Ընտրություններին մասնակցում է հայաստանյան կուսակցությունների շուրջ կեսը
ԱԻՄ-ի առաջնորդ Պարույր Հայրիկյանը վերջերս հայտարարեց, թե ԱԻՄ խորհրդի առաջիկա նիստում օրակարգում է լինելու ԱԻՄ լուծարման հարցը նաեւ: Ավելի վաղ Հայրիկյանը նշել էր, որ Հայաստանի անկախության հռչակումը եղել է ԱԻՄ ստեղծման հիմնական նպատակը, ու, քանի որ Հայաստանն այլեւս անկախ պետություն է, ԱԻՄ-ը գտնում է, որ իր հիմնական առաքելությունն ավարտված է: Ամեն կուսակցություն ինքն է իրավասու որոշելու իր ճակատագիրը, սակայն ի՞նչ է նշանակում կուսակցության առաքելություն, եւ արդյո՞ք ամեն կուսակցություն ի սկզբանե հռչակած սեփական առաքելության ավարտից հետո կարող է եւ պետք է լուծարման որոշում ընդունի: Օրինակ. պատկերացնենք Թուրքիան ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, նախագահ Գյուլն էլ, Ծիծեռնակաբերդում խոնարհվելուց ու արծաթափայլ եղեւնի տնկելուց հետո, հենց Երեւանում հայտարարում է, որ Թուրքիան, լինելով Օսմանյան կայսրության իրավահաջորդ, ճանաչում է Հայաստանի Հանրապետության իրավունքները Արեւմտյան Հայաստանի նկատմամբ: Հիմա այս հայտարարությունից հետո որքանո՞վ է իրատեսական եւ նպատակային, եթե ՀՅԴ բյուրոն որոշում կայացնի կուսակցության լուծարման մասին: Կամՙ Հայաստանը դառնում է բարգավաճ երկիր կամ օրինաց համակարգ ունեցող, ու ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը խորհրդի նիստերում որոշումներ են կայացնում իրենց լուծարման մասին: Ուրեմն կուսակցությունը չի կարող ունենալ մեկ կամ մեկ գլխավոր առաքելություն, քանի որ նրա գործունեության եւ նպատակային դաշտը բազմոլորտ է, ու ամեն ոլորտում նա ունի մի քանի, ընդ որումՙ պարբերաբար փոփոխվող, նոր ժամանակներին համապատասխանող առաքելություններ:
Հիմա, թողնելով ԱԻՄ-ին, խոսենք մի փոքր մեր այլ կուսակցություններից: Այսօր Հայաստանում պաշտոնապես գրանցված է շուրջ 80 կուսակցություն, սակայն խորհրդարանական ընտրություններին մասնակցում են միայն 8-ը (ՀԱԿ-ը կուսակցություն չէ), ճիշտ է` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն իրենց ցուցակներում ընդգրկել են մի շարք կուսակցությունների առաջնորդների ու ներկայացուցիչների: Բացի դրանիցՙ ըստ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի, Կոնգրեսի կազմում են 18 կուսակցություններ, սակայն ՀԱԿ-ի համամասնական ցուցակում ընդգրկված են ներկայացուցիչներ միայն 11 կուսակցություններից: Այս ամենը հաշվի առնելով, ստացվում է, որ գալիք ընտրություններին մասնակցում է 31 կուսակցություն: Ընդ որում, քաղաքական ուժերի ամենամեծ կոնսոլիդացիան, անշուշտ, ՀԱԿ-ում է: ՀԱԿ-ի ցուցակով խորհրդարանական ընտրություններին մասնակցում են ՀԺԿ-ն, ՀՀՇ-ն, ՍԴՀԿ-ն, «Հանրապետություն» եւ «Ազատություն», Հայաստանի լիբերալ, Պահպանողական, «Հայոց հայրենիք» ու «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունները, «Ժողովրդավարական հայրենիք»-ն ու Հայաստանի կանաչների կուսակցությունը:
Քաղաքական դաշտը «մաքրողների» մրցույթում երկրորդ տեղում է Հանրապետական կուսակցությունը: ՀՀԿ-ից բացի իր ցուցակով գալիք ընտրություններին մասնակցում են եւս 7 կուսակցություններ. «Ազգային միաբանություն», Քրիստոնեա-դեմոկրատական, «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությունները, ՄԻԱԿ-ը, ԺԱԿ-ը, «Մայր հայրենիք» եւ «Հզոր հայրենիք» կուսակցությունները, այս վերջինը մեկ ներկայացուցիչ ունի ՀՀԿ-ի ցուցակում, մեկ ներկայացուցիչ էլ` ԲՀԿ-ի ցուցակում: Ըստ կանխատեսումներիՙ ընտրություններում հիմնական պայքարը փաստորեն ընթանալու է...«Հզոր հայրենիք» կուսակցության երկու ներկայացուցիչների միջեւ:
ԲՀԿ-ից բացի, «Բարգավաճ»-ի ցուցակով ընտրություններին կմասնակցեն եւս 3 կուսակցություններ: Ինչպես արդեն նշեցինք` «Հզոր հայրենիքը», «Համերաշխություն» կուսակցությունը եւ ՄԱԿ-ը:
Ընտրություններին մասնակցող մյուս 6 կուսակցական ցուցակները քաղաքական դաշտը համախմբելու առումով բավական պասիվ են: «Ժառանգություն» կուսակցությունը իր ցուցակում որպես այլ կուսակցականների ներառել է միայն «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչներին. գիտենք, որ ընտրություններին այս երկու կուսակցությունները գնում են մեկ միասնական ցուցակով: ՀՅԴ-ում, Դեմկուսում, «Միավորված հայեր»-ում եւ ՕԵԿ-ում այլ կուսակցականներ չկան: Եվ միայն Կոմկուսի ցուցակում հանդիպում են մի քանի ներկայացուցիչներ «մեկ այլ Կոմկուսից»` ՀԱՄԿԿ-ից: Հետաքրքրական է, որ Կոմկուսի, ՀԱԿ-ի ու ՕԵԿ-ի ցուցակները կազմված են բացառապես կուսակցականներից. եթե Կոմկուսի ցուցակում բոլորը կոմունիստներ են, ապա ՕԵԿ-ի ցուցակում բոլորը ներկայացնում են հենց ՕԵԿ-ը, ՀԱԿ-ի ցուցակում էլ բոլորը կուսակցականներ են: Մյուս բոլոր կուսակցական ցուցակներում անկուսակցական քաղաքացիներ եւս կան: Ընդհանուր առմամբ ընտրություններին կուսակցական ցուցակներով կմասնակցեն 72 անկուսակցականներ.ՀՀԿ-ի 253 տեղանոց ցուցակում անկուսակցական են 31-ը, ԲՀԿ-ն իր 165 անունների մեջ ունի ընդամենը 5 անկուսակցական, «Ժառանգության» 73-ից անկուսակցական են 9, ՀՅԴ-ի 85 հոգուց ցուցակում 4-ն են անկուսակցական, «Միավորված հայերի» 29 հոգու ցուցակում 2 անկուսակցական կա, իսկ Դեմկուսի ցուցակն այս առումով առաջատարն է` տոկոսային առումով. կուսակցությունը ներկայացրել է 45 հոգու ցուցակ, որտեղ 21-ը անկուսակցական են:
Ի՞նչ ստացվեց ուրեմն, որ Հայաստանում այս պահին գոնե իրավաբանորեն գործող 75 կուսակցություններից ընտրություններին ամենատարբեր կերպով մասնակցում են 31-ը: Այսինքն, հայաստանյան քաղաքական կուսակցությունների կեսից ավելին, ինչ-ինչ պատճառներով, ի վիճակի չէ մասնակցել ընտրություններին, մինչդեռ մանավանդ խորհրդարանական ընտրությունները յուրաքանչյուր կուսակցության համար սեփական վարկանիշը, հնարավորությունները ստուգելու, ծրագրերն ու նպատակները տեսանելի դարձնելու, համախոհների մի խումբ թեկուզ ձեռք բերելելու հրաշալի առիթ են: Մյուս կողմից, ընտրություններին մասնակցող 31 կուսակցությունները, համաձայն կուսակցությունների մասին ՀՀ գործող օրենքի, պարտավոր են յուրաքանչյուրն ունենալ 200 անդամից ոչ պակաս: Այս համապատկերում ստացվում է, որ 11 կուսակցություններ (ամեն մեկում` 200 հոգի առնվազն) ներառող ՀԱԿ-ը ընտրություններին ունի առնվազն 2200 ձայն, ու այս առումով ՀԱԿ-ը իր մրցակիցների միջեւ առաջատարն է: Օրինակ, ՀՀԿ-ն այս ցուցիչով ունի 1600 ձայն, ԲՀԿ-ն` 800, «Ժառանգությունը»` 400, եւ այլն: Ինչ խոսք, սա խիստ միակողմանի ցուցիչ է (օրինակՙ ՀՀԿ-ն միայն կարող է ավելի շատ անդամներ ունենալ, քան ՀԱԿ-ում ներառված բոլոր կուսակցությունները միասին), ընտրություններին գործի են դրվում ու կարեւորվում այլ ցուցանիշներ, սակայն անտեսել այս հանգամանքը չի կարելի, եթե, իհարկե, հայաստանյան բոլոր կուսակցություններում, այդ թվումՙ ՀԱԿ-ի ցուցակում ներառված 11 կուսակցություններում, օրենքի պահանջին համաձայն, իրոք կա ամենաքիչը 200 հոգի: Չպետք է անտեսել նաեւ անկուսակցականնների դերն ու նշանակությունը, քանի որ կուսակցական ցուցակներում ներառված անկուսակցականները, որպես կանոն, հասարակական որեւէ ոլորտում նշանակալից դեր են խաղում, հետեւաբար յուրաքանչյուր անկուսակցական տվյալ քաղաքական ուժին լրացուցիչ քվե բերել կարող է: Այս առումով, ինչպես արդեն նշեցինք, ամենաանշահեկան վիճակում են ՕԵԿ-ը, Կոմկուսը եւ նույն ՀԱԿ-ը:
Ինչեւէ, դժվար է ասել, թե ընտրություններին մասնակցող 9 քաղաքական միավորներն ու դրանցում ներառված 31 կուսակցություններն արդյոք արտահայտո՞ւմ են այսօրվա ՀՀ քաղաքացու քաղաքական պատկերացումներն ու ապագայի նկատմամբ նրա ունեցած ուրվագծերը: Օրինակ, արդյոք փորձագիտական քննություն անցած փա՞ստ է, որ այսօրվա հայաստանցուն ամենաշատը հարազատ են ազգային պահպանողական, կոմունիստական, ազատական, հեղափոխական ու էլի ինչ-որ անհասկանալի գաղափարախոսությունները: Չէ՞ որ ժողովրդավարական երկրներում ընտրություններում ոչ միայն հաղթում, այլեւ մասնակցում են այն ուժերը, որոնք, նախ, գաղափարախոսություն ունեն, հետոՙ այդ գաղափարախոսությունը հենց պետք է հասարակական զգալի շերտերին: Մինչդեռ մեր երկրում գործող շուրջ 80 կուսակցություններից շատերը... գաղափարախոսություն անգամ չունեն, ինչը նշանակում է, որ իրավունք չունեն կոչվելու քաղաքական առանձին, անկախ ուժ:
Եվ վերջում, Պարույր Հայրիկյանը, խոսելով ԱԻՄ-ի հնարավոր լուծարման մասին, նշել էր, որ կուսակցությունը որոշում կկայացնի նաեւ, թե ո՞ր քաղաքական ուժին է սատարելու ԱԻՄ-ը գալիք ընտրություններում: Հայրիկյանն ընդգծել էր, թե ում սատարեն, նա կունենա լրացուցիչ 5-10 տոկոս քվե, այսինքն այն, ինչ ունի այսօր ԱԻՄ-ը: Իհարկե փաստ չէ, թե երբ ԱԻՄ-ը հայտարարի որեւէ ուժի սատարման մասին, արդյոք ԱԻՄ ընտրազանգվածը ամբողջությամբ կքվեարկի՞ տվյալ կուսակցության օգտին, փաստ չէ նաեւ, թե արդյոք մեր 8 տասնյակի հասնող կուսակցություններն ունե՞ն 5-10 տոկոս քվե...եւ ամենակարեւորը` առաքելություն, որը կուսակցության պարագայում, չի կարող ավարտվել:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ