«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#60, 2012-04-04 | #61, 2012-04-05 | #62, 2012-04-06


ԻՐԱՆԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է «ՄԵԾ ՎԵՑՆՅԱԿԻ» ՀԵՏ ԱՊՐԻԼԻ 13-ԻՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԱՆՑԿԱՑՆԵԼ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ

Թուրքական կողմը խոր հիասթափություն է ապրում

Թուրքիայի վարչապետ Էրդողանը Սեուլից Թեհրան էր մեկնել ԱՄՆ նախագահ Օբամայի հետ ունեցած հանդիպումից հետո: Մինչ թուրքական լրատվամիջոցները փորձում էին այցը մատուցել որպես հաջողված, հանկարծ ապրիլի 1-ին Ստամբուլում հրավիրվեց «Սիրիայի բարեկամների» հանդիպումը, որը բուռն հակազդեցություն էր առաջացրել Իրանում:

Մինչ իրանական կողմը հանդիպումը վերագրում էր «Սիրիայի թշնամիներին», Իրանի խորհրդարանի նախագահ Լարիջանին Թորքիային անվանեց իմպերիալիզմի խամաճիկը, իսկ Մեջլիսի ազգային անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ Քեւսարին հայտարարեց. «Վարչապետ Էրդողանը Իրան էր այցելել Սիրիայի հարցում Թեհրանին համոզելու նկատառումով, բայց կոշտ պատասխան ստացավ»:

Այլ կերպ, Էրդողանի այցը ամենեւին էլ հաջողված չէր: Ընդ որում խնդիրը սոսկ Իրանի ղեկավարների հայտարարությունները չեն, այլ իրանական կողմի հետ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Անգլիայի, Ռուսաստանի եւ Չինաստանի, ինչպես նաեւ Գերմանիայի հանդիպումը, որը ապրիլի 13-ին նշանակված էր Ստամբուլում:

Նախարարների խորհրդի նիստից հետո, ինչպես երեկ տեղեկացրել են թուրքական լրատվամիջոցները, Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին լրագրողների հետ հանդիպմանը ասել է, որ նիստում քննարկել են նախապես Ստամբուլում նշանակված հանդիպումը Իրաքում կամ Չինաստանում անցկացնելու հարցը:

CNN-Turk-ի վկայությամբ, Իրանի ղեկավարությունը որպես հանդիպման վայր աննպատակահարմար տարբերակ է համարում Թուրքիայի ընտրությունը: Մինչդեռ թուրքական կողմը վարչապետ Էրդողանի Թեհրան կատարած այցելության հաջողությունն ընդգծելու համար մատնացույց էր անում այդ հանդիպումը Ստամբուլում անցկացնելու հանգամանքը: Թեեւ Սալեհին չի բացառել Ստամբուլի տարբերակը, բայց եւ այնպես, ընդգծել է, որ հանդիպման բովանդակությունը շատ ավելի կարեւոր է, քան անցկացման վայրը:

Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն նրան պատասխանել է, ասելով. «Թուրքիան նման հարցերում չի առաջնորդվում հեղինակության նկատառումով: Սակայն Իրանում արտահայտվող տարաբնույթ տեսակետները, որոնք վնասում են թուրք-իրանական հարաբերություններին, ոչ մեկին որեւէ օգուտ չեն բերի: Լավ կլինի, որ դա գիտակցվեր»: Այս խոսքերը ցույց են տալիս, որ հանդիպման վայրը Ստամբուլից Բաղդադ կամ Պեկին տեղափոխելու իրանական կողմի որոշումը լուրջ հիասթափության է մատնել Թուրքիային:

Հ. ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4