«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#60, 2012-04-04 | #61, 2012-04-05 | #62, 2012-04-06


«ՊՐԱՀԱ ԺԱՄԱՆԵՑ ՆԱՎԹԻ ՀՈՏՈՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԲՌՆԱԿԱԼԸ»

Կլաուսը Ղարաբաղի խնդրի լուծման գաղափար չունի

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա

«Պրահա ժամանեց նավթի հոտով երիտասարդ բռնակալը»: Ապրիլի 5-6-ին Չեխիայում գտնվող Ադրբեջանի նախագահ Ալիեւի այցին այսպիսի վերնագրով է արձագանքել aktualni .cz տեղեկատվական կայքը: Հեղինակը Ադրբեջանը համեմատում է միապետության հետ, իսկ Ալիեւին` Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի եւ Ուզբեկստանի նախագահ Քարիմովի հետ: Իհարկե, ի տարբերություն վերջինների, Եվրոպան որոշ բռնակալների նկատմամբ պատժամիջոցներ է կիրառում, իսկ որոշների հետ հանդիպում է եւ նույնիսկ պայմանագրեր կնքում: Ալիեւը պատկանում է այս վերջինների թվին, քանի որ Եվրոպան կախում ունի Բաքու-Ջեհյան նավաթամուղից:

Այս կախվածությունը չթաքցրեց նաեւ Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսը, ով Ալիեւի հետ հանդիպումից հետո ասաց, որ Չեխիայի նավթի 25 տոկոսը գալիս է Բաքվից: Այժմ աշխատանքներ են ընթանում Ադրբեջանում նոր չեխական ներդրումների ուղղությամբ, եւ նախագահ Կլաուսը չթաքցրեց ադրբեջանական ենթակառուցվածքներում ներդրումներ անելու պատրաստակամությունը: Իսկ մինչ այդ երկու կողմերի մշակույթի պատասխանատուները տուրիզմի, մշակույթի բնագավառում համագործակցության համաձայնագրեր ստորագրեցին, նաեւ Ազգային գրադարանների եւ Ազգային թանգարանների միջեւ համագործակցության հուշագրեր: Ալիեւը պատասխանեց Սիրիայի հետ կապված հարցին, ասելով, որ իբրեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ իրենք լիովին աջակցել են Արաբական լիգայի որոշումներին:

Չեխիայի նախագահի մամուլի ծառայությունը հոգացել էր, որ բացի երկու կողմերի պաշտոնական երկուական հարցերից, ոչ մի այլ հարց չտրվի: Հետեւաբար, ադրբեջանական կողմը, օգտագործելով իր հարցի իրավունքը, հայկական օկուպացիայի եւ Ղարաբաղի խնդրի լուծմանը աջակցելու հարց ուղղեց նախագահ Կլաուսին: Վերջինս էլ ասաց, որ իր կարծիքը հայտնել է դեռ անցյալ տարի Բաքու կատարած այցի ժամանակ, եւ այդ հարցին անդրադարձել են նաեւ Պրահայի հանդիպման ընթացքում: «Իհարկե, ես էլ ուրախ չէի լինի, եթե մեր տարածքի մի մասը օկուպացված լիներ», իսկ ինչ վերաբերում է խնդրի լուծմանը, ապա այդ հարցի լուծման համար գաղափար չունի:

Թե՛ չեխ եւ թե՛ ադրբեջանցի լրագրողների հարցերը նախօրոք նախապատրաստվել էին, որպեսզի կողմերի համար անհաճո հարցեր չհնչեն: Եվ մեզ հնարավորություն չտրվեց հարցեր ուղղել նախագահներին, իմանալու, թե Ալիեւը ինչպես է պատրաստվում խաղաղության պայմանագիր կնքել մի երկրի հետ, որի ժողովրդի դեմ հայատյաց քարոզչություն է իրականացնում: Կամ թե ադբեջանական նավթը որքանով կազդի հայ-չեխական հարաբերությունների վրա:

Իհարկե, ինչպես գրում է չեխ լրագրող Մարտին Նովակը, Չեխիայի նախագահը հանդիպման ընթացքում չի խոսի ոչ Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության, եւ ոչ էլ խոսքի ազատության մասին, թեեւ Եվրոպական խորհրդի տվյալներով Ադրբեջանում մարդու իրավունքների եւ խոսքի ազատության հարցերում նորից հետընթաց է արձանագրվել: Դժվար թե այդ խնդիրներին անդրադառնան նաեւ Չեխիայի խորհրդարանի երկու պալատների նախագահներն ու վարչապետը, որոնց հետ Ադրբեջանի նախագահը նույնպես հանդիպումներ ունի ծրագրված:

Ալիեւի այցի դեմ իրենց բողոքը հայտնեցին նաեւ չեխահայերը, ովքեր Պրահայի Պալացկեհո հրապարակում բողոքի ցույց էին կազմակերպել: Պաստառներից մեկը ազդադարում էր` «Ալիեւը` դիկտատոր», մյուսը` «Ժողովրդավարությունն ավելի կարեւոր է, քան նավթը»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4