Այդ մասին երեկ նշել էր «Դունյա բուլթենի» կայքէջը: Խոսքը Հյուսիսային Իրաքի «Քուրդիստան» շրջանի մասին է: Այս շրջանը, ունենալով ինքնուրույն խորհրդարան, կառավարություն, օտարերկրյա ներկայացուցչություններ, բանակ եւ դրոշ, դե ֆակտո անկախ է: Շրջանի ղեկավար Մասուդ Բարզանին կրում է նախագահի տիտղոսը: Ինչ վերաբերում է կառավարմանը, ապա դա փոխնիփոխ իրականացնում են Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանիի Իրաքյան Քուրդիստանի հայրենասերների միությունն ու Բարզանիի Իրաքյան Քուրդիստանի ժողովրդավարական կուսակցությունը:
Կառավարման հաջորդականությունը, ըստ թուրքական կայքէջի, օրերս անցել է Բարզանիի կուսակցությանը, վերջինի որդինՙ Նաչիրվան Բարզանին էլ ստացել է կառավարություն կազմելու հանձնարարական: Երեկ ենթադրվում էր, որ վարչապետ Բարզանիի կառավարությունը վստահության քվե կստանա խորհրդարանում: Խնդիրն այդ քվեն չէ, այլ կառավարության կազմը, որի մեջ որպես ներքին գործերի նախարար ընդգրկված է նաեւ Ազիզ Վեյսին:
Ի դեպ, «Դունյա բուլթենի» կայքէջի վկայությամբ, Վեյսին ժամանակին եղել է PKK-ի ղեկավար կազմում, ապա դուրս գալովՙ ստանձնել է փեշմերգեների հատուկ զորքերի հրամանատարի պաշտոնը: Նախկին PKK-ականի դե ֆակտո անկախ «Քուրդիստան» շրջանում ներքին գործերի նախարար նշանակելու փաստը, Թուրքիայում ծավալվող քրդական շարժման անկախության ձգտումների ֆոնին, որն ի դեպ, արդեն չեն թաքցնում Թուրքիայի կառավարող շրջանները, չափազանց ուշագրավ է դառնում, իմանալով որ շարժումը PKK-ն է ղեկավարում:
Օգտվելով առիթից նշենք, որ երեկ Սպիտակ տանը նախագահ Բարաք Օբաման փոխնախագահ Ջո Բայդենի ներկայությամբ ընդունել է Մասուդ Բարզանիին:
Հ. Չ.