Ամեն տոն նախօրեին հոգս ու տրամադրության անկում է բերում: Եվ յուրաքանչյուր անգամ զղջում եմ, թե ինչու էի ավագ ընկերներիցս մեկի խոսքին առարկում, երբ նա պնդում էր, թե ամեն տոն, կապ չունի, աշխարհիկ թե հոգեւոր, միեւնույն է, բիզնեսի է վերածվում: Ցավալի է, բայց այդպես էՙ Ամանոր կլինի, Մարտի 8, Սբ Ծնունդ, թե Զատիկ, միեւնույն է: Տոնից մեկ շաբաթ առաջ սկսվում է առեւտրային իրարանցումը. պատկերը հուսահատեցնող է, որովհետեւ տարիներն անցնում, բայց հայ առեւտրականի աչքը չի կշտանում, չի դաստիարակվում: Դրսում այդպես չէ, քաղաքակիրթ երկրներում այդ օրերին ճիշտ հակառակն է, անհրաժեշտ բնամթերքների գները գրեթե կրկնակի զեղչվում են:
Սբ Հարության օրըՙ քրիստոնյա աշխարհի սրբազան տոնը, որքան էլ հոգեւոր, միեւնույն է, ենթարկվում է աշխարհիկ օրենքներինՙ նյութականացված-սեղանային ուտեստների տեսքով, որոնք, իհարկե, որոշակի խորհրդանիշեր են (ցավոք, հոգեւոր կյանքի որեւէ ճշմարիտ հունդ իրենց մեջ չկրողները, երբ փորձում են ինչ-որ ավանդույթների, խորհուրդների հետեւել կամ եկեղեցու ծեսերին մասնակցել, շատ հաճախ դա վերածում են զավեշտիՙ հատուկ ի ցույց անելով կամ անտեղի թմբկահարելով):
Եվ ահա բիզնեսի հոգեբանությունը ծաղկում է հենց այս խորհրդանիշերի վրաՙ նվերի, թե ուտեստի տեսքով: Այս օրերին ամենապահանջարկով բնամթերքները (ներկանյութ, ձու, ձուկ, չամիչ, բրինձ, կանաչեղեն), սկսում են գնային հերթական «կամակոր» խաղը, ամեն անգամ դրանցից մեկը ավելի առաջ է անցնում: Այս տարի այդ պատվին արժանացավ կանաչեղենը: Տեսեք, ինչ է կատարվում շուկաներում: Չնայած եղանակը տաք է եւ ոչ բարենպաստ կանաչի վաճառողների համար, միեւնույն էՙ անգամ երեկոյան, արդեն թոշնած ու սեւացած կանաչին գինը չի գցում: Թարխունի չգնված-մնացած կապերըՙ արկղերում իրար վրա սեւացած-շարված, երբ առավոտյան այլեւս պիտանի չեն լինելու եւ դեն են նետվելու, 100 դրամից չեն իջնում, ավելի թարմերըՙ 120-130 դրամ է (կրկնակի թանկացված): Արդյոք առեւտրի այս մոտեցումը շահեկա՞ն է: Քանի արկղ կանաչի է դեն նետվում. շատերը ի վիճակի չեն գնելու, կամ էլ սիմվոլիկ գնումներ են անելու: Մտածել է պետք: Թեպետ իրենք իրենց հաշիվներն ավելի լավ գիտեն:
Ափսո՜ս, ամենագեղեցիկ խորհուրդները, գաղափարները մեզանում միշտ այսպես ստվերվում ենՙ դեմ առնելով առուծախի գծուծ հոգեբանությանը:
Մ. ԲԱԴԱԼՅԱՆ