Ընդունելով Թուրքիայում ազգային փոքրամասնությունների խմբերի մտահոգությունների հանգամանքը` ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նաեւ փորձում է հավաստիացնել, թե թուրքական իշխանությունները վերջին տարում որոշակի քայլեր են արել վերադարձնելու կրոնական համայնքների ունեցվածքը: Այս մասին Քլինթոնը գրավոր նշել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ներկայացուցիչ Հովարդ Բերմանի` «բավարարվա՞ծ եք արդյոք բիբլիական ժամանակներից իրենց հողերում ապրող հայ եւ մյուս քրիստոնյա համայնքների բռնագրավված ունեցվածքը վերադարձնելու թուրքական խոստումներով» հարցմանն ի պատասխան, որ ուղարկվել էր դեռեւս այս տարվա փետրվարի 29-ին:
Բերմանն իր հարցադրման մեջ նախ հիշեցրել է 2011-ի դեկտեմբերի 13-ին Ներկայացուցիչների պալատի ընդունած Թուրքիայի առնչությամբ թիվ 306 բանաձեւի մասին, որով պահանջվում է վերադարձնել բռնագրավված քրիստոնեական եկեղեցիներն ու ունեցվածքը, միեւնույն ժամանակ ԱՄՆ պետքարտուղարից պահանջելով բոլոր պաշտոնական շփումներում թուրքական իշխանություններին հասցնել այդ պահանջը:
Քլինթոնն իր արձագանքին հավելել է նաեւ 1982-ի սահմանադրությունը փոփոխելու թուրքական կառավարության մոտեցումների մասին փաստարկ, թե դրանով փորձ է արվում ապահովելու անհատի իրավունքները, նաեւ կրոնական եւ էթնիկ փոքրամասնությունների դեպքում:
Բերմանի հարցերից մեկն էլ վերաբերել է Լեռնային Ղարաբաղի թեմային, մասնավորապես զինադադարի ռեժիմի խախտումներին այն դեպքում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է պատերազմի միայն առաջին փուլի ավարտված լինելու մասին: Բերմանը հիշեցրել է, որ դիպուկահարներին շփման գծից հեռացնելու առնչությամբ հակամարտության կողմերին ուղղված կոչին առայժմ դրական արձագանքել են միայն Հայաստանն ու լեռնային Ղարաբաղը, բայց ոչ Ադրբեջանը:
«Ի՞նչ է անում ԱՄՆ վարչակազմըՙ խրախուսելու Ադրբեջանին ընդունել այդ կարեւոր առաջարկը» հարցին Քլինթոնը անհասցե արձագանքել է, թե կողմերը պետք է խուսափեն հրահրիչ հայտարարություններից: «Յուրաքանչյուր հնարավորության դեպքում մենք հաստատում ենք, որ չկա հակամարտության ռազմական լուծում», իր պատասխանում նշել է ԱՄՆ պետքարտուղարը:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ