Իսկ Պուտինը հնարավոր է, որ «ձեռք ջարդի»
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի` Հայաստան այցելությունը, ըստ երեկ ասուլիս հրավիրած Ռիչարդ Կիրակոսյանի, ուներ երեք նպատակ: «Նախ, Լավրովն իր այցելությամբ ընգծեց, որ Պուտինի վերադարձի պարագայում էլ Հայաստանը Ռուսաստանի համար կարեւորություն է ներկայացնում, եւ առհասարակ, Հայաստանի ռազմավարական նշանակությունն է մեծացել Ռուսաստանի համար: Հետո, այն, որ որոշակիորեն փոփոխություններ է կրելու Ռուսաստանի քաղաքականությունը տարածաշրջանում, եւ վերջապես, Լավրովի այցը նաեւ զննելու նպատակ ուներ Հայաստանի խորհրդարանական ընտրություններից մեկ ամիս առաջ», ասաց Կիրակոսյանը:
Որ Հայաստանի ռազմավարական նշանակությունը աճել է Ռուսաստանի համար, Կիրակոսյանը հիմնավորում է հետեւյալ կերպ. «Հայաստանը մեծ ընդգրկվածություն ունի ԵՄ ծրագրերում եւ «Արեւելյան գործընկերության» շրջանակներում, բացի սրանից, նախարար Սեյրան Օհանյանի օրոք Հայաստանը ավելի է խորացնում համագործակցությունն ու հարաբերությունների մակարդակը Պենտագոնի ու Արեւմուտքի հետ»:
Տարածաշրջանում էլ ռուսական քաղաքականության հավանական փոփոխությունները հնարավոր են, երբ «ագրեսիվ ոճով» Պուտինը ձեռնամուխ լինի իր Եվրասիական միություն ստեղծելու ծրագրի իրագործմանը:
Այս առումով Կիրակոսյանն ընդգծում է. «Հայաստանը, սակայն, պետք է նայի իր ապագային, այլ ոչ թե սովետական անցյալին»: Իսկ Պուտինի հնարավոր ճնշման արդյունավետությունը Կիրակոսյանը բացառում է, ընդգծելով. «Գալիք խորհրդարանական ընտրությունները Հայաստանի համար կարեւոր են ռազմավարական նշանակության մակարդակի բարձրացման համար»: Ստացվում է, որ հնարավորինս ազնիվ, արդար ընտրություններ կազմակերպելով, Հայաստանը, ռազամավարական առումով, առավել կարեւորված կհամարվի Արեւմուտքի համար, ինչը լրջորեն կհակազդի «պուտինյան հնարավոր ճնշումներին»: Այս առումով, Կիրակոսյանը ամենեւին էլ պատահականորեն չընդգծեց. «Ռուսաստանի համար առավել կարեւոր է Հայաստանի կայունությունը, քան ժողովրդավարությունը»: Թերեւս հենց այս` «կայունության զննումով» էլ նաեւ զբաղված է եղել նախարար Լավրովը Երեւանում: Կիրակոսյանն ընդգծում է. «Լավրովը թողեց Հայաստանին մեսիջ, որ Ռուսաստանը Հայաստանին պետք է վերաբերվի որպես հավասար գործընկերոջ: Ու, առհասարակ, Ռուսաստանը Թուրքիայի նման է. հարգում է Հայաստանին, երբ վերջինս ուժեղ է»: Հավելենք միայն, որ Ռուսաստանը կարող է Հայաստանի նկատմամբ հարգանքի իմիտացիա խաղալ նաեւ այն ժամանակ, երբ Հայաստանում իրեն ամենեւին էլ պետք չէ, որ «ժողովրդավարությունը» առավել կարեւորվի «կայունությունից»:
ԼՂ հիմնահարցումՙ Մինսկի խմբի շրջանակներում ՌԴ միջնորդական դիրքերը, ըստ Կիրակոսյանի, Պուտին նախագահը չի նվազեցնի. «Բայց կլինեն կտրուկ փոփոխություններ: Նախագահ Մեդվեդեւը շատ համբերատար էր եւ իր անձնական ժամանակն էր ներդնում գործընթացում: Եթե նախագահ Մեդվեդեւը սեղմում էր նախագահներ Սարգսյանի ու Ալիեւի ձեռքերը, ապա Պուտին նախագահը կփորձի ոչ թե սեղմել, այլ «ջարդել» նախագահների ձեռքերը, սակայն դա, անշուշտ, չի ստացվի», վստահեցրեց Կիրակոսյանը: Իսկ թե ինչո՞ւՙ Կիրակոսյանն ունի հետեւյալ պատասխանը.«Որովհետեւ Պուտինը այդքան էլ լավ հարաբերություններ չունի երկու կողմերում էլ...»: Որ Պուտինն ու առհասարակ Ռուսաստանը վերջին ժամանակներում հատկապես ոչ լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, հասկանալի ու տեսանելի է, բայց, թե ինչո՞ւ եւ ի՞նչ կերպ են արտահայտվում Պուտինի «այնքան էլ լավ հարաբերություններ չունենալը» հայկական կողմերի հետ, մնում է ենթադրել. ու առաջինն, ինչ առաջանում է հայաստանյան ներքին, նախընտրական շրջանում` «կայունության» եւ «ժողովրդավարության» պայքարն է, ընդ որում, ամենեւին էլ ոչ իշխանության եւ ընդդիմության միջեւ:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ