«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#60, 2012-04-04 | #61, 2012-04-05 | #62, 2012-04-06


ՆՎԻՐՎԱԾ ՎԱՌԼԵՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ 70-ԱՄՅԱԿԻՆ

Գրողների միությունում չորեքշաբթի օրը կազմակերպվել էր միջոցառում նվիրված բանաստեղծ, թարգմանիչ Վառլեն Ալեքսանյանին: Միջոցառումը, որի կազմակերպիչները մշակույթի նախարարությունը, Գրողների միությունն ու Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանն էին, բանաստեղծի ծննդյան 70-ամյակի առիթով էր:

«Ազգի» հետ զրույցում հոբելյարը նշեց, որ հիմա աշխատում է արձակ գործի վրա: «Թեեւ չէի ասի` բանաստեղծություններ գրել եմ բավարար չափով, այնուամենայնիվ բանաստեղծության տեսքով արդեն արված է այն, ինչ պետք է անեի որպես գրող, որպես մտավորական», հավելեց բանաստեղծը, որն հիմա աշխատում է «Վիպական ժամանակների կնճիռը» վեպի վրա: Ստեղծագործությունից հատվածներ արդեն տպագրվել են գրական մամուլում, իսկ ամբողջական վեպը հեղինակը մտադիր է ավարտել մինչեւ եկող տարվա հունվար ամիսը:

Թերեւս սխալ կլինի նշել, թե վեպը կոնկրետ մի թեմայով է գրված: Հեղինակն իր դիտանկյունից ներկայացնում է մեր ժողովրդի կենսագրությունը` խառնված իր ժամակաշրջանի իրադարձություններին եւ հենց իր կենսագրությանը:

Երեկ Վառլեն Ալեքսանյանին մշակույթի նախարարությունը նաեւ պարգեւատրեց ոսկե մեդալով:

Իսկ միջոցառման վերջում հեղինակը շնորհակալություն հայտնեց գնահատանքի համար: «Սա ձեր պարգեւն է ինձ, որն ինձ երկար ժամանակ ուժ ու եռանդ է տալու», ասաց նա:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4