«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#61, 2012-04-05 | #62, 2012-04-06 | #63, 2012-04-07


ԻՐԱՆԸ ՇՓՈԹՄՈՒՆՔԻ Է ՄԱՏՆՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

Վարչապետ Էրդողանը ոչ մի կերպ չի հաշտվում բանակցությունները Ստամբուլից Բաղդադ կամ Դամասկոս տեղափոխելու մտքի հետ

«Սիրիայի բարեկամների» հանդիպումը ապրիլի 1-ին տեղի էր ունեցել Ստամբուլում: Նախապես որոշված էր, որ ապրիլի 13-ին էլ Ստամբուլում անցկացվեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ ԱՄՆ-ի, Անգլիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ Չինաստանի, ինչպես նաեւՙ Գերմանիայի հետ Իրանի բանակցությունները:

Մինչ Թուրքիան այս երկու միջոցառումներով ԱՄՆ-ին ընդառաջելու եւ Եվրոմիության աչքին սիրունատես երեւալու միջոցով Մերձավոր եւ Միջին Արեւելքում առանցքային դերակատարում ստանձնելու հաշվարկներ էր անում, որ հագուրդ տա տարածաշրջանային գերտերության իր հավակնություններին, «Սիրիայի բարեկամների» հանդիպումը ձախողված համարվեց տարածաշրջանում: Այնուհետեւ հանդիպմանը բուռն հակազդեցությամբ արձագանքող Իրանի Իսլամական Հանրապետությունը, որպես բանակցությունների վայր, կասկածի տակ դրեց Ստամբուլի նպատակահարմարությունը:

Այս մոտեցումը, ըստ ամենայնի, պետք է պայմանավորված լինի «Սիրիայի բարեկամների» ստամբուլյան հանդիպման արդյունքներով, որովհետեւ մեծ տերությունների հետ բանակցությունները Ստամբուլում վարելու առաջարկը հենց իրանական կողմն էր ներկայացրել: Ինչպես երեւում է, Թուրքիայի խնդիրը սոսկ իրանական կողմի մերժումը չէ, այլ Ստամբուլի փոխարեն նախ Բաղդադի ու Պեկինի, ապա եւ Դամասկոսի առաջադրումը:

Դա արել է Իրանի Իսլամական Մեջլիսի ազգային անվտանգության եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ալաադդին Բորուջերդին: Նա, ինչպես երեկ նշել է «Դունյա բուլթենի» կայքէջը, ասել էր, որ բանակցությունների համար ամենահարմարը Բաղդադն է, որովհետեւ Իրաքի հարաբերությունները ե՛ւ Իրանի, ե՛ւ բանակցող մյուս կողմերի հետ չափազանց լավ են: Բանակցությունները Բաղդադում անցկացնելու առաջարկի մերժման դեպքում առաջադրվում է Դամասկոսը: Այդ ընթացքում ԱՄՆ-ը պնդում է, որ դրանք անցկացվեն Ստամբուլում, իսկ նրա դաշնակիցները առաջարկում են Նորվեգիայի, Շվեյցարիայի կամ էլՙ Ավստրիայի տարբերակը, որին էլ առարկում է իրանական կողմը:

Դամասկոսի տարբերակը, ակնհայտ է, որ ԱՄՆ-ը, Անգլիան, Ֆրանսիան եւ Գերմանիան կմերժեն: Իրանին դա չէր կարող հայտնի չլինել: Հետեւաբար, որպես բանակցությունների վայր, Դամասկոսը առաջադրվել է Բաղդադի տարբերակը ընդունելի դարձնելու համար: Սակայն խնդիրը ոչ այնքան Իրանի հետ բանակցող կողմերն են, այլ Թուրքիայի շփոթմունքը: Ակնհայտ էր, որ Իրանի բանակցությունները ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամների եւ Գերմանիայի հետ Ստամբուլում անցկացնելու պարագայում, Թուրքիան դառնում էր միջնորդ այնպիսի մի հիմնախնդրում, ինչպիսին է ոչ միայն տարածաշրջանի, այլ միջազգային ողջ հանրության ուշադրությունը գրավող Իրանի միջուկային ծրագիրը:

Հիմնախնդրի առանձնակի նշանակությունը հավակնությունները բարելավելու մեծ հնարավորություն էր տալիս Թուրքիային: Ուստի եւ դրա բացթողման հիասթափությունն էլ պետք է մեծ լիներ, ինչը Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուից հետո հնչեց նաեւ վարչապետ Էրդողանի ելույթում: Ահա թե ինչ ասաց Թուրքիայի վարչապետը. «Ներկա պահին, որպես բանակցությունների վայր, շրջանառվող Դամասկոսի կամ Բաղդադի տարբերակի առաջադրումը նշանակում է խոսքը կտուր գցել: Ասել, որ դրանք թող տեղի չունենան: Ի վերջո, առաջարկող կողմը քաջ գիտի, որ մյուսները Դամասկոս չեն մեկնի, Բաղդադՙ նմանապես: Այդպիսի առաջարկ են անում, որ ասեն. «Մենք Դամասկոսն ենք առաջարկել, Բաղդադն էլ»: Պետք է ազնիվ լինել: Դիվանագիտության լեզուն սա չէ: Դա բոլորովին այլ է: Բայց այդ լեզվով խոսելն ինձ վայել չեմ համարում: Չգիտեմ, առաջարկն անձամբ ով է արել, բայց պետք է ասեմ, որ մենք բանակցությունները Ստամբուլում կազմակերպելու միջոցով հեղինակություն ձեռք բերելու մտադրություն բոլորովին չենք ունեցել: Պարզապես դրանով մեզ հետ կշահեր նաեւ Իրանը»:

Հ. ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4