«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#60, 2012-04-04 | #61, 2012-04-05 | #62, 2012-04-06


«Virginland-Ը» 2012-Ի ԳՐԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ Է ԱՐԺԱՆԱՑԵԼ

Կալիֆոռնիաբնակ գրող Արմեն Մելիքյանի «Journey to Virginland» (Դեպի խոպան, անմշակ հողեր) վեպը արժանացել է Մ. Նահանգների 2012 թվի «Արվեստի գրական ժանրի մրցանակի» «Ընդհանուր գեղարվեստական» անվանակարգում, տեղեկացնում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթը:

«Հատորը համընդհանուր ճանաչում ստացած, արժեքների ժխտման նիհիլական յուրահատուկ ճանապարհորդություն է դեպի անմշակ տարածքներՙ լուսավորության փնտրտուքներով: Ժամանակ առ ժամանակ մի գիրք է հայտնվում, որ հիմնովին փոխում է ճշմարտության մասին մեր պատկերացումները: Արմեն Մելիքյանն իր սուր, կծու սատիրայով ստիպում է մեզ վերանայել կրոնի, պատերազմի եւ սոցիալական արժեքների մեր իմացությունը», գրել է այդ առթիվ «Լոնգ Բիչ Բուք Էքսզամինըր» պարբերականում Մոնիք Մուրոն: Իսկ «Ռեբեկազ Ռիդսի» գրաքննադատ Քամ Օրեսը նշել է, որ «այս եզակի գործում առկա է «Երազային երկիրը», որի բաղկացուցիչ մասերն են Փարավոնավանը, Ալլահավանը, Սոկրատեսավանը, Նապոլեոնավանը եւ այլն: Իսկ Միացյալ Նահանգները, որպեսին մենք գիտենք, կոչվում է Սատանայավան: Մելիքյանը չափազանց խելամտորեն է գրել մի վեպ, որն արտակարգ է, սովորականից դուրս»:

«Journey to Virginland» գիրքն ու նրա հեղինակը բազմաթիվ այլ դրական գրախոսականների են արժանացել: «Փաբլիշըրզ Ուիքլին» օրինակ գրել է. «Դոկն (գրքի հակահերոսը) ընդդեմ Աստծո: Դոկը խորտակում է արեւմտյան քաղաքակրթության հիմքերը», իսկ «Ֆորուըրդ Ռիվյուզը» նշել է, որ «հրաշալիորեն գրված այս վեպում զարմանահրաշ Մելիքյանն իր ընթերցողին հումորի եւ ողբերգության միջոցով սովորեցնում է աշխարհի եւ մարդկային հարաբերությունների մասին»:

Այդ անվանակարգում երկու մրցանակներից մեկին արժանացած հայազգի հեղինակն իր հերթին հպարտ է, որ հարյուրավոր հատորների շարքում իր վեպն արժանացել է մրցանակի: «Չափազանց ոգեւորիչ է: Ողջունում եմ նման ավանգարդիստական գրական երկին բարձր գնահատական տալու ժյուրիի անդամների որոշումը: Դա խոսում է նրանց լայնախոհության եւ անկողմնակալության մասին»:

Գիրքը կարելի է ստանալ «Բառնես ընդ Նոբլ» (Barnes & Noble), «Ամազոն» (Amazon) եւ Կալիֆոռնիայի այլ գրախանութներից:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4