«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#60, 2012-04-04 | #61, 2012-04-05 | #62, 2012-04-06


ԹՈՒՐՔԻԱՆ ՍԻՐԻԱ ՆԵՐԽՈՒԺԵԼՈՒ ԾՐԱԳԻՐ Է ՊԱՏՐԱՍՏԵԼ

«Բացահայտելով» այս ծրագիըՙ «Ուոլ սթրիթ ջոռնըլն» էլ հող է պատրաստում, որ ուժեղացնի հոգեբանական ճնշումը Սիրիայի ժողովրդի վրա

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

«Ազգի» նախորդ համարներում, անդրադառնալով Սիրիայի հարցում Թուրքիայի աննախադեպ ակտիվացմանը, նշել էինք, որ դրա հիմքում Վաշինգտոնի հանձնարարականներն են եւ դրանց կատարման հարցում Անկարան թագավորից ավելի թագավորական երեւալու ոչ մի ջանք չի խնայում: Դա առավել ակնառում է դարձել ապրիլի 1-ին Ստամբուլում հրավիրված «Սիրիայի բարեկամների» հանդիպմանը վարչապետ Էրդողանի ելույթով, որի Սիրիայում օտարերկրյա միջամտության համար նախադրյալ ստեղծելու նպատակամղվածությունը բախվել էր Ռուսաստանի, Իրանի եւ Իրաքի վարչապետ Մալիքիի բուռն հակազդեցությանը:

Ինչպես երեւում է, այդ հակազդեցությունը անհիմն չէ, ոչ էլ Էրդողանի հակասիրիական ելույթի արձագանքը, այլ թուրքական ագրեսիվ նկրտումների պատասխանը: Որո՞նք են այդ նկրտումները: Հարցին, թուրքական «Վաթանի» երեկվա վկայությամբ, պատասխանել է ամերիկյան «Ուոլ սթրիթ ջոռնըլ» թերթը, հրապաակելով Թուրքիայի սիրիական ծրագիրը:

Ամերիկյան թերթը, վկայակոչելով բարձրաստիճան թուրք պատասխանատուներին, նշել է, որ Թուրքիան, ելնելով Սիրիայում բռնության սաստկացման հավանականությունից, ծրագրեր է պատրաստել, որոնք ենթադրում են խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար անվտանգության շրջաններից ստեղծումը երկրում: Այդ պատասխանատուներից մեկի համաձայն, գործողությունների անցնելու համար Անկարան սպասում է, որ Սիրիայում տիրող իրավիճակը հասնի Թուրքիայի ազգային անվտանգությանը սպառնալու աստիճանին:

Համաձայն «Ուոլ սթրիթ ջոռնըլի», ավելի կոշտ գործողություններ ձեռնարկելու համար Թուրքիան կարող է օգտվել ՄԱԿ-ի դեռեւս 2005-ին ընդունած խաղաղ բնակչությանը «պաշտպանելու պատասխանատվությունից»: Անցյալ ամիս «Միջուկային անվտանգության» գագաթաժողովին մասնակցելու համար Սեուլում գտնվող վարչապետ Էրդողանը Սիրիայում չեզոք գոտիների ստեղծման հավանականությունը գնահատելիս, ասել էր. «Դա կախված է զարգացումների ընթացքից: Միջազգային նորմերին համապատասխան կարելի է օգտվել «պաշտպանելու իրավունքից»: Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի նեգրավմամբ աշխատում ենք լուծում գտնել Սիրիայի հիմնախնդրին»:

Ամերիկյան թերթի տվյալներով, թուրքական զինված ուժերը Սիրիայում նախատեսվող անվտանգության շրջանների քարտեզը պատրաստել են դեռեւս մի քանի ամիս առաջ, երբ երկրում իշխող վարչակարգը սկսել էր ծանր զենքեր կիրառել ընդդիմության դեմ: «Ուոլ սթրիթ ջոռնըլին» պարզաբանումներ է արել նաեւ վարչապետ Էրդողանի արտաքին քաղաքականության գծով խոհրդական Իբրահիմ Քալընը: Նա մասնավորապես ասել է. «Թուրքիան միակողմանիորեն անհապաղ գործողությունների դիմելու մտադրություն չունի: Սակայն եթե իրավիճակը Սիրիայում դառնա անվերահսկելի եւ իշխող վարչակարգը սկսի երկրում դիմել զանգվածային կոտորածների, ապա այդ դեպքում Թուրքիան ստիպված կլինի անցնել վճռական գործողությունների»:

Թե որքանո՞վ են հավաստի «նոր պահպանողականների» պաշտոնաթերթ «Ուոլ սթրիթ ջոռնըլի» տեղեկությունները, չգիտենք: Պարզապես դրանց նկրտումներն են ակնհայտ: Եթե Թուրքիան արտաքին միջամտության համար հող է պատրաստում Սիրիայում, Վաշինգտոնն էլ նախադրյալներ է ստեղծում, որ այդ միջամտությունն իրականացնեն թուրքական զինված ուժերը: Այդ դեպքում Թուրքիան կներքաշվի հակասիրիական պատերազմի մեջ, եթե, իհարկե, հանդգնի, որովհետեւ դա կնշանակի առճակատում Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի հետ:

Ելնելով առճակատման անկանխատեսելի հետեւանքներից, կարելի է չբացառել, որ ամերիկյան թերթը տեսականորեն Թուրքիային ներքաշելով պատերազմի մեջ, փորձում է նրան օգտագործել որպես ճնշման հավելյալ լծակ Սիրիայի նախագահ Ասադի վարչակարգի դեմ եւ ուժեղացնել հոգեբանական ճնշումը սիրիական ժողովրդի վրա:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4