«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#61, 2012-04-05 | #62, 2012-04-06 | #63, 2012-04-07


ԵԹԵ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀՅՈՒՊԱՏՈՍԱՐԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ԼԿՏԻՈՒԹՅՈՒՆ ՉԷ, ԱՊԱ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ Է

Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսարանը հանդես է եկել «բարեկամական հարաբերություններ» նախաձեռնությամբ: Խոսքը, անշուշտ, հայերի եւ թուրքերի բարեկամության մասին է, իսկ նպատակըՙ «կանխակալ մոտեցումների հաղթահարում»: Կանխակալությունը վերաբերում է Հայոց ցեղասպանությանը, հաղթահարումն էլՙ ամերիկահայ համայնքի ցեղասպանության ճանաչման, այսինքնՙ «հակաթուրքական» գործունեությանը:

Նշելով այդ մասին ապրիլի 5-ի համարումՙ Timeturk.com-ը գրում է, որ հյուպատոսարանիՙ մեկ առ մեկ դիմելու միջոցով հայերի հետ անձնական կապեր հաստատելու փորձերը վրդովեցրել են հայկական սփյուռքին: Այս կայքէջն, իհարկե, չի հիշատակում փետրվարի 26-ին Ստամբուլում Խոջալուի «կոտորածի» այսպես կոչված ոգեկոչման հանրահավաքի մասին:

Հիշեցնենք, որ հանրահավաքին շուրջ 100 հազար մարդ էր մասնակցել: Մասնակիցները բարձրացրել էին «Բոլորդ հայ եք, բոլորդ վիժվածք» մակագրությամբ ցուցապաստառներ: Նրանց զգալի մասը, հիանալով Օգյուն Սամասթով, սպիտակ գույնի բերետ էր հագել, որն իր գլխին Հրանտ Դինքին սպանելու պահին դրել էր մարդասպանը: Ընդ որումՙ այս հանրահավաքը կազմակերպվել էր պետականորեն: Ավելին, հայերին անարգող եւ մարդասպանով հիացող 100-հազարանոց ոհմակի առջեւ Էրդողանի կառավարության կարգադրությամբ, ելույթ էր ունեցել Թուրքիայի ներքին գործերի նախարարը:

Հյուպատոսարանները պետության օտարերկրյա ներկայացուցիչներն են: Եթե թուրքական պետությունը հայերին վիժվածք անվանելու համար հանրահավաք է կազմակերպում Ստամբուլում, իսկ Լոս Անջելեսում նրա ներկայացուցչությունը հանդես է գալիս «հայերի հետ բարեկամանալու» նախաձեռնությամբ, կնշանակի այդ պետությանը խորթ է ազգային արժանապատվությունը, նրա հյուպատոսարանը լկտի կամ էլ վիժվածքը 100-հազարանոց այն խառնամբոխն է, որը սպիտակ բերետով շտապել է հանրահավաք:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4