Հայաստանում վերջերս բենզինի գնի 50-70 դրամով թանկացումը բնավ կապված չէր միջազգային շուկայի գներին: Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանը , համեմատելով միջազգային շուկայում բենզինի գների տատանումները մեր շուկայի տատանումների հետ, ասում է. «Եթե միջազգային շուկայում գները բարձրանում են, մեզ մոտ ավելի է բարձրանում, եթե իջնում են, ապա մեզ մոտ չեն իջնում կամ էլ իջնում են փոքր-ինչ` զուտ սիմվոլիկ ձեւով»:
Միջազգային շուկայի ու մեր շուկայի միտումները չեն համընկնում, բնականաբար, հօգուտ մեր ներկրողների: Բացի դրանից` փորձագետը շեշտում է, որ գոյություն ունի շահույթի նորմ հասկացությունը, որը մեզանում, կոնկրետ բենզինի առումով, ոչ ոք չի հաշվել, այսինքն չգիտենքՙ որքա՞ն է կազմում ներկրված ապրանքի շահույթը: Ըստ փորձագետի` հաշվարկները ցույց են տալիս, որ ներկրված բենզինից միայն շահույթը կազմում է ավելի քան 50 տոկոս: «Իսկ գազի դեպքում շահույթը մոտենում է նույնիսկ 100 տոկոսի, ինչն անընդունելի է», ավելացնում է Հարություն Մեսրոպյանը:
Փորձագետի խոսքով` բնակչության գրպանի հաշվին առաջանում է զգալի շահույթ, սակայն պարզ չէ` դրա որ մասն է հարկվում: Եվ ընդհանուր առմամբ` ներկրվող վառելիքի դեպքում շահույթի նորմը շատ բարձր է: Բայց եթե բենզին ներկրողները հետեւեին գների միջազգային տատանումներին ու բենզինի գինն էլ բարձրացնեին համաչափորեն, ապա այսօր մեր մոտ բենզինի գինը, ըստ պարոն Մեսրոպյանի, մոտավորապես 25 տոկոսով ցածր կլիներ:
Երեկ «Հայելի» ակումբի մյուս բանախոսը Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն էր: Նա եւս ընդգծեց, որ մեզանում բենզինի շուկան լուրջ ուսումնասիրման կարիք ունի: Նրա տվյալներով` հիմա Հայաստանում իրացվում է 7-8 հազար տոննա բենզին, իսկ 1997-1998 թվականներին` 26-27 հազար տոննա, երբ ավտոմեքենաների քանակն ավելացել է առնվազն 3 անգամ:
Վազգեն Սաֆարյանն ասում է. «Ներկայումս ավտոմեքենաների քանակը 450 հազարից ավելի է, բայց դրանց 80-85 տոկոսն օգտագործվում են գազով, քանի որ բենզինն ավելի թանկ արժե»: Վերջինիս կարծիքով` բենզինի շուկայում հարկային քաղաքականությունը պետք է վերանայվի եւ պետք է նվազեցվեն հարկերի ծավալները, որպեսզի գները նվազեն, իսկ իրացումն ավելանա:
Սակայն Հարություն Մեսրոպյանը հարկերի նվազմանը կողմնակից չէ` հիմնավորմամբ. քանի դեռ չգիտենք բենզին ներկրողների շահույթի ճշգրիտ նորմը, զուր է խոսել հարկային բեռը թեթեւացնելու մասին:
Քննարկվող մյուս թեման առնչվում էր բնակարաններում սպառվող գազին ու բնակիչների բողոքներին, թե ձմռան ամիսներին մուծել են ավելի շատ գումար, եւ գազի հաշվիչները ցույց են տվել ավելին, քան իրենք օգտագործել են իրականում: Բնակիչների կարծիքով` գազի հետ օդ է խառնված եղել, դրա համար գումարն ավելի շատ է եղել:
Սրա առնչությամբ դժվար է ասել` իրականում ինչ է եղել ձմռան ամիսներին, քանի որ, ըստ Հարություն Մեսրոպյանի, գազի որակը սպառման կետերում չի վերահսկվել:
Ի. Պ.