Միացյալ Նահանգները մեծ ուշադրություն դարձրել եւ դարձնում է աջակցության ծրագրերի նշանակալի ռեսուրսներին, որոնցից շահում է Վրաստանի Սամցխե-Ջավախեթի տարածաշրջանը:
Կոնգրեսական Բրեդ Շերմանի` հայաբնակ ու թերզարգացած Ջավախքին ԱՄՆ աջակցության տրամադրման պնդմանն ու հարցմանը, թե արդյոք ԱՄՆ պետքարտուղարը նպաստո՞ւմ է Վրաստանի Ջավախք տարածաշրջանին ԱՄՆ հասցեագրված աջակցությանը, Հիլարի Քլինթոնը արձագանքել է հիշեցմամբ, որ Վրաստանին Հազարամյակի մարտահրավերների ծրագրի շրջանակներում տրամադրված ավելի քան 200 մլն դոլարով վերականգնվել է մոտ 222 կմ ճանապարհ` «Սամցխե-Ջավախեթին կապելով Թբիլիսիի հետ` խթանելու տարածաշրջանի տնտեսական զարգացումը գյուղատնտեսական մթերքների արտահանման ճանապարհով»:
Քլինթոնի հավաստիացմամբ, այլ տեսակի աջակցություն եւս ցուցաբերվում է, մասնավորապես գյուղատնտեսական զարգացման` տարբեր տեսակի մթերքերի արտադրությունը խթանելու տարբերակով: Միացյալ Նահանգներն, ըստ պետքարտուղարի հավաստիացումների, աջակցում է նաեւ փոքր եւ միջին ձեռնարկատիրությանը Ջավախքում զբոսաշրջության զարգացման ուղղությամբ` տրամադրելով ինչպես երկարաժամկետ ֆինանսավորման մատչելիություն, այնպես էլ բիզնես դասընթացների հնարավորություն:
Առավել հետաքրքրական է, որ ամերիկյան աջակցությունը, ԱՄՆ պետքարտուղարի ներկայացմամբ, Վրաստանում ուղղվում է նաեւ նախնական կրթական նախագծերի` «ներառյալ նաեւ Սամցխե-Ջավախեթիի դպրոցներում վրացերենի դասավանդումը` վրացական տնտեսությանն ու քաղաքական կյանքին երեխաների մասնակցության կարողությունները կատարելագործելու նպատակով»:
Փաստացի, ԱՄՆ-ն իրագործում է վրացական ծրագրերն ու ցանկությունները Ջավախքում, այն էլ այնպիսի միջոցով, ինչպիսին լեզուն է, փոխարենը որեւէ կերպ, թեկուզ միջնորդավորված կամ նույն վրացական կառավարության համապատասխան ծրագրերի տարբերակով հոգ չտանելով Վրաստանում հայերի` որպես փոքրամասնության խնդիրների ու դժվարությունների մասին;
Ա. Հ.