածում են առավելության: Ի՞նչ առումով: Այն, որ Սիրիայում բնակչությունը մեծապես սուննի մահմեդական է, իսկ Իրաքումՙ ընդհակառակը, շիա:
Թուրքիան տուրք տալով Սիրիայի հարցում ԱՄՆ-ի նկրտումներին, հարաբերությունները փչացրել է նաեւ Իրաքի վարչապետ Մալիքիի եւ Իրանի հետ: Հակառակ դրան, Իրանի Իսլամական Հանրապետությունը աջակցել է ինչպես Սիրիային, այնպես էլՙ ի դեմս Մալիքիի կառավարության, Իրաքին եւ տարածաշրջանում դրանով նպաստում է Սիրիա-Իրան-Իրաք շիա առանցքի ձեւավորմանը:
Քանի որ Թուրքիայի նման սուննի են նաեւ արաբական մյուս երկրները, ուստի շիա առանցքի ձեւավորումը խթանում է իբրեւ հակակշիռ սուննի առանցքի կազմավորմանը: Այսպիսով տարածաշրջանում ստեղծվում են շիա-սուննի բախումների նախադյալներ:
Ի դեպ, այս բախումները Վաշինգտոնի վաղեմի երազանքն են: Դրանք դեռեւս հրահրվել են 2003-ին հակաիրաքյան պատերազմից հետո, այն ժամանակ, երբ քրիստոնյա եւ իսլամական քաղաքակրթությունների բախման անհեռանկարայնության գիտակցումով առաջ էր քաշվել բախումները տվյալ քաղաքականության ներսում հրահրելու «տեսակետը»:
Հենց այդպիսին են շիա-սուննի բախումները: Մինչեւ դրանց հասունացումը, նախագահ Օբաման կնախապատրաստվի առաջիկա ընտրություններին, իսկ Եվրոմիությունը միջոցներ կձեռնարկի տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար: Չէ՞ որ Թուրքիան ուշիմ աշակերտի նման ջանք չի խնայում կատարելու Սիրիայի առնչությամբ ստացած հանձնարարականները: